Ամանորի դիմակահանդեսի պլան-ծրագիր

Ամանորի դիմակահանդեսի պլան-ծրագիր

1. Տոնական երաժշտություն, պար /պարահանդեսային/, որի ժամանակ պետք է հնչի Պ. Սևակի «Արի’, Նոր տարի» բանաստեղծությունը:

 

2. Ամանորի և Սբ Ծննդյան ողջույնի խոսք տնօրենի, ուսմասվարի կամ որևէ ուսուցչի կողմից:


3. Երեկոն վարող երկու աշակերտներ /աղջիկ, տղա/, շնորհավորելով Ամանորը և Սբ Ծնունդը, փոխադարձաբար ներկայացնում են դիմակահանդեսի ծրագիրը:


4. Հայտարարվում է դիմակահանդեսին հրավիրված մրցույթները գնահատող ժյուրիի կազմը:


5. Հայտարավում է լավագույն ասմունքողի մրցույթ, որին կմասնակցեն բոլոր բարձր դասարաններից մեկ կամ երկու աշակերտներ: Ասմունքից առաջ հաղորդավարները ներկայացնում են խոսքի արժեքը` մարդ-մարդ հաղորդակցության մեջ:


6. Պարային երաժշտություն, որի ընթացքում կարելի է ներկայացնել շնորհավորական քառատողեր կամ խոսք /հաղորդավարները պարի ընթացքում մոտենում են մասնակիցներին/:


7. Ժյուրին հայտարարում է 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակակիր լավագույն ասմունքողի անունները և հանձնվում նվերներ:


8. Հայտարարվում է ազգային և պարահանդեսային պարերի լավագույն պարազույգի մրցույթ /նախապես ներկայացնել պարի դերը մարդու կյանքում և ազգային մշակույթում, հատված Գևորգ Էմինի «Սասնա պար» բանաստեղծությունից/:


9. Մինչ ժյուրին կամփոփի արդյունքները, կհնչի երգ:


10. Ժյուրին հայտարարում է լավագույն պարողների անունները:


11. Հաղորդավարները շեշտում են հումորի դաստիարակիչ դերը և հայտարաում լավագույն հումորի, Սբ Ծննդյան մաղթանքի, «Նամակ ապագային» նամակի միցույթ /յուրաքանչյուր դասարան հումորը կարող է ներկայացնել էտյուդի ձևով/:


12. Պարային երաժշտություն /պարում են բոլորը/:


13. Մափոփվում են մրցույթի արդյունքները և հաղթողներին հանձնվում նվերներ:


14. Հայտարավում է լավագույն երգիչ-կատարողի մրցույթ /հայ մարդը երգով կռվել է, երգով իր մանկանը օրոր ասել և վշտի պահին անգամ երգն անբաժան է եղել հայից/:


15. Ժյուրին ամփոփում է արդյունքներ և հանձնում մրցանակներ լավագույն երգիչ-կատարողներին:
16. Պ. Սևակի «Հանեցե’ք դիմակները» բանաստեղծությունից հատված:


17. Հաղորդավարները հայտարարում են դիմակահանդեսի վերջին մրույթը` լավագույն դիմակահանդեսային դիմակների և կոստյումների միցույթ:


18. Ամփոփվում են արդյունքները` հաղթողներին տրվում են մրցանակներ:


19. Մրցանակներ են տրվում նաև դիմակահանդեսի ամենաակտիվ և ամենապասսիվ մասնակիցներին /այս մասին բարձրաձայն չի հայտարարվում կազմակերպիչների և հաղորդավարների կողմից:


20. Հնչում է «Դիմակահանդես» ֆիլմից Ա. Խաչատրյանի վալսի երաժշտությունը, որի ավարտին ասմունքում են Մետաքսեի «Նոր տարի» բանաստեղծությունը:

 

Լրացուցիչ


Մրցույթների հաղթողներին մրցանակներ տալու համար մասնակիցները կարող են գնել դիմակահադեսի մասնակցության տոմս` խորհրդանշական գումարով:

 

*Պարե’ք, հայեր, դուք դեռ երազ ունեք կատարելու,
Վրեժ ունք պատմությունից դեռ հանելու,
Պարե’ք, մինչև ողջ հայերին դուք ամբարեք
Եվ այս պարը Մասիս սարի լանջին պարեք:

 


Պլան-ծրագիրը կազմեց` ՔԴԿ Էջմիածնի տարածաշրջանի պատասխանատու Գյուլնազ Գրիգորյանը

Միջոցառմանն օգնող բանաստեղծական հատվածներ



1.
Հրաժեշտի ու հանդիպման
Երանելի մի ակնթարթ,
Զընգ, զընգ, ծոր է տալիս
Ժամացույցի սլաքն հպարտ:
Սեղանների վրա թողած
Իր օրհնությունն ու իր բարին`
Հարազատի հոժարությամբ
Հեռանում է հոգնած տարին:

 


2.
Ծառեն մանյակ, ծառեն ժանյակ,
Ծառեն սոխակ կախեցեք,
Ծառեն թելեր, ծառեն մոմեր,
Ծառեն լույսեր կախեցեք:
Ծառեն ծաղիկ ու խաղալիք,
Ծառեն պերճանք ու զարդարանք,
Ծառեն խաբկանք, ծառեն պատրանք
Ու երազներ կախեցեք:

 


3.
Աշխարհին մանկան մաքրություն է պետք,
Եվ հենց այն մանկան,
Որին ամեն օր աշխարհ են բերում
Նաև աշխարհի անմաքուրները,
Քանզի աշխարհին մանկան մաքրություն է պետք:

 


4.
Արի’, Նոր տարի,
Ե’կ ու ազատի մեզ հոգս ու ցավից,
Օգնի’ր մեզ զատել միշտ վատը լավից,
Թև ու թռիչք տուր մեր նորոգ հույսին,
Դարձի’ր խնդություն ու ակունք լույսի,
Վհատությունը մեր սրտից վանիր,
Խավարը ցրիր, լույս շատրվանիր,
Որ քո ընթացքը և ոչ մի չար ուժ
Թող չխաթարի:
Արի’, Նոր տարի:

 


5.
Թո’ղ օրհնյալ լինի հացը սեղանի,
Ջուրը աղբյուրի թո’ղ օրհնյալ լինի,
Թո’ղ օրհնյալ լինի պտուղը ծառի,
Թո’ղ օրհնյալ լինի ծնունդը բարի,
Թո’ղ օրհնությունը ուղեկցի միշտ ձեզ
Մեր ծնողների շուրթերից անտես:

 


6.
Ուրախանա’նք Նոր տարվ հետ ,
Նոր տարվա հետ նորանալով,
Խաղաղություն մաղթե’նք հողին,
Մաղթենք ամեն սար ու ձորին,
Բողբոջներին` բացվելու բախտ
Եվ ծիլերին` հասկավորում:
Սիրողներին մաքուր սիրո
Հավատ մաղթենք մի հաստատուն,
Իմաստունին կորով մաղթենք
Եվ կտրիճին` իմաստություն:
Բոլոր մարդկանց մաղթենք իրար
Ջերմացնող մի ջերմություն:

 

  • 2021-12-11
×