«Քանզի նրանց հրեշտակներն ամեն օր տեսնում են երեսն իմ հոր»։

«Քանզի նրանց հրեշտակներն ամեն օր տեսնում են երեսն իմ հոր»։

Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Գաբրիել և Միքայել հրեշտակապետերի և երկնային զորքերի տոնը, և մենք ուխտավորաբար Սուրբ և Անմահ Պատարագ ենք մատուցում Հրեշտակապետաց այս Սուրբ եկեղեցում, որի համար փառք և գոհունակություն ենք վերառաքում Աստծուն։ Այսօր Սուրբ պատարագի ընթացքում ընթերցվեց Ավետարանից մի հատված, որտեղ մեր Տեր Հիսուս Քրիստոս նախապես զգուշացնում է փոքրիկներին գայթակղեցնողներին` ասելով, որ նրանց հրեշտակներն ամեն օր տեսնում են երեսն իմ հոր։ Հրեշտակներն՝ իբրև սպասավորներ, ամեն օր անտրտունջ և անշահախնդիր ծառայում են Աստծուն և պահպանում են մեր հոգևոր անդորրն ու անվրդով կյանքը, սակայն մենք ինչքանո՞վ ենք կարողանում հասկանալ նրանց կատարած ծառայության արժեքն ու կարևորությունը, դա կախված է մեր ունեցած հոգևոր պատրաստվածությունից։ Սուրբ Գրքից մենք տեղեկանում ենք Աստծո անսպառ սիրո մասին և այդ սիրո արդյունքում Նրա ողորմության և գթառատությանն ենք հանդիպում ամենուրեք, բայց ինչպես գիտենք՝ Աստծո սիրո բարձրակետն է համարվում Իր Միածին Որդու՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի, աշխարհ գալն ու երկրային կյանքի ընթացքում Իր կատարած ծառայություններն ու, ի վերջո, խաչելությունն ու հարությունը։ Մեր Տերը պատգամ թողեց մեզ միմյանց ծառայելու` ասելով՝ ով ձեզանից մեծն է թող ձեր սպասավորը լինի, ինչպես որ դուք ինձ Տեր եք անվանում, բայց ես ձեր մեջ եմ՝ իբրև սպասավոր, այդպես էլ դուք եղեք միմյանց նկատմամբ։ Ծառայասիրությունը սիրո և խոնարհության ապացույցներն են մեր կյանքում, ինչպես Քրիստոս ասաց ինձանից սովորեք, որ սրտով հեզ եմ և հոգով խոնարհ, այդպես նաև մենք պետք է հեզության ու խոնարհության մեջ հաստատված լինելով՝ սիրենք միմյանց, ու այդ սիրո արդյունքում կծնվի միմյանց ծառայելու, միմյանց սպասավորելու բարձրագույն մտածելակերպը։

Եկեղեցու հայրերի կենցաղավարությունից մենք սովորում ենք ծառայասիրության, հնազանդության և խոնարհության բազմաթիվ դասեր, որոնց շնորհիվ կարողանում ենք ճշմարտապես ծառայել Աստծուն և միմյանց։ Պատմում են, որ մի մարդ գնում է անապատ՝ ճգնավորներից մեկի մոտ, և ցանկություն հայտնում աշակերտել նրան: Այս ճգնավորը տալիս է իր համաձայնությունն ու արդեն իր աշակերտը դարձած՝ ասում է՝ ամեն օր կջրես այս չոր ճյուղը, որը մրգատու ծառից էր կտրվել։ Աշակերտն ամեն օր ջրում է այս ճյուղը, ու քանի որ ջուրը շատ հեռու էր, նա օրվա մեջ ընդամենը մեկ անգամ է կարողանում ջուր բերել և այսպես երկու տարի ամեն օր այս ճյուղը ջրում է, և, ի զարմանս բոլորի, ճյուղը կանաչում, ծաղկում և պտուղ է տալիս, ու այն բաժանվում է բոլոր վանականներին՝ իբրև հնազանդության և ծառայասիրության քաղցր պտուղ։ Անկեղծ ծառայության մեջ մտնելու համար անհրաժետ է խոնարհեցնել անձը և սիրել նրան, ում առաջ խոնարհեցնում ես քեզ։ Այսօր մենք ամենքս՝ թե՛ աշխարհական, թե՛ հոգևորական, սպասավորում ենք ինչ-որ նպատակի համար ու այդ սպասավորության մեջ, եթե մենք սեր ու խոնարհություն չենք դնում, ապա դառնում ենք մեր կատարած ծառայության ստրուկը, քանի որ այն դառնում է պարտադրանք և դրանով մեր կատարած ծառայությունը վերածվում է աշխատանքի՝ չսիրված աշխատանքի։ Ուրեմն մենք՝ իբրև քրիստոնյա ժողովուրդ, որ լավ գիտենք Աստծո կամքը, լինենք ու մնանք մեր պատկերի ու նմանությանը հավատարիմ։ Հրեշտակները չունեն Աստծո պատկերն ու նմանությունը, բայց սիրով և խոնարհությամբ կատարում են իրենց ծառայությունը: Մենք ունենք Աստծո պատկերն ու նմանությունը, բայց շատ հաճախ ծուլանում ենք մեր ծառայասիրության մեջ. միմյանց նկատմամբ ունեցած սիրո և հավատարմության մեջ։

Քրիստոս ասում է.«Եթե մեկն ասի, թե սիրում է Աստծուն և ատի եղբորը` սուտ է խոսում։ Ով չի սիրում եղբորը, որին տեսնում է՝ ինչպես կարող է սիրել Աստծուն, որին չի տեսնում»։ Միմյանց նկատմամբ ունեցած կատարյալ սիրո միջոցով կարող ենք փաստել, որ Աստծուն սիրում ենք, և այդ սիրո արդյունքում կատարված սպասավորությունն էլ կփաստի Աստծո պատկերի ու նմանության մեջ հավատարիմ մնալը։

Պաշտոն, պաշտել բառը գրաբարից թարգմանաբար նշանակում է ծառա, ծառայել, ուստի յուրաքանչյուր պաշտոնյա կոչված է ծառայելու իր ժողովրդին և ոչ թե ծառայություն ընդունելու նրանից, քանի որ Ավետարանում ասվում է՝ ում շատ տրվեց, նրանից շատ էլ պահանջվելու է. մեզ տրվածին համապատասխան կարողանանք ծառայել Աստծո փառքի և ժողովրդի ապահովության համար։

Մեր Տեր Հիսուս Քրիստոս երբ խոսում էր Երկնքի Արքայության ու այն ժառանգողների մասին նրանց երկու մասի էր բաժանում՝ գառներ և այծեր։ Գառներին դիմելով ասում էր՝ եկեք իմ Հոր օրհնյալներ, եկեք և բազմեք իմ աջ կողմում, քանի որ տեսաք ինձ սոված և հաց տվեցիք, ծարավ և ջուր տվեցիք, մերկ և հագցրեցիք, հիվանդ և այցի եկաք, բանտում և տեսության եկաք, եկեք և ժառանգեցեք ձեզ համար պատրաստված Արքայությունը, և գառները պետք է ասեն՝ ե՞րբ տեսանք այդ ամենի մեջ ու ծառայեցինք, իսկ Տերն ասում է՝ երբ այս փոքրիկներից մեկին արեցիք, ուրեմն ինձ արեցիք: Իսկ այծերին պետք է ասի՝ եկեք անիծյալներ, եկեք իմ ձախ կողմը, քանի որ տեսաք ինձ սոված, ծարավ, մերկ, հիվանդ, բանտում և չծառայեցիք ինձ, իսկ նրանք էլ պետք է պատասխանեն՝ ե՞րբ տեսանք քեզ այդ բոլոր կարիքների մեջ ու չծառայեցինք քեզ Տեր, և Տերը պետք է պատասխանի՝ քանի որ այդ փոքրիկներից մեկին չարեցիք, ուրեմն ինձ չարեցիք։ Գնացեք և այրվեցեք հավիտենական կրակներում։ Այստեղ հստակորեն երևում է ծառայասիրության համար խոստացված պարգևների իրական լինելը, և երևում է նաև փոքրիկների համար գայթակղություն դարձածների համար սպասվող դատապարտությունը։

Գաբրիել հրեշտակապետը Աստծո պատգամները մարդկանց մշտական փոխանցողը եղավ, Միքայել հրեշտակապետը՝ Աստծո ժողովրդի մշտական պաշտպանը, ուրեմն մենք էլ կարողանանք օրինակ վերցնել նրանցից և մեր ծառայության մեջ հասնելով կատարելության` փոխանցենք Աստծո խոսքը՝ իբրև պատգամ և պաշտպանենք դեպի Աստված եկող մեր ժողովրդին։ Այսօր դիմելով հրեշտակապետերին և երկնային ողջ զորքերին՝ աղոթենք Սուրբ Կիպրիանոսի հետ և ասենք. «Անեղ, անմահ արարչին սպասավորք անմարմինք` վերին զօրացն դասապետութիւնք, Աթոռք, Քերովբէք եւ Սերովբէք, Տէրութիւնք, Զօրութիւնք եւ Իշխանութիւնք, Պետութիւնք, Հրեշտակապետք եւ հրեշտակք, Միքայէլ եւ Գաբրիէլ, պետք վերնական զօրացն դասուց, որք անլռելի ձայնիւ փառաբանութիւն մատուցանէք Ամենասուրբ Երրորդութեանն, եւ երեքսրբեան ձայնիւ եղանակէք զերգս ասելով. Ողորմեա, դու ստեղծեր մի կորուսաներ. զգործս ձեռաց քոց մի անտես առներ, օգնական եւ պահապան լերուք ծառայիս Աստուծո. ամէն։
Շնորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ և ընդ մեզ և ընդ ամենեսեանսդ այժմ եւ միշտ եւ յավիտեանս յավիտենից. Ամեն։


Միքայել քհն. Նուրիջանյան

  • 2021-12-11
×