Հոգևոր անդաստան. Դատավորի կիրակի

Հոգևոր անդաստան. Դատավորի կիրակի

«Տե՛ր Աստված, տու՛ր ինձ համարձակություն` երկնքին նայելու և մեղավոր շուրթերովս փառավորելու քո անունը»: Մեր կյանքը Աստծու անուրանալի պարգևն է, Տիրոջ անսահման սիրո արտահայտությունը: Կյանքը տրվում է մեզ ապրելու ցանկության հետ միաժամանակ:


Կյանքի շարժիչը պահանջմունքների բավարարման ձգտումն է, իսկ յուրաքանչյուր բավարարված ցանկություն  նորն է ծնում: Եվ տարիներով իմաստնացած` Սողոմոն Իմաստունի պես մի օր մենք էլ ենք ասում. «Ունայնություն ունայնությանց»: Նայում ենք մեր շուրջը և մտածում. «Ահա ճաշակեցի երկրային այս բարիքները, ունեցա ինձ անհրաժեշտը, և ի՞նչ»: Պատասխանը չի ուշանում:


 …Գալիս է երկնքին նայելու ժամանակը: Ժամանակը` հասկանալու, որ կյանքը շատ ավելին է, քան պարզապես մեր հողանյութ անձը, որ ապրելու աղբյուրը ապրեցնելու ցանկությունն է: Երջանկության բանաձևը քրիստոնյայի համար դառնում է հետևյալը` սիրել, սիրվել, արարել և չկորցնել Աստծու պատկերը:


Իսկ Աստծուն տեսնում ենք ամեն օր` լուսաբացից մինչ լուսաբաց` ճանաչելով ու սիրելով Նրա ստեղծած աշխարհը: Աստված շատ ավելին է, քան պարզապես բարին: Աստված այն քաղցրաբուխ աղբյուրն է, որի յուրաքանչյուր «կումից» հետո ավելի ենք «ծարավում»: Եվ պահանջը` խոսել Աստծո հետ, դառնում է կյանքի ամենահուսալի հենակետը, որը երբևէ չի խարխլվում: Իսկ Աստծո հետ խոսելու լեզուն աղոթքն է: Կյանքի իմաստը միայն իմաստ որոնելու մեջ չէ: Կյանքն իսկապես իմաստ ունի, և այն Աստված է:


Աղոթքի կանգնելիս չշատախոսենք, այլ խնդրենք Տիրոջից հավիտենական արքայությունը, իսկ այս երկրում մեզ անհրաժեշտը կտրվի մեզ ձրիաբար: Աղոթքը հոգու շունչն է: Շարունակ մաքրե՛նք մեր հոգին, որպեսզի Սուրբ Հոգին Իր շնորհներով չխորշի բնակություն հաստատել մեր անձերում: «Մոտեցե՛ք Աստծուն, և Նա կմոտենա՛ ձեզ»,- ասում է Հակոբոս առաքյալը (Հակոբոս Դ 8): «Արթո՛ւն մնացեք և աղոթեցե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք» (Մատթեոս ԻԶ 41)


Մի վանականի հարցնում են. «Ի՞նչ եք անում այնտեղ` վանքում»: Նա պատասխանում է. «Ընկնում ենք ու վեր կենում, ընկնում ու վեր կենում, ընկնում ու նորից վեր կենում»: Քրիստոնյայի կյանքը մի անվերջ ճանապարհ է` անկախ նրա ֆիզիկական տեղաշարժերից: Մեր կյանքը շարունակ վեր կենալու արվեստ է: Աստված, Ով Իր Միածին Որդու միջոցով ազատագրեց մեզ Օրենքի իշխանությունից և շնորհի արժանացրեց, մեզանից ողջակեզներ չի ցանկանում, այլ ուզում է միայն մեր սրտի «ողջակեզը»` անկեղծ աղոթքի «զոհասեղանին»: Աստծուն ավելի հաճելի է մեր աղոթքը, քան զոհ մատուցելը:
Աղոթքի մասին մեր այս մտորումները պայմանավորված են օրվա խորհրդով: Մեծ պահքի հինգերորդ կիրակին կրում է «Դատավորի» անվանումը: …«Ամեն ժամ պետք է աղոթել ու չձանձրանալ»,- հորդորում է Հիսուս Իր շուրջը հավաքվածներին և այնուհետև պատմում անիրավ դատավորի ու այրի կնոջ առակը: Դատավորը, ով «ոչ Աստծուց էր վախենում և ոչ էլ մարդկանցից ամաչում», ի վերջո տեղի տալիս այրի կնոջ խնդրանքներին և տեսնում նրա դատը: «Որպեսզի անընդհատ չգա և ինձ չձանձրացնի»,- իր մտքում ասում էր դատավորը: Եվ եթե դատավորը, ով պարզապես մի մարդ էր, ընդ որում` անիրավ մարդ, լսեց այրի կնոջ խնդրանքը և կատարեց, «Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են. և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի»  (Ղուկաս ԺԸ 7-8):


Աղոթքով մենք մեր ներկայությունն ենք հաստատում Աստծո առջև: Չնայած Աստված  գիտի, թե մեզ ինչ է անհրաժեշտ, այդուհանդերձ, այս հանգամանքը չի նվազեցնում աղոթքի կարևորությունը, որովհետև Տերը գիտի նաև, որ մեզ անհրաժեշտ է աղոթել: Աղոթելու կարողությունը Աստծուց տրված շնորհ է: «Մինչև հիմա իմ անունով ոչինչ չխնդրեցիք. խնդրեցեք և պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը լիակատար լինի»,- իրեն հավատացողներին ասում է Հիսուս: Աղոթքը հոգևոր սնունդ է, որով սնվում է նաև մեր մարմինը: Աղոթքը ուժ է, որը պետք է գտնենք ինքներս մեր մեջ ու դրանով զորանանք: Ինքնին աղոթք է ազնիվ աշխատանքը: Աղոթքն այն շաղախն է, որով ամրանում է մեր հավատի շենքը: Իսկ հավատալ` նշանակում է հասկանալ: Հակառակ ճանապարհով գնալիս կմոլորվենք: «Հասկանամ, որ հավատամ»-ը Աստծուն մերձենալու ամենաքարքարոտ ճանապարհն է: Աղոթե՛նք հավատով: Աղոթե՛նք Աստծո ներկայությունից չզրկվելու համար և կունենանք բոլոր բարիքները ինչպես այս, այնպես էլ խոստացված աշխարհում:


Եղիշե քահանա ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ

  • 2021-12-11
×