Ավետարանի այս պատգամով է մեր առջև բացվում նոր տարվա դռները՝առաջիկա տարին ապրելու և իմաստավորելու ծառայության ոգով: «Մի մտածեք մեծության մասին,- ասում է Քրիստոս,- քանի որ Ես ձեր սպասավորն եմ, դուք այդ լավ գիտեք, որ Ես եկա ծառայելու, որ դուք էլ ծառայել իմանաք»:
Ահա աստվածային հրավերը ամենքիս առաջիկա տարվա համար: Ո՞րն է այդ հրավերի նպատակը, ո՞ւր է հրավիրում մեզ Քրիստոս... Հրավիրում է այցելելու հիվանդներին, աղքատներին, վշտացյալներին. ահա մեր պարտականությունը առաջիկա տարվա և ողջ կյանքի համար:
Դժվար է պատկերացնել ամանորն առանց շնորհավորանքների: Մենք սովորություն ունենք միմյանց մաղթելու երջանկություն, խաղաղություն, առողջություն և այլն: Խաղաղության և առողջության պարագայում կարծես ամեն ինչ պարզ է, այստեղ մեր բոլորի պատկերացումները համընկնում են, իսկ երջանկության պարագային մենք ունենք տարբեր մոտեցումներ:
Երջանկություն բոլորս էլ փնտրում ենք, սակայն այդ «երջանկություն» մաղթանքի մեջ դնում ենք տարբեր իմաստներ: Երջանկություն ասելով թյուրիմացաբար նկատի ենք ունենում նյութական ապահովությունն ու բարեկեցությունը: Այս դեպքում ընդամենը մաղթանք ենք ուղղում դիմացինին, իսկ մնացածը թողնում ենք Աստծո տնօրինությանը: Չարը ոչ թե վերացրեց երջանկությունն, այլ սահմանափակեց նյութական արժեքներով։
Իրականում երջանկությունն ավելի պահանջկոտ ու խիստ է, և այս դեպքում մեր մաղթած «երջանկությունն» իմաստ ունի, եթե մենք պատրաստ ենք ծառայությամբ կյանքի կոչելու մեր մաղթանքը:
Ես ցանկանում եմ հենց այս երջանկությունը մաղթել ամենքին: Խնդիրը պարզապես երջանկություն մաղթելը չէ, այլ միմյանց երջանկացնելը։ Չէ՞ որ Աստված մեզ ստեղծեց, որպեսզի լինենք երջանիկ և երջանկացնենք մյուսներին, ինչը իրական կդառնա, եթե սովորենք ծառայել միմյանց:
Տ. Եսայի քհն. Արթենյան