Միտրոպոլիտ Անտոն Սուրոժսկի
Հավատ և վստահություն մարդու հանդեպ
Երբ խոսում ենք հավատի մասին, անմիջապես պատկերացնում ենք հավատն առ Աստված: Սակայն գոյություն ունի նաև հավատ մարդու հանդեպ, որը նույնքան խորն է անդրադառնում մեր կյանքի վրա, որքան հավատն առ Աստված: Մարդկային վերափոխման ցանկացած փորձ հիմնված է հենց այդ հավատի վրա: Այդպիսի հավատն այն վստահությունն է, որ չկա որևէ մարդ, ում մեջ գոյություն չունենա անեղծ մարդկային խորություն, չկա այնպիսի մարդ, ում մոտ հնարավոր չլինի արթնացնել բարին, արժանավայելը: Ավետարանում երկու պատմություն է հիշատակվում, որտեղ վառ կերպով արտահայտվում է Քրիստոսի վերաբերմունքը, Նրա հավատը մարդու հանդեպ:
Առաջին պատմությունը Հովհաննու Ավետարանում ենք կարդում: Փրկչի մոտ են բերում մի անառակ կնոջ, ում բռնել էին հանցանքի վայրում, և նրան մեծագույն պատիժ էր սպասվում: Սակայն Քրիստոս չդատեց այդ կնոջը, այլ դատապարտեց միայն վերջինիս արարքը: Տերը չընդունեց նրան որպես անառակի, այլ թափանցելով հոգու խորքը, տեսավ այնտեղ նոր կյանք վերսկսելու հնարավորություն: Քրիստոս բացահայտեց այն սկզբնական մաքրությունը, որը դեռևս չէր մահացել նրանում:
Մյուս պատմությունը Քրիստոսի և Պետրոս առաքյալի խոսակցությանն է վերաբերում, այն բանից հետո, երբ աշակերտը, վախենալով, երեք անգամ ուրացավ Տիրոջը: Քրիստոս առաքյալին չհարցրեց, թե. «Զղջո՞ւմ ես արդյոք, արարքիդ համար», այլ ասաց. «Սիրո՞ւմ ես դու ինձ»: Եվ Պետրոսն ի սրտե պատասխանեց. «Այո՛, Տե՛ր: Ես սիրում եմ Քեզ»: Քրիստոս նրան երեք անգամ է տալիս այդ հարցը: Հանկարծ, գիտակցելով երեք հարցման նշանակությունը Պետրոսն ասում է. «Դու ամեն ինչ գիտես, Տե՛ր: Դու գիտես, որ ես սիրում եմ Քեզ»: Եվ Քրիստոս նրան կրկին ընդունում է իր աշակերտների շարքում:
Մի՞թե մենք կարողանում ենք այդպես վարվել: Մի՞թե կարողանում ենք հավատալ այն մարդուն, ով մեր հանդեպ սխալ է գործել և ասում է. «Այո՛, ես սիրում եմ քեզ: Միգուցե համարձակություն չունեցա և վախեցա: Միգուցե կամքի ուժ չունեի, սակայն միևնույնն է, սիրում եմ քեզ և ամեն ինչ կարելի է նորից սկսել»:Եթե միայն կարողանայինք այդպես վերաբերվել միմյանց: Կարողանայինք հավատալ մեկս մյուսին: Կուրացած չլինեինք մարդկային արարքներից և գործողություններից: Խլացած չլինեինք նրանց խոսքերից, այլ անխոս ներթափանցեինք մարդկային հոգու խորքը, և արթնացնեինք այնտեղ գոյություն ունեցող մարդկայնությունը, հավանական մարդկային մեծությունը:
Հաճախ հարց է տրվում, թե ինչպես վարվել, եթե մարդն ասում է. «Ես անկարող եմ արդարացնել քո վստահությունն ու հավատն իմ հանդեպ. դա իմ ուժերից վեր է»:
Սովորաբար տանջվում ենք այն բանից, որ մեզ չեն հավատում: Մենք զգում ենք, որ ինչ-որ հնարավորություններ ունենք մեր մեջ և որպեսզի դրանք իրականացնենք, անհրաժեշտ է մեզ սիրող և հավատացող բարեկամի օգնությունը, անհրաժեշտ է մարդկային սեր, անհրաժեշտ է, որ մեկն ասի. «Այո՛, մի՛ վախեցիր, դու կարող ես իրականացնել դա»: Սակայն երբեմն էլ լինում է այնպես, որ սկսում ենք երկմտել. «Իսկ եթե չարդարացնե՞մ այդ վստահությունը… եթե ինձ մոտ ոչինչ չստացվի, ի՞նչ կլինի այդ ժամանակ: Մի՞թե ես վերջնականապես կկորցնեմ վստահությունը, հարգանքը և սերը այն բոլոր մարդկանց, ովքեր հույսեր էին կապում ինձ հետ»: Եվ սա շատ հաճախ խանգարում է մարդուն: Սակայն ավելի հաճախ խանգարում է, երբ որևէ մեկն իր վստահությունը մեզ տալով` կարծես, մեզնից անհավանական մի բան է սպասում, հաշվի չառնելով, որ դու սովորական մարդ ես:
Այդ պատճառով յուրաքանչյուր ոք պետք է խիստ գիտակից կերպով իր վստահությունն ու հավատը ցուցաբերի դիմացինի հանդեպ: Երբ մենք սկսում ենք ուսումնասիրել որևէ գիտություն, կարդում ենք ինչ-որ գիրք, զբաղվում ենք որևէ գործով, այդ ժամանակ ենք միայն տեսնում, թե ինչքան բան կարող ենք անել, և որտեղ են վերջանում մեր հնարավորությունները: Սակայն սկսել` միանշանակ պարտավոր ենք: Եվ չպետք է վախենալ այն պահից, երբ մեր հնարավորությունները կսպառվեն, քանի որ վստահությունը, որը տրվում է մեզ, հավատը, որը դրվում է մեր մեջ, վերաբերում է ոչ թե նրան, որ մենք իրականացնենք այն բոլոր հնարավորությունները, որոնք տրված են մարդուն առհասարակ, այլ որպեսզի դրսևորենք մեզ հնարավորինս կատարյա°լ կերպով:
Սրան է վերաբերում Քրիստոսի քանքարների մասին պատմած առակը (Մատթ. ԻԵ 14), որտեղ առաջին ծառան հնգապատկեց իրեն վստահված հինգ քանքարը, երկրորդը` կրկնապատկեց տրված երկուսը (թեկուզ և քիչ էին նրա հնարավորությունները, սակայն, նա հասավ ինչ-որ բանի, արեց իր ուժերի սահմանում), իսկ երրորդը` ոչինչ չարեց, վախեցավ. «Իսկ եթե հանկարծ ծախսե՞մ, կորցնե՞մ այս ամենը, հետո ի±նչ պատասխան պիտի տամ»:Եվ թաքցրեց գումարը: Երբ եկավ հատուցման ժամանակը, և բոլորը կանգնեցին տիրոջ առջև, պարզվեց, որ բացի իրենից բոլորն ինչ-որ բանի հասել էին: Եվ նա պատժվեց, սակայն ոչ թե այն բանի համար, որ օգուտ չէր բերել իր տիրոջը, այլ` որ վախեցել և համարձակություն չէր ունեցել որևէ բան ձեռնարկելու:
Յուրաքանչյուր մարդ կարող է իրականացնել այն ամենը, ինչ ցանկանում է, որքանով ներում են իր համարձակությունը, ուժը, ոգեշնչումը: Մենք պետք է այնպիսի հավատ ունենանք մարդու հանդեպ, այնպիսի վստահություն տանք նրան, այնպես ոգեշնչենք, որպեսզի նա իր մեջ խիզախություն, ուժ, ստեղծագործական լիություն գտնի` դրսևորելու իրեն: Թեկուզ նա հանճար չէ, սակայն մարդ է: Թեպետ ոչնչով չի տարբերվում, սակայն կարող է ինքն իրենով լինել լիարժեք և գեղեցիկ: Որտեղ չի բավարարի խելքը, կլրացնի սրտով, որտեղ չի հերիքի ուժը, կլրացնի ընկերությամբ:
Գերմանացի գրող Բերտոլդ Բրեխտի պատմվածքներից մեկում կա մոտավորապես մի այսպիսի երկխոսություն: Մի մարդու հարցնում են:
- Երբ սիրում եք որևէ մեկին, ինչպե՞ս եք վարվում:
- Ես նրա համար նախագիծ եմ մշակում,- պատասխանում է մյուսը:
- Նախագի՞ծ, իսկ հետո՞:
- Հետո հոգ եմ տանում, որպեսզի այդ երկուսն իրար համընկնեն:
- Ասացեք խնդրեմ, ո՞վ կամ ի՞նչը պետք է համընկնի մյուսի հետ. մարդը` նախագծի, թե՞ նախագիծը` մարդու:
- Իհարկե մարդը պետք է համընկնի նախագծին:
Հաճախ մարդիկ կարծում են, որ անհատի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը նրա հանդեպ հավատի դրսևորում է: Սկզբից նրան ուսումնասիրում են, պատկերացում կազմում վերջինիս մասին, խթանում նրա մեջ առկա բոլոր հնարավորությունները, ապա կազմում մի ծրագիր և ստիպում մարդուն համապատասխանել այդ ծրագրին: Դա սխալ և հանցավոր գործողություն է, որը կատարվում է թե՛ որոշ ընտանիքներում, թե՛ հասարակության շերտերում, և թե՛ իդեալիստական խմբավորումներում: Ընտանիքի մեջ դա երբեմն ողբերգական երանգ է ստանում: Ծնողներն ի սկզբանե գիտեն, թե ինչումն է կայանում իրենց երեխաների երջանկությունը, և ստիպում են նրանց երջանիկ լինել այնպես, ինչպես իրենք են պատկերացնում: «Ո՛չ, ես գիտեմ, թե որն է օգտակար քեզ համար, ինչն է լավագույնը: Ա՛յ, կտեսնես, թե ինչքան լավ կլինի»:
Եվ դժբախտ զոհին մնում է միայն աղերսել. «Կարող ես դադարել ինձ անգամ սիրելուց, միայն թե ազատություն տուր»:
Հաճախ պատահում է այնպես, որ մարդուն տալով ազատություն, վստահություն ու հավատ, ոգեշնչելով և օգնելով նրան, տեսնում ենք, որ իր կայացման ճանապարհին նա երես է թեքում այն մարդուց, ով ոգեշնչել և աջակցել է իրեն: Երբեմն նույնիսկ հրաժարվում է նրանից, քանի որ իրեն անհրաժեշտ է կերտել իր անհատականությունը, և դա անել ինքնուրույնաբար, առանց որևէ մեկի աջակցության: Այդ պատճառով այն մարդը, ով ոգեշնչում է որևէ մեկին, պետք է պատրաստ լինի, որ իրենից կարող են երես թեքեն: Իր հավատն այդ մարդու հանդեպ նա պետք է հատկապես այդ ժամանակ զգա, չպետք է երկմտել և տատանվել, այլ պետք է ուրախությամբ ընդունել այն փաստը, որ սկսում է զարգանալ մարդու ինքնուրույն գոյը: Եվ նա դադարում է կախվածություն ունենալ իրեն ոգեշնչող մարդուց, կամ այն հավատից և վստահությունից, որ տրվել էր իրեն: Մարդը, ով սկզբից իր հավատն ու վստահությունը դիմացինին տալով, կարող է հաստատուն մնալ իր հավատի մեջ նաև այն ժամանակ, երբ վերջինիս համար դառնում է ավելորդ, եթե կարող է հրաժարվել այդ մարդու հանդեպ իշխանությունից, երբեմն նույնիսկ բռնացող սիրուց, ապա նա ինքը կդառնա Մարդ, այդ բառի բովանդակ իմաստով:
Որպեսզի հավատ ունենաս որևէ մեկի հանդեպ, պետք է նախ համարձակորեն հավատ ունենաս ինքդ քո հանդեպ: Եթե մենք հավատ չունենք մեր անձի հանդեպ, եթե չենք հավատում, որ մեր հոգին այնպիսի խորություն ունի, որտեղից կարող է ծնվել անպատկերացնելի մեծություն, ապա մենք չենք կարող նաև ուրիշին տալ այդ ազատությունը, որը թույլ կտա նրան կերտել իր անհատականությունը, դառնալ մի բացառիկ մարդ, ով իր սեփական, նոր, ստեղծագործ ներդրումը կանի հասարակության կյանքում և մարդկության ճակատագրում:
Այս ամենից հետո հարց է առաջանում, թե ի՞նչ է հավատը սեփական անձի հանդեպ:
Այս հարցին մարդկանց մեծամասնությունը կպատասխանի, որ դա այն վստահությունն է, որ եթե ուղղորդես կամքդ և հավաքես ուժերդ, կարող ես հասնել հնարավոր ամեն ինչի: Սակայն այդպիսի հավատն ավելի շատ ինքնավստահություն է, այսինքն դա այն համոզմունքն է, որ դու այնքան ուժ ունես, որ կարող ես հաղթահարել, փոխել քեզ շրջապատող մարդկանց և հանգամանքները:
Այնինչ անձի հանդեպ իրական հավատը այն զգացողությունն է, որ իմ մեջ կա մի բան, որը հայտնի չէ անգամ ինձ, որը ես ինքս չեմ կարող հասկանալ, մի բան, որը կարող է բացահայտվել և հասնել կատարելության: Ինքնավստահությունը հիմնված է սեփական եսի ճանաչման, երբեմն չափազանցված ինքնագնահատանքի վրա: Իսկ հավատը կարիք չունի որևէ ինքնագնահատանքի, որովհետև նրա խնդրո առարկան ա՛յն գաղտնիքն է, որն իր մեջ է կրում մարդ-արարածը: Գաղտնիք ասելով պետք է հասկանալ հետևյալը. Մարդ-արարածն ամբողջովին դինամիկա է, համատարած կյանք, անընդմեջ շարժում և կազմավորում և, ոչ ոք, անգամ մեկ վայրկյանով, չի կարող սառեցնել այդ պրոցեսը, դադարեցնել այդ դինամիկան: Դինամիկան սառեցման ենթակա չէ, մարդը դինամիկ է իր ողջ ընթացքում և ընդմիշտ: Դրան խանգարել թչողնել, որ իրականություն դառնա, կարող է միայն մեր վախկոտությունը, մեր անհամարձակությունը, սակայն ոչ մեզ շրջապատող հանգամանքները: Հանգամանքներն ինչքան էլ լավ կամ վատ լինեն, ինչքան էլ դաժան լինեն և հակված մարդուն կոտրելու, այնուամենայնիվ, դրանք միայն պատճառ են, որպեսզի մեր ներքին ստեղծագործ դինամիկան իրեն դրսևորի անսպասելի, նոր կերպով: Հավատը մեր հանդեպ այն համոզվածությունն է, որ մեր մեջ գոյություն ունի թաքնված, ստեղծագործ և, ի վերջո, անպարտելի դինամիկա, որի անունն իրականում Աստված է:
Թարգմանությունը ռուսերենից` Սոֆյա Առուշանյանի