Մարդկային կյանքի ամբողջ ընթացքը հիշեցնում է պայքար. մի դեպքում պայքարում ենք մեկ թիզ հող ավել ունենալու, մյուս դեպքում` մեր իրավունքների, սկզբունքների, պաշտոնի, դիրքի և այլնի համար: Հաճախ պայքարում ենք նաև մեր անարդարությունը արդարություն ներկայացնելու համար, պայքարում ենք կռապաշտության դեմ՝ ինքներս հետևելով կռապաշտությանը:
Ի վերջո, պայքարում ենք մեր անհատականությունը հաստատելու համար: Մարդկային անհատականության թեման որքան էլ քննարկված, ամեն դեպքում կարևոր ու արդիական թեմա է: Կյանքը ցույց է տալիս, որ անկախ տարիքից՝ մարդը կռիվ է տալիս իր անհատականությունը հաստատելու համար: Սակայն շատ հաճախ չի հաջողվում մեր անձի կայացման գործընթացը, որովհետև սխալ ենք հասկանում անհատականություն ասվածը: Մտածում ենք, որ անհատականությունը սեփական կարծիք ունենալը և ուրիշներին պարտադրելն է: Բայց սրանք ոչ մի կապ չունեն անհատականության հետ: Նշված երևույթները կամակորություններ են, որոնց մենք, շատ հաճախ, հետևում ենք կուրորեն: Ավելի շատ խոսում ենք, քան՝ գործում: Վաղուց պիտի համոզվեինք, որ ինչպես հավատքը, այնպես էլ ամեն ինչ գործերով է արդարացվում: Փոխանակ ճառելու՝ ինչպես փոխել աշխարհն ու մեզ, պարզապես պետք է վերցնել ու փոխել:
Աստծո պատկերն ու նմանությունը, որով ստեղծվեց մարդը, վերջինիս անհատականության կարևոր պայմանն է: Աստված մարդուն պատվիրեց փոխել աշխարհը սեփական քրտինքով: Հաց վաստակելը, արարելը, ստեղծագործ կայնքով ապրելը աշխարհը փոխելու աստվածահաճո գործընթաց է: Ընդ որում, քրտինքը բառացի չպետք է հասկանալ: Այն ենթադրում է ջանք ներդնել, արդյունքի հանդեպ հավատ և հույս ունենալ՝ աշխատանքի մեջ ներդնելով սեփական առաքինությունները:
Մարդու դեմքը մարդու անհատականությունն է, իհարկե, փոխաբերական իմաստով: Մարդու անհատականությունն այն միջավայրն է, որն իր մեջ ամփոփում է անձի բարոյական բոլոր արժեքները: Անհատականությունը պայմանավորված է ոչ միայն մարդու պարզ գոյությամբ, այլ՝ Աստծո նկատմամբ ունեցած հավատով: Իսկ հավատք ունենալ՝ նշանակում է պատասխանատվություն կրել, նախաձեռնող լինել, առաջնորդվել բարոյական սկզբունքներով:
Մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ մարդկանց հրամցվում է անհատականության որոշակի մոդել, և եթե անձը չի համապատասխանում այդ մոդելին, ապա նրան սկսում են հալածել՝ խտրական վերաբերմունքի արժանացնելով:
Եվրոպայում բավականին արդիական է մարդասիրության գաղափարը: Բայց այս մարդասիրության հիմքում ընկած է մարդը, ինչը կռապաշտության դրսևորում է: Բոլորովին չնվազեցնելով մարդու իրական արժեքը՝ նշենք, որ քրիստոնեական մարդասիրության հիմքում պետք է՝ ընկած լինի աստվածամարդը՝ Քրիստոս, որտեղ Աստված և մարդ հանդես են գալիս միասին: Որովետև մարդու իրական անհատականությունը Աստծո ու մարդու միության մեջ է: Բայց անհատականության մերօրյա պատկերացումներն այլ են. համաձայն դրանց, լինել անհատականություն նշանակում է՝ ունենալ և իշխել: Քրիստոնեական արժեհամակարգը առաջարակում է պարզապես լինել, գոյություն ունենալ:
Եթե մարդը չկա, նրա ունենալն էլ իմաստ չունի: Բնական է, խոսքը ֆիզիկական գոյության մասին չէ միայն:
Երբ մարդն ընտրում է ունենալու, տիրելու և իշխելու ճանապարհը՝ նա ընտրում է կարիքի, աղքատության ուղին: Երբ մարդն ընտրում է, իբրև անհատականություն, լինելու ճանապարհը, այն արդեն ազատության ու արդարության ճանապարհն է:
Քրիստոս ասում է՝ երանի հոգով աղքատներին: Մենք գիտենք, որ Աստված մարդուն տվեց ամեն ինչ, մարդը հարուստ է իր բանականությամբ, ազատությամբ, ստեղծագործելու կարողությամբ, շնորհներով, ապա՝ ինչու՞ երանի հոգով աղքատներին: Որովհետև, երբ Աստված մարդուն «հարուստ» ստեղծեց՝ տվեց զանազան հնարավորություններ, տվեց մի ամբողջ տիեզերք իր մեջ ամփոփող հոգի, մարդը որոշեց ինքնահաստատվել՝ այդ ամենը սեփականացնելով: Իրականում նա ոչ թե սեփական անհատականությունը կերտեց, այլ ստեղծեց անհատականության որոշակի չափորոշիչներ՝ բոլորին դնելով որոշակի սահմանների մեջ:
Երբ Աստված մարդուն ասաց՝ երեսիդ քրիտքով պիտի փոխես աշխարհը, մարդը հասկացավ, որ նախ՝ պետք է փոխվի ինքը: Աղքատության գիտակցումը մեզ հիշեցնում է, որ ունենալ բանականություն, հոգի, ազատություն դեռ բավական չեն, կարևոր է թե ինչպես ենք մենք դրանք կիրառում:
Քրիստոնեությունը անհատականության կրոն է: Քրիստոս մի ամբողջ մարդկության համար չէ, որ եկավ աշխարհ, այլ՝ կոնկրետ մարդու, անհատի համար: Որովհետև մարդը, որպես անհատականություն, եզակի է, միակն է: Մարդը հասարակության անդամ է այնքանով, որքանով նա անհատականություն է:
Ոչ ոք պարտավոր չէ նման լինել իր կողքինին. մարդը իրավունք ունի որոշումներ կայացնելու և իր արած քայլերի համար պատասխանատու լինելու: Սա է իրականում մարդկային անհատականությունը, Աստծո պատկերով ստեղծված լինելու լավագույն դրսևորումը: Մարդը ծնված է ազատ՝ ստեղծագործ ու երջանիկ կյանքով ապրելու համար և այդպիսով հաստատելու իր անհատականությունը:
Քրիստոնեությունը հատուկ է շեշտում մարդու անհատականության հարցը, որովհետև կարևորում է վերջինիս փրկությունը: Որպեսզի մարդը փրկության հասնի՝ պետք է հաստատվի իբրև անհատականություն: Պետք է հասկանանք, որ մարդը կարող է շատ պակասություններ ունենալ, բայց լինել անհատականություն, խոսել սեփական ձայնով, հանդես գալ իրական պատկերով, չկեղծել սեփական անձը:
Հիշենք «Անառակ որդու» առակը. կրտսեր որդին գնաց օտար աշխարհ՝ ինքնահաստատվելու: Բայց հորից, հայրական տնից հեռու լինելով միայն հասկացավ, որ իր անհատականությունն աղճատվել է: Նույնը մեր դեպքում. որքան մենք հեռանում ենք Աստծուց, այնքան կորցնում ենք մեր անհատականությունը:
Պետք է անկեղծ լինել ու հստակ գիտակցել, որ միայն Աստծո օրհնությամբ մենք կարող ենք մեր քրտինքը հողին խառնել ու փոխել աշխարհը:
Տեր Եսայի քհն. Արթենյան