Տաղավարահարաց Տոնից հետո Հիսուս մնում է Հուդայում ՝ Երուսաղեմից ոչ հեռու գտնվող մի տեղում և երբեմն-երբեմն երևում է Սուրբ քաղաքում: Այդ ժամանակ քարոզչությունից վերադառնում են յոթանասուն աշակերտները, ովքեր մեծ ուրախությամբ վկայում են.
«Տե՛ր դևերն էլ են մեզ հնազանդվում քո անունով»: Եվ Հիսուս նրանց ասաց. «Տեսնում էի սատանային երկնքից ընկնելիս, ինչպես փայլակը: Ահա ձեզ իշխանություն տվի կոխելու օձերի, կարիճների և թշնամու ամբողջ զորության վրա: Եվ ձեզ բոլորովին չեն վնասելու: Բայց մի՛ ուրախացեք այն բանի համար, որ դևերը ձեզ հնազանդվում են, այլ ուրախացե՛ք, որ ձեր անունները գրված են երկնքում»:
Եվ նույն ժամին Հիսուս ցնծաց Սուրբ Հոգով և ասաց. «Գոհությո՛ւն քեզ, Հա՛յր, Տե՛ր երկնքի և երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին. այո՛, Հա՛յր, որովհետև այսպես հաճելի եղավ քեզ: Ամեն ինչ ինձ տրվեց իմ Հորից. և ոչ ոք չգիտե, թե ո՛վ է Որդին, եթե ոչ՝Հայրը, և թե՝ ո՛վ է Հայրը, եթե ոչ՝ Որդին և նա, ում կկամենա Որդին հայտնել» (Ղուկ. Ժ 17-22):
Այսպիսով՝ քարոզությունից հետո առաքյալները վերադառնալով Տիրոջը վկայում են, որ անգամ պիղծ ոգիներն են հնազանդվում նրանց: Եվ ի պատասխան Հիսուս ասում է. «Տեսնում էի սատանային երկնքից ընկնելիս»: Եվ իրականում Հիսուս սրանով հաստատում է, որ առաքյալների քարոզը իրապես մեծ հարված է հասցրել չարի թվացյալ ամենազորությանն ու տապալել այն:
Այնուհետև Հիսուս պարզաբանում է, որ Աստված ճշմարտությունն ու զորությունը, որ առաքյալները բերեցին աշխարհ, թաքցրեց իմաստուններից ու գիտուններից՝ իր այդ շնորհը պարգևելով «մանուկներին»:
Եվ իրապես առաքյալները, որոնց Հիսուս կոչեց ծառայության, ամենևին էլ գիտուններ կամ օրենսգետներ չէին, իսկ առաքյալներին «մանուկ» անվանելով Հիսուս ի նկատի ուներ նրանց անփորձությունն ու միևնույն ժամանակ անկեղծությունը, ինչպես նաև աշխարհիկ որևէ իշխանություն չունենալու հանգամանքը: Եվ այս բոլոր հատկանիշներն իրապես խորհրդանշում էին մանուկներին:
Սակայն առաքյալների քարոզությունից վերադառնալուց հետո տեղի ունեցավ ևս մեկ կարևոր իրադարձություն, որի մասին մեզ պատմում է Ղուկասի Ավետարանը.
«Եվ ահա օրինականներից մեկը վեր կացավ, նա փորձում էր Հիսուսին, և ասաց. «Վարդապե՛տ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»: Եվ Հիսուս նրան ասաց. «Օրենքում ի՞նչ է գրված, ինչպե՞ս ես ընթերցում»: Եվ նա պատասխանեց և ասաց. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով և քո ամբողջ զորությամբ և քո ամբողջ մտքով. և պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը»: Եվ Հիսուս նրան ասաց. «Ճիշտ պատասխան տվեցիր, այդ արա՛ և կփրկվես»:
Սակայն նա կամենալով իրեն արդարացնել, ասաց Հիսուսին. «Իսկ ո՞վ է իմ ընկերը»: Իսկ Հիսուս պատասխանեց և ասաց. «Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում և ընկավ ավազակների ձեռքը, որոնք նրան մերկացրին, վիրավորեցին և կիսամեռ թողեցին ու գնացին: Պատահեց, որ մի քահանա նույն ճանապարհով իջնի. նրան տեսավ և թողեց անցավ. նույնպես և մի ղևտացի նույն տեղով անցնելիս, տեսավ և թողեց անցավ: Բայց մի սամարացի, որ ճանապարհորդում էր, եկավ նույն տեղով նրա մոտ և տեսնելով նրան՝ գթաց: Եվ մոտենալով՝ կապեց նրա վերքերը, վրան ձեթ ու գինի ածեց և դնելով նրան իր գրաստի վրա՝ տարավ մի իջևան և խնամեց նրան: Եվ հաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից, իջևանատիրոջը երկու դահեկան հանեց տվեց և ասաց. «Խնամի՛ր նրան և ինչ որ ծախսես նրա վրա, իմ մյուս անգամ գալուն կհատուցեմ քեզ»: Արդ ըստ քեզ, այդ երեքից ո՞րը մերձավորի պես վերաբերվեց նրան, ով ավազակների ձեռքն էր ընկել»: Եվ օրինականն ասաց. «Նա, ով նրան բարիք արեց»: Եվ Հիսուս նրան ասաց. «Գնա՛ և դու նո՛ւյն ձևով արա» (Ղուկ. Ժ 25-37):
Բարի Սամարացու առակի պատգամը գթասրտությունն է: Սակայն այնպիսի գթասրտության, որը չի վերաբերում միայն կոնկրետ համոզմունքների, գաղափարների, կրոնի, և միայն այդ ամենին համապատասխանող մարդկանց: Այլ՝ բացառապես բոլորին, անկախ իրենց տարիքային, ազգային, և կրոնական պատկանելիությունից: Քանզի բարի սամարացին ընդամենը ճանապարհորդ էր և օգնեց մի մարդու, ով իր երկրացին չէր և բացարձակապես որևէ կապ չուներ իր հետ, և պատկանում էր միանգամայն այլ մշակույթի ու կրոնի, և որի կողքով անտարբեր անցել էին նրա դրացի քահանան և ղևտացին:
Արմեն Չաքմիշյան