Մանանեխի հատիկի առակը
(Մատթ. 13: 31-32, Մարկ. 4: 30-32, Ղուկ. 13: 18-19)
«Նրանց առաջ Նա մեկ ուրիշ առակ էլ դրեց ու ասաց. «Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ, առնելով, սերմանեց իր արտի մեջ: Այն փոքր է, քան բոլոր սերմերը, սակայն երբ աճում է, բոլոր բանջարներից ավելի է մեծանում ու ծառ է լինում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճյուղերի վրա հանգստանում»:
Մեկնություն
Արտն աշխարհն է, նաև մարդկանց սրտերը: Մանանեխի հատիկ Տերն Իրեն է անվանում, քանի որ ստանալով ծառայի կերպարանք, սերմանվեց երկրի սրտի մեջ`մեռնելով և գերեզմանում դրվելով (Տե՛ս Հովհ. 12:24): Իսկ երբ հարություն առավ, փառավորվեց ու բարձրացավ, բոլորին դեպի Իրեն ձգեց, ժառանգեց ազգերին և իշխեց երկրի բոլոր ծագերին: Առաքյալներն այն ոստերն են, որոնց վրա հանգստացան երկնքի բոլոր թռչուները, այսինքն` մարգարեների և բոլոր արդարների հոգիները:
Մանանեխի հատիկը նաև Քրիստոսի խոսքն է Աստծո արքայության մասին, որ նախապես փոքր և անարգ էր երևում, բայց արագ աճեց, քան ամեն խոսք, որ սերմանվել է մարդկանց մեջ, հույժ մեծացավ և զորացավ, մեծ Ծառ դարձավ, ու դեպի երկինք ձգտողներն ապաստան են գտնում Նրա գրկում:
(Ըստ Ստեփանոս Սյունեցու «Չորս Ավետարանների համառոտ մեկնությունը» և երանելի արքեպս. Թեոփիլակտոս Բուլղարացու «Մատթեոսի Ավետարանի մեկնությունը» գրքերի)