Բարի Սամարացու առակը (Ղուկ. 10: 30-35)
«Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում և ընկավ ավազակների ձեռքը, որոնք նրան մերկացրեցին, վիրավորեցին և կիսամեռ թողեցին ու գնացին: Պատահեց, որ մի քահանա նույն ճանապարհով իջնի. նրան տեսավ և թողեց անցավ: Նույնպես և մի ղևտացի նույն տեղով անցնելիս, տեսավ և թողեց անցավ: Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, եկավ նույն տեղով նրա մոտ և, տեսնելով նրան, գթաց: Եվ մոտենալով` կապեց նրա վերքերը, վրան ձեթ ու գինի ածեց և, դնելով նրան իր գրաստի վրա, տարավ մի իջևան և խնամեց նրան: Եվ հաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից, իջևանատիրոջը երկու դահեկան հանեց տվեց և ասաց. «Խնամի´ր նրան, և ինչ որ ծախսես դրա վրա, իմ մյուս անգամ գալուն կհատուցեմ քեզ»:
Մարդը, որ իջնում էր Երուսաղեմից Երիքով, Ադամն է և նրա նման հանցանք գործած բոլոր մեղավորները: Երուսաղեմը դրախտն է, որտեղից արտաքսվեցին, իսկ Երիքովն աշխարհն է: Ավազակները սատանան ու նրա գնդերն են: Մերկությունը՝ փառքից և անմահությունից զրկվելն է, վերքերը` մեղքն ու բոլոր հանցանքները: Կիսամահ էր նրա համար, որ մեղքերով վիրավոր էր, սակայն օգնության և փրկության հույս ուներ, և պետք էր, որ սամարացու, այսինքն` Փրկչի, գալստյամբ վերստին կենդանանար: Քահանան և ղևտացին մարգարեներն ու վարդապետներն են, որոնք Քրիստոսից առաջ էին: Սամարացին Քրիստոսն է, քանզի սամարացիների նման մերժվեց հրեաների կողմից, անգամ դիվահար կոչվեց: Ձեթը ողորմությունն է, որը լցրեց նրա վրա (այսօր էլ մկրտվողի վրա ընտիր ձեթ` Սուրբ Մյուռոն է լցվում` վերստին կյանքի համար): Գինին ուրախության նշանն է, որ փրկվեց ավազակներից (նաև Քրիստոսի Սուրբ Արյան նշանն է, Որով լվաց մարդկանց մեղքերը և Սուրբ Հաղորդության բաժակը լցրեց` մեր փրկության համար): Գրաստը, որի վրա դրեց խոշտանգվածին, Իր Մարմինն է, Որով վերացրեց աշխարհի մեղքերը: Իջևանն Աստծո Եկեղեցին է, իսկ իջևանատերն առաքյալներն են և նրանց նմանները` Եկեղեցու վարդապետները (հոգևորականները): Երկու դահեկանը՝ Հին ու Նոր Կտակարաններն են: Սամարացու մյուս անգամ գալը Քրիստոսի երկրորդ գալուստն է, երբ Նա յուրաքանչյուրին պիտի հատուցի ըստ իր գործերի. առաքյալներին և վարդապետներին` արքայության պսակը, քանզի ջանացին Տիրոջ հրամանը կատարել և վաստակած ճգնությամբ Ադամի որդիներին դարձրեցին բարեպաշտ:
(Ըստ Ստեփանոս Սյունեցու «Չորս Ավետարանների համառոտ մեկնությունը» գրքի)