Առակներ երկնքի արքայության մասին

Առակներ երկնքի արքայության մասին

Առակներ երկնքի արքայության մասին (Մատթ. 13: 44-50)


1. «Երկնքի արքայությունը նման է արտի մեջ թաքցված գանձի, որ մի մարդ, գտնելով, նորից թաքցնում է. և ուրախությունից գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը և այդ արտը գնում է»:


 Արտը՝ աստվածային մարգարեական գիրն է և առաքելական քարոզչությունն է, իսկ գանձը` Քրիստոս, քանի որ Նրա մեջ են աստվածճանաչման լրումն ու իմաստությունը` աշխարհից թաքնված: Ըստ Պողոս Առաքյալի՝ «Քարոզում ենք Աստծու խորհրդավոր, թաքուն իմաստությունը, որը ծածկված է մարդկանցից» (1 Կորնթ. 2: 7): Ով փնտրում է ճշմարիտ Աստծու գիտությունը, գտնում է այն և հրաժարվում բոլոր այլ ուսմունքներից, վատ սովորություններից և թվացյալ հարստությունից: Քրիստոսին ճանաչող մարդն ամենահարուստն է. աշխարհն իրենն է, թեկուզ տուն անգամ չունենա:


2. «Դարձյալ` երկնքի արքայությունը նման է մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ էր որոնում. և գտնելով մի թանկարժեք մարգարիտ` գնաց վաճառեց իր ամբողջ ունեցածը և այդ մարգարիտը գնեց»:


Կան գեղեցիկ մարգարիտների բազում տեսակներ, ինչպես աշխարհում կան բազում իմաստություններ, բայց բոլորն էլ թերի են ու անկատար: Իսկ նա, ով որոնում է ամենագեղեցիկն ու կատարյալը` հոգևոր մարգարիտը, և չի որոնում այլադավանների և աղանդավորների աղջամղջային, սևաթույր խոսքերը, այլ ճշմարիտ օրենքներն ու Աստծու խորհուրդների գեղեցիկ ճրագները, և նրանց մեջ ամենից Անգինին` Քրիստոսին, գտնում է այս Մարգարիտը, իր ամբողջ ունեցվածքը վաճառում է, որպեսզի այն գնի, և կորցնում է փոքրագույնը, որպեսզի վեհագույն գիտությունն ընդունի:


3. «Դարձյալ` երկնքի արքայությունը նման է ծով նետված ուռկանի, որ ամեն տեսակ բան է հավաքել. երբ լցվել էր, այն ցամաք հանելով և նստելով` լավերը մի առ մի հավաքեցին ամանների մեջ, իսկ անպետքը դուրս գցեցին: Այնպես էլ կլինի այս աշխարհի վախճանին: Հրեշտակները կելնեն և չարերին արդարների միջից կբաժանեն ու կգցեն նրանց բոցավառ հնոցի մեջ. այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում»:


Ալեկոծ ծովը՝ մարդկային կյանքն է: Աներևույթ ուռկանը ձկնորս-առաքյալների ուսմունքն է` հրաշալի նշաններից ու մարգարեական վկայություններից հյուսված, քանզի առաքյալները հրաշքներով ու մարգարեների խոսքերով էին ամրապնդում իրենց քարոզած ճշմարտությունը: Ուռկան գցողները՝ Տերն ու հրեշտակներն են, որ սպասավորում են Նրան: Եվ ուռկանը դուրս չի գա, մինչև չլցվի հեթանոսներով` կռապաշտներով և աստվածապաշտներով, հրեաներով և բարբարոսներով, պոռնիկներով և սրբերով, մաքսավորներով և վարդապետներով, ավազակներով և ամեն տեսակ մարդկանցով, այսինքն` մինչև աշխարհի վախճանը:  Իսկ երբ լցվի ու դուրս գա, ապա որսվածները պիտի բաժանվեն երկու մասի. ճշմարիտ հավատքով ու բարի գործերով արդարացածները կտեղադրվեն ամանների մեջ, այսինքն` հավիտենական բնակարաններում, իսկ մնացածները դեն են նետվելու, որովհետև անպիտան են Երկնքի Արքայության համար: 


(Ըստ Ստեփանոս Սյունեցու «Չորս Ավետարանների համառոտ մեկնությունը» և երանելի արքեպս. Թեոփիլակտոս Բուլղարացու «Մատթեոսի Ավետարանի մեկնությունը» գրքերի)

  • 2021-10-12
×