Առակ Հին և Նոր Ուխտի մասին
(Մատթ. 9: 16-17; Մարկ. 2: 21-22; Ղուկ. 5: 36-39)
«Ոչ ոք հնացած ձորձի վրա նոր զգեստից կտոր չի դնի, ապա թե ոչ` և´ նորը կպատռվի, և´ նոր զգեստից վերցրած կտորը չի հարմարվի հնի հետ: Եվ ոչ ոք նոր գինին հին տիկերի մեջ չի լցնի, ապա թե ոչ` նոր գինին հին տիկերը կպայթեցնի. գինին կթափվի, և տիկերը կփչանան: Այլ` նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցվի, և երկուսն էլ կպահվեն: Եվ ոչ ոք, երբ հինը խմի, նորը չի ուզենա, որովհետև կասի, թե` հինն ավելի լավն է»:
Մեկնություն
Հիսուսի բերած համեմատությունների համաձայն` հին, օրինական սովորությունները մաշված հագուստի և հնացած տիկերի են նման, իսկ Իր ուսմունքն ու քարոզները` նոր կտորի և նոր գինու: Հնի հետ դրանք անհարիր են, պետք է նոր գինին նոր տիկի մեջ լցնել, Նոր Ուխտը նոր օրենքներով կազմել, որպեսզի հաստատուն հիմքով պատրաստվի և պահպանվի: Հիսուս այդ ժամանակից սկսում է հայտարարել Հին Ուխտի դադարեցումը: Հիսուս Հին Ուխտը նմանեցնում է հնացած ու մաշված իրերի, որոնք այլևս գործածվել չեն կարող:
Ղուկաս Ավետարանիչը գինու օրինակին մի պարագա էլ է ավելացնում, թե ինչպես հինը կամաց-կամաց պետք է փոխարինել նորով` հաշվի առնելով մարդու ճաշակը: Հին գինուն վարժվածը միանգամից չի կարող նորը խմել: Միշտ իր համար հինն ավելի հաճելի է թվում: Ճաշակը պետք է կամաց-կամաց փոխել, բայց դա անելը պարտադիր է: Հենց այդպես էլ վարվեցին Հիսուս ու Իր առաքյալները: Հիսուսի օրոք Հին Ուխտի պահպանումը նախապաշարված ավելորդապաշտություններից մերկացնելու ջանքեր եղան, հետո տրվեց օրինական պատվիրանները հեթանոսությունից դարձի եկողների վրա բեռ չդարձնելու որոշումը, ի վերջո հենց հրեաների համար էլ պարտադիր չհռչակվեց, քանզի եթե շնորհի տակ էին մտնում, դուրս էին գալիս օրենքի տակից (տե´ս` Հռոմ. 6: 14): Հինն ամբողջովին դադարեց, և Նորը հաստատվեց ու տարածվեց աշխարհով մեկ:
Քրիստոնեության մեջ մարդն այնպես է լցվում նոր ուժերով ու նոր ձգտումներով, որ դառնում է ամբողջովին նոր արարած (տե´ս` Գաղ. 6: 15), նորոգվում է նրա միտքը (տե´ս` Եփես. 4: 23), և նա նոր սիրտ է ստանում (տե´ս` Եզեկ. 11: 19):
(Ըստ հայ նշանավոր պատրիարք Մաղաքիա Օրմանյանի «Համապատում» գրքի):