Երեք ծառաների (քանքարների, մնասների) առակը

Երեք ծառաների (քանքարների, մնասների) առակը

Երեք ծառաների (քանքարների, մնասների) առակը
(Մատթ. 25: 14-30, Ղուկ. 19: 12-26) 


«Մի մարդ, հեռու երկիր գնալիս, կանչեց իր ծառաներին և իր ունեցվածքը նրանց տվեց. մեկին տվեց հինգ քանքար, մյուսին` երկու և մի ուրիշին`մեկ. յուրաքանչյուրին  ըստ իր կարողության. և գնաց: Ով հինգ առավ, իսկույն գնաց, դրանով գործ արեց և հինգ ևս շահեց: Նույնպես նա էլ, որ երկուսն առավ, երկու ևս շահեց: Իսկ ով մեկն առավ, գնաց հողը փորեց և իր տիրոջ դրամը թաքցրեց: Շատ ժամանակ անց, այդ ծառաների տերը եկավ և նրանց հետ հաշիվ տեսավ: Ով հինգ քանքար էր առել, մոտենալով` հինգ քանքար ևս տվեց ու ասաց. «Տե´ր, հինգ քանքար տվիր ինձ. արդ, ահավասիկ վրան հինգ քանքար ևս շահեցի»: Իր տերը նրան ասաց. «Ապրե´ս, բարի´ ու հավատարի´մ ծառա, որովհետև այդ քչի մեջ հավատարիմ եղար, շատի վրա կկարգեմ քեզ, մտի´ր քո տիրոջ ուրախության մեջ»: Ով երկու քանքար էր առել, նա էլ մոտեցավ ու ասաց. «Տե´ր, ինձ երկու քանքար տվիր, ահավասիկ երկու այլ քանքար ևս, որ դրանց վրա շահեցի»: Իր տերը նրան ասաց. «Ապրե´ս, բարի´ ու հավատարի´մ ծառա, որովհետև այդ քչի մեջ հավատարիմ եղար, շատի վրա կկարգեմ քեզ, մտի´ր քո տիրոջ ուրախության մեջ»: Մոտեցավ նաև նա, որ մեկ քանքար էր առել, ու ասաց. «Տե´ր, գիտեի, որ դու մի խիստ մարդ ես, հնձում ես, ինչ որ չես սերմանել, և հավաքում ես այնտեղից, ուր չես ցանել, վախեցա, գնացի ու թաքցրի քո այս քանքարը հողի մեջ: Արդ, ահավասիկ, քոնը` քե´զ»: Տերը պատասխան տվեց ու ասաց նրան. «Չա´ր և ծո´ւյլ ծառա … դու պետք է իմ այդ դրամը լումայափոխների մոտ դնեիր, և ես, գալով, տոկոսով միասին պահանջեի այն, ինչ որ իմն է: Արդ, դրանից առե´ք այդ քանքարը և տվե´ք նրան, ով տասը քանքար ունի, քանի որ` ով ունի, նրան պիտի տրվի և ունեցածը պիտի ավելացվի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցվի: Իսկ այդ անպիտան ծառային հանեցե´ք դուրս, արտաքին խավարը, այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում»:


Մեկնություն


Տերը, որ գնում էր հեռու երկիր, Հիսուս Քրիստոսն է: Նա կանչեց Իր ծառաներին և հանձնեց նրանց Իր ունեցվածքը` ավետարանական ճշմարտության խոսքերը, քանզի «Տիրոջ խոսքերը … ինչպես ընտիր ու փորձված արծաթ`… մաքրված ու զտված» են (Սաղ. 11:7): Ծառաները նրանք են, ում վստահված է խոսքի ծառայությունը` եպիսկոպոսները, քահանաները, սարկավագները և մենք՝ բոլորս, որ ընդունեցինք Տիրոջից քանքարներ, այսինքն` աստվածաշնչյան պատվիրանները և Սուրբ Հոգու շնորհները: Մեզ հանձնելով Ավետարանի խոսքն ու ուսմունքը (յուրաքանչյուրին՝ ըստ իր կարողության, այսինքն` հավատքի և մաքրության չափով)` Աստված սպասում է համապատասխան պտուղներ` բարոյականություն, առաքինություն, ժուժկալություն, ողորմածություն, հեզություն… Տերը մեզ չի դատում այն բանի համար, թե ինչքան պտուղ ենք բերել, այլ` թե ինչպես ենք վերաբերում մեզ վստահված քանքարին: Քարոզելու շնորհ, հարստություն կամ իշխանություն, կամ ինչ-որ գիտելիք և ընդունակություն ստացողը պետք է բազմապատկի դրանք Եկեղեցու և մերձավորների օգտին:

Տաղանդը հողի տակ թաքցնել՝ նշանակում է սեփական շնորհներից չկարողանալ օգտվել, Աստծուն ու մերձավորներին ծառայելու պարտքը մինչև վերջ չկատարել: Լումայափոխները նրանք են, ովքեր Քրիստոսի խոսքի համաձայն՝ Ահեղ Դատաստանի օրը պիտի վկայեն մեզ համար, թե` երբ քաղցած էինք, մեզ կերակրեցիք, ծարավ էինք, և մեզ ջուր տվեցիք, օտար էինք, և մեզ ձեր մեջ առաք, մերկ էինք, և մեզ հագցրեցիք, հիվանդ էինք կամ բանտարկյալ, և մեզ այցի եկաք (տե´ս` Մատթ. 25:35-40): Նրանց միջոցով Աստծո խոսքի արծաթը բազմապատկվում է, քանի որ ճշմարտության խոսքին ավելանում է հավատքը, հավատքին` արդարության գործերը, գործերին` գոհունակությունը, և այսպես բազմապատկվում է Աստծո փառքը: 


Տերը միանման գովում է երկուսին էլ, ովքեր իրենց տրվածի վրա աշխատեցին, նրանցից յուրաքանչյուրը լսում է. «Ապրե´ս, բարի´ ու հավատարի´մ ծառա»: Բարի ասելով` ընդհանրապես հասկանում ենք մարդասերին ու առատաձեռնին, ով բարություն է անում իր մերձավորներին: Եվ քչի մեջ հավատարիմ եղողները շատի վրա են կանգնելու, քանզի ինչ էլ ստանանք այս կյանքում, ինչ բարիքներ էլ վայելենք, չնչին են հանդերձյալ բարիքների հետ համեմատած: Ինչպես Դավիթ մարգարեն է ասում, Տերն ուրախանում է Իր արարածներով (տե´ս` Սաղ. 103:31):


Տերը պատմեց նաև մի այլ առակ` տասը մնասների մասին (Ղուկասի Ավետարան), որը շատ նման է Մատթեոսի Ավետարանում գրված առակին` քանքարների մասին: Կան, իհարկե, որոշ տարբերություններ, սակայն երկուսի հիմնական միտքը նույնն է, և կարելի է դրանք զուգահեռաբար մեկնել: Մնասների մասին առակում խոսքը մի ազնվական մարդու մասին է, որը պատրաստվում էր գնալ հեռու աշխարհ` իր թագավորությունը ստանալու և ապա վերադառնալու համար: Օրինակը բերված է, հավանաբար, այն ժամանակվա Հրեաստանի թագավորական իրավիճակից. Հրեաստանի թագավորն իր թագավորական պատվի մեջ հաստատվելու համար պարտավոր էր Հռոմ գնալ: Քանքարների մասին առակում դա սովորական մի մարդ է, ով գնում է հեռու երկիր: Բայց երկու առակում էլ այդ անձը խորհրդանշում է Քրիստոսին, իսկ ծառաները խորհրդանշում են Քրիստոսի աշակերտներին ու հետևորդներին, ովքեր ստանում են Տիրոջից զանազան շնորհներ, ինչպես նաև ձիրքեր ու նյութական բարիքներ, որոնք պարտավոր են օգտագործել, բազմապատկել Աստծո փառքի, մերձավորների օգտի և սեփական հոգու փրկության համար: Մնասների մասին առակում նշված է ևս մի հանգամանք, նրա համաքաղաքացիներն ատում էին նրան և պատգամավորներ ուղարկեցին նրա ետևից՝ ասելով. «Մենք չենք կամենում, որ դա մեր վրա թագավորի»: Դա ակնարկ է հրեա ժողովրդի կողմից Տեր Հիսուս Քրիստոսին` որպես Մեսիա, մերժելու մասին: Բայց Նա կվերադառնա երկիր որպես Թագավոր և դատավոր համայն աշխարհի և Իր ծառաներից հաշիվ կպահանջի ու կպատժի նրանց, ովքեր չէին ցանկանում Նրա իշխանությունն ընդունել: Առակն ավարտվում է Տեր Հիսուս Քրիստոսին որպես Մեսիա չընդունելու համար հրեա ժողովրդին խիստ պատժի սպառնալիքով:


Տիրոջ վերադարձը երկու առակներում էլ խորհրդանշում է Քրիստոսի Երկրորդ Գալուստը, երբ ամեն ոք պետք է հաշիվ տա անաչառ Դատավորին, թե ինչպես է օգտագործել Աստծուց ստացած շնորհներն ու պարգևները: Իրենց մնասներն ու քանքարները բազմապատկածները գովասանքի կարժանանան, և յուրաքանչյուրը կստանա իր գործադրած ջանքերին համապատասխան վարձատրություն: Իսկ նա, ով թաքցրել է իր մնասն ու քանքարը, կպատժվի որպես չար և ծույլ ծառա, քանզի չկամեցավ ի բարին գործադրել ստացած ձիրքերը, և նրա մեջ Աստծո շնորհն անպտուղ մնաց: Անպիտան ծառան աշխատելու ժամանակն անցկացրեց անգործությամբ և իրավունք չուներ մեղադրել իր տիրոջը խստության մեջ: Տերը նրանից, ինչպես մյուսներից քիչ չէր պահանջում: Աստծուն դաժանության մեջ մեղադրելը մեղքի պատճառով Աստծո որդի լինելու զգացումը կորցրած և դրա պատճառով Աստծուն դաժան ու անարդար, իսկ իրեն որպես զոհ պատկերացնող մեղավորի սովորական ինքնարդարացում է: Իրականում մեր Տերը Նա չէ, ով հանդիմանում ու սպառնում է, այլ Նա, ով գովում է մեզ բարի արարքների համար, բարեհաճ է մեր նկատմամբ և օրհնում է մեզ:


Արդ, չար և ծույլ ծառայից վերցվում է շնորհը և տրվում բարիին և աշխատասերին, քանզի «ով ունի, նրան պիտի տրվի և ունեցածը պիտի ավելացվի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցվի»: Խոսքը հիմնականում հանդերձյալ կյանքում վարձատրության մասին է. ով սերմանում է ճշմարտության խոսքերը և այս կյանքում հոգով հարստանում, հանդերձյալ կյանքում նա ավելի կհարստանա: Եվ հակառակը` ծույլը և անպիտանը կկորցնի նաև այն քիչը, ինչ նա առաջ ուներ: Այս խոսքի ճշմարտությունը փաստվում է նաև մեր կյանքի ընթացքում, այն մարդիկ, որ չեն զարգացնում իրենց կարողությունները, աստիճանաբար կորցնում են դրանք: 


(Ըստ արքեպս. Ավերկի Տաուշևի «Նոր Կտակարանի Սրբազան Գրվածքների ուսումնասիրության ձեռնարկ» գրքի և միտրոպոլիտ Անտոնի Սուրոժսկու քարոզների)

  • 2021-10-12
×