Փարիսեցու և մաքսավորի առակը

Փարիսեցու և մաքսավորի առակը

Փարիսեցու և մաքսավորի առակը 
(Ղուկ. 18:9-14)


«Այս առակն էլ ասաց ոմանց, որոնք իրենք իրենցով պարծենում էին, թե արդար են, և արհամարհում էին ուրիշ շատերին։ «Երկու մարդ տաճար ելան աղոթքի կանգնելու. մեկը՝ փարիսեցի, մյուսը՝ մաքսավոր։ Փարիսեցին կանգնած էր մեկուսի և, ինքն իրեն, այս աղոթքն էր ասում. «Աստված իմ, շնորհակալ եմ Քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես՝ հափշտակողներր, անիրավներն ու շնացողները, և կամ ինչպես այս մաքսավորը. այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից»։ Իսկ մաքսավորը կանգնած էր մեկուսի և չէր իսկ կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը և ասում. «Աստվա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղավորիս»։ Ասում եմ ձեզ, սա՛ իջավ իր տունը արդարացած, ոչ թե մյուսը. Որովհետև ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի»։


Մեկնություն


«Աղոթքը ներքին հոգևոր վիճակի հայելին է, - ասում են Եկեղեցու սուրբ Հայրերը. – Նայի´ր այդ հայելու մեջ, տե´ս, թե ինչպե´ս ես աղոթում, և կկարողանաս ճիշտ ասել, թե ինչպիսին է քո ներքին հոգևոր վիճակը»: Աղոթքում լիովին բացահայտվում են մեր բարի և մութ կողմերը, հոգու մահաբեր նինջն ու հոգևոր աճը: Առակի մեջ տեսնում ենք երկու տարբեր հոգեվիճակ և երկու աղոթք. մի կողմից` փարիսեցու աղոթքը, ուր ընդամենը երկու խոսք կա` բուն աղոթական. «Աստված իմ, շնորհակալ եմ Քեզնից», իսկ մնացածը հպարտության ու ինքնափառաբանման խոսքեր են: Մյուս կողմից՝ մաքսավորի խոնարհամտությունը, որ սեփական ուժերին որևէ բարձր կամ բարի բան չի վերագրում:


Այսպիսի խոնարհությունն է քրիստոնեական բարեպաշտության և Աստծո առջև մեր արդարանալու հիմքը, որովհետև երկնքում առաջին մեղքն առաջացավ սատանայի (նախկին աջակողմյան լուսավոր հրեշտակի, լատիներեն` Լյուցիֆերի) հպարտամիտ ցանկությունից` սեփական գահն Աստծո աստղերից էլ վեր դնել (տես` Եսայ. 14:12-14). և երկրի վրա առաջին մեղքն առաջացավ մարդու հպարտամիտ ցանկությունից ` նմանվել բարին ու չարը իմացող աստվածներին (տես` Ծննդ. 3:5): Ցանկանալով բարձրանալ` մարդն ընկավ: Եվ եթե մարդկային ցեղի անմեղ ու կատարյալ առաջնեկն ընկավ ինքնամեծարման պատճառով, ապա ինչքան ոչ-հատուկ և վտանգավոր է անկյալի համար ինքնամեծարումը: «Ինչո՞ւ է հպարտանում մարդը, որ հող է ու մոխիր», - ասում է Իմաստունը (Սիրաք. 10:9): Մարդն անկյալ ու մեղավոր էակ է և Աստծո առջև պարծենալու ոչինչ չունի: Ապաշխարության միջոցով նա պետք է վերադառնա իր Երկնավոր Հոր մոտ և իր կյանքը հանձնի Աստծո շնորհի առաջնորդությանը: Մաքսավորը գիտակցում էր, որ զուր է գործերով արդարանալը: 


Ուրիշներին դատելն ու ստորացնելը հատուկ չէ այն մարդուն, ով գիտի, որ ամեն բան, ինչ որ ունի, իրեն Աստծուց է տրված: Բայց փարիսեցին կատարելությունը վերագրեց ինքն իրեն` սեփական ուժերին: Սակայն, ով հիանում ու պարծենում է իր գործերով, նա չգիտի կամ մոռանում է, որ առանց Աստծո օգնության` սեփական ուժերով չենք կարող ոչ միայն ողջ օրենքը կատարել, այլև ընդհանրապես որևէ բարիք գործել: Հպարտության կորիզը, ըստ երանելի Հովհան Սանդուղքի, «սեփական գործերի անպատկառ քարոզչությունն է»: Եվ եթե մեկը կատարելությունն իրեն է վերագրում, և ոչ` Աստծուն, այլ բան չի անում, քան մերժում է Աստծուն և ապստամբում Նրա դեմ:
Հնարավոր է, որ փարիսեցին վատ մարդ չէր: Համենայնդեպս, նա ոչ ոքին վատություն չի արել: Բայց առակից տեսնում ենք նաև, որ մի կարգին բարի գործ էլ չի արել: Նա ուղղակի կատարում էր տարբեր մանր-մունր, երկրորդական կրոնական արարողություններ, որոնք հինուխտյան օրենքով չէին էլ պահանջվում, և ինքն իր մասին շատ բարձր կարծիք ուներ: Պարծենալով, թե նման չէ այլ մարդկանց` «նա ողջ աշխարհը դատապարտեց, իսկ իր անձն արդարացրեց», - ասում է Ս. Հովհան Ոսկեբերանը: Նման տրամադրվածությամբ մարդիկ ի վիճակի չեն ինքնաքննադատորեն վերաբերվել իրենց անձին, ապաշխարել, սկսել բուն առաքինի կյանքը: Նրանց բարոյական էությունն անկենդան է. Տեր Հիսուս բազում անգամ հրապարակավ խարազանում էր հրեա դպիրների և փարիսեցիների կեղծավորությունը (տես` Մատթ. 23), բայց այս անգամ ասաց միայն, որ մաքսավորն «իջավ իր տունը արդարացած, քան թե սա» (փարիսեցին). մաքսավորի անկեղծ զղջումն Աստված ընդունեց:
Այսօր էլ կան փարիսեցիներ և մաքսավորներ` եթե ո´չ անունով, ապա` գործերով:

 

Ինքնամեծարման և ինքնագովության կիրքն այժմ էլ է տիրում անկյալ Ադամի որդիներին: Հպարտությունը չար ոգու ներշնչման պտուղն է, դա սին ու սուտ, չափազանցված կարծիքն է սեփական անձի իրական կամ կարծեցյալ կատարելությունների մասին՝ մյուսների վիրավորական ստորացման հետ մեկտեղ: Անիմաստ է հաշվելը, թե քանի բարի գործ ենք մենք կատարել մեկ օրվա կամ մեկ տարվա ընթացքում, որովհետև դրանք բոլորը նախ ծածկվում են մեր մեղքերի բազմության տակ, ինչպես վայրկյանը` հավիտենության, և հետո, այդ հաշիվները պետք չեն Աստծուն: Նա մեր սիրտն է ցանկանում (տես` Առակ. 23:26): Կատարած բարի գործերի թվի մասին մտածելը բերում է օրինապաշտության, ձևամոլության,  ինչպես դա հատուկ էր փարիսեցիներին: Բայց Տերն ասում է. «Եթե ձեր արդարությունը ավելի չլինի, քան օրենսգետներինը և փարիսեցիներինը, Երկնքի Արքայությունը չեք մտնի» (Մատթ. 5:20): Քրիստոնեական բարեպաշտության ճշմարիտ սխրանքների համար հարկավոր է փարիսեցու արտաքին բարի գործերին միաձուլել մաքսավորի ներքին խոնարհամտությունը: 


(Ըստ երանելի Թեոփիլակտոս արքեպս. Բուլղարացու «Մատթեոսի Ավետարանի մեկնությունը» գրքի և Սուրբ Հայրերի խոսքերի)

  • 2021-10-12
×