Առատաձեռն տանուտերի և մշակների առակը

Առատաձեռն տանուտերի և մշակների առակը

Առատաձեռն տանուտերի և մշակների առակը 
(Մատթ. 20: 1-16)  


«Երկնքի արքայությունը նման է մի տանուտերի, որ առավոտյան ելավ իր այգու համար մշակներ վարձելու։ Եվ մշակների օրավարձը մեկ դահեկան սակարկելով՝ նրանց ուղարկեց իր այգին։ Եվ առավոտյան ժամը իննի մոտ դուրս ելնելով՝ տեսավ ուրիշների, որ պարապ կանգնել էին հրապարակում։ Նրանց էլ ասաց. «Դո՛ւք էլ գնացեք իմ այգին, և ինչ որ արժան է, կտամ ձեզ»։ Նրանք ևս գնացին։ Եվ դարձյալ դուրս ելնելով կեսօրին ու կեսօրից հետո ժամը երեքի մոտ՝ նույն ձևով արեց։ Եվ ժամը հինգի մոտ դուրս ելնելով՝ գտավ ուրիշների, որ պարապ կանգնել էին. նրանց ասաց. «Ինչո՞ւ եք այստեղ ամբողջ օրը պարապ կանգնել»։ Նրան ասացին. «Որովհետև մեզ ոչ ոք չվարձեց»։ Նրանց ասաց. «Դո՛ւք էլ գնացեք այգին, և ինչ որ արժան է, կստանաք»։ Եվ երբ երեկո եղավ, այգու տերը իր գործավարին ասաց. «Կանչի՛ր մշակներին և տո՛ւր նրանց վարձը՝ սկսած վերջիններից մինչև առաջիններր»։ Երբ եկան ժամը հինգի մոտ վարձվածները, յուրաքանչյուրը մեկ դահեկան ստացավ։ Աոաջիններն էլ գալով՝ կարծում էին, թե ավելի կստանան, բայց նրանք էլ յուրաքանչյուրը մեկ դահեկան ստացան։ Երբ առան, տրտնջում էին տանտիրոջից ու ասում. «Դրանք՝ այդ վերջինները, մեկ ժամ գործ արեցին, իսկ դու դրանց հավասար արեցիր մեզ, որ տարանք օրվա ծանրությունը և տոթը»։ Նա պատասխանեց նրանցից մեկին և ասաց. «Ընկե՛ր, քեզ չեմ զրկում, չէ՞ որ ինձ հետ մեկ դահեկանի սակարկեցիր. ստացի՛ր քոնը և գնա՛.  այս վերջիններին կամենում եմ տալ որքան և քեզ. միթէ իրավունք չունե՞մ իմ ունեցածի հետ վարվելու, ինչպես կամենում եմ։ Կամ թե՝ նախանձո՞ւմ ես, որ ես առատաձեռն  եմ»։   Այսպես,  վերջինները  առաջին   պիտի   լինեն,   և   առաջինները` վերջին, որովհետև բազում են կանչվածները, բայց սակավ են ընտրյալները»։ 


Մեկնություն


Այս առակն ասվեց ի պատասխան Պետրոս Առաքյալի միամիտ հարցի, թե «Ահավասիկ, մենք թողեցինք ամեն բան և եկանք Քո հետևից. արդ, մենք ի՞նչ կունենանք» (Մատթ. 19:27):

Այս առակում Տերը ցույց է տալիս կրոնի նկատմամբ սպառողական մոտեցման ոչ-ճիշտ լինելը: Մարդն իր փրկության համար այնքան քիչ բան է անում, որ վաստակի և պարգևատրման մասին խոսք լինել չի կարող: Այս առակը մեզ սովորեցնում է, որ Աստծո շնորհը, ինչպես և հավիտենական կյանքը, տրվում է մարդուն ոչ թե նրա գործերի կամ եկեղեցում անցկացրած ժամանակի թվաբանական հաշվարկի արդյունքում, այլ` Աստծո ողորմության շնորհիվ:  


Ինչպես տանուտերն ինքը ելավ իր համար աշխատողներ փնտրելու, այդպես էլ Քրիստոս Ինքն Իր մոտ է կանչում մշակներին. «Ոչ թե դուք Ինձ ընտրեցիք, այլ Ես ձեզ ընտրեցի…» (Հովհ. 15:16), - ասում է Նա Իր առաքյալներին: Ամեն բարի միտք և հոգու փրկության ու Աստծո համար աշխատելու մղում Տիրոջից է գալիս. Տերը բոլորին է կանչում` աշխատելու Իր այգում, որ Նրա Սուրբ Եկեղեցին է: Եվ մարդուց է կախված` լսել կամ չլսել այս կանչը, ընդունել սրտի մեջ շնորհի այս ազդեցությունը կամ հակառակվել դրան: Դրանում է մարդու ազատությունը: «Առավոտյան ելավ», - ասում է առակը, քանզի աշխարհի առաջին օրերից, առաջին մարդուց` Ադամից, սկսած, Տերը կանչում է մարդկանց գործելու հավիտենական կյանքի համար` խոստանալով «մեկ օրվա» (այս կարճաժամկետ կյանքի) աշխատանքի դիմաց «մեկ դահեկանը»` երկնքում հավիտենական երանության պարգևը: 


Երբ բարի տերը հրամայում է սկսել հաշվարկը օրվա վերջում եկածներից և սովորական դահեկանը հավասարապես տալ բոլորին, ուզում է դրանով հասկացնել առաջիններին, որ, նախ և առաջ, նրանք իզուր էին սակարկել տանուտիրոջ հետ, լավ կլիներ վստահել նրա բարությանը և այն ժամանակ գուցե ավելի շատ ստանային. այսպես կլինի բոլոր նրանց հետ, ովքեր պարծենում են իրենց բարի գործերով` սպասելով Երկնավոր Տանուտերից ոչ թե իրենց նկատմամբ ողորմածություն, այլ` հասանելիք վարձատրություն: Տերն ակնարկում է նաև, որ օրվա վերջում եկած խեղճերի պարապ ժամանակ անցկացնելն իրենց հանցանքից չէ. թո´ղ օգտվեն, քանի որ աշխատելու նպատակ ունեին, ու երբ տանուտերն ասաց. «Գնացեք իմ այգին, աշխատեք, և ձեզ հարմար կվճարեմ», - այդ մարդիկ խոսքը երկու չեն անում, թե որքան պետք է լինի հարմար վճարումը, չեն հարցնում և գնում են այգի՝ ջանասիրաբար աշխատելու։


Առակի բարոյական իմաստն այն է, թե տիեզերքի Տանուտերր՝ Աստված, չի մեղադրում այն մարդուն, ով անկատար է, այդպիսիների հանդեպ ողորմած է լինում՝ նրանց պակասն Իր գթությամբ լրացնելով: «Իմացեք, - ասում է ս. Ոսկեբերանը, - որ մենք վարձված մշակներ ենք: Տիրոջ հետ սակարկելը վայել չէ. աշխատի´ր, կատարի´ր Նրա սուրբ պատվիրանները, իսկ պարգևատրելը Նրան թող: Նա Գթասիրտ է և կտա քեզ ավելին, քան կարող ես ցանկանալ»: Գործերն անհրաժեշտ են, քանզի առանց գործերի հավատը մեռած է (տե´ս` Հակ. 2:26),  սակայն դրանք բոլորը  մեր պարտքն են միայն, և ո´չ թե վաստակն Աստծո առաջ: 


Սակայն Հիսուսի առակում մի իմաստ էլ կա։ Սակարկող և գործը վաղ սկսած մշակները Հին Օրենքի մարդիկ են, ում հետ Աստված Մովսեսի միջնորդությամբ դաշինք կնքեց և ուխտ հաստատեց։ Իսկ մի պահ անգործ մնացող մշակները հեթանոսներն են, որոնց հետ կնքված չէր աստվածային ուխտր և այգուց դուրս էին մնացել, բայց երբ տեսնում են Տանուտերին և գործի առիթը բացվում է, շտապում են հետզհետե իրենց պարտքը կատարել։ Աստված նրանց հանդեպ գթասիրտ է գտնվում՝ նրանց էլ արժանացնելով այն շնորհին, որին արժանացել էին Հին Ուխտի մարդիկ։ Այսպես վերջինները հավասարվում են առաջիններին, մինչ առաջիններն էլ նույնանում են վերջիններին։ Իսկ «բազում են կանչվածները, բայց սակավ են ընտրյալները» ասածը, պատմված առակի հետ բաղդատելով, այն իմաստն է տալիս, թե բոլոր սրանք, որ վարձի արժանացան, «ընտրյալ» են, և թե որևէ ժամի Ավետարանի այգում աշխատության կոչեցյալները շատ են։ Ամբողջ աշխարհը հրավիրված է, բայց, դժբախտաբար, բոլորը չեն ներկայանում, չեն աշխատում, վարձի չեն արժանանում։
Մեզ էլ Տերը տարբեր ժամերի է կանչում` աշխատելու հոգու փրկության համար. ոմանց` «առավոտյան»` վաղ պատանեկության մեջ, ոմանց` «երրորդ, վեցերորդ և իններորդ ժամին»` տարբեր տարիքներում, և ոմանց` խոր ծերության մեջ, կյանքի «տասնմեկերորդ ժամին», «նայած թե ով երբ պատրաստ է Նրան հնազանդվել», - ասում է Ս. Ոսկեբերանը: Խելացի ավազակը, որը մահվանից մի քանի ժամ առաջ կատարելապես զղջաց և ապաշխարեց խաչի վրա և ամբողջ սրտով հավատաց մերժված ու տանջահար Հիսուսին, արժանացավ Երկնքի Արքայությանը` հավասար մյուս արդարների հետ, որոնք մանկությունից ի վեր Աստծուն էին ծառայում:

«Եվ արդ, կավարտվի գործելու ժամանակը` երկրավոր կյանքը, կսկսի երեկոն և վերջին հաշվետվությունը` դադաստանը մահվանից հետո, իսկ հետո և համընդանուր հատուցման օրը. դատաստանի առջև կկանգնեն բոլոր ժամանակների և բոլոր տարիքի մարդիկ, և ո՞վ գիտի,  գուցե մենք, թվացյալ ճշտակատարության համար ինքներս մեզ բարեպաշտ քրիստոնյաներ համարողներս, մեղավորներից վատը դուրս կգանք»: «Այդ պատճառով, - գրում է Սրբազան Ֆեոֆան Ճգնավորը (Затворник), - մի հպարտացիր նրանց մոտ, ովքեր քեզնից հետո են սկսել Աստծո գործը կատարել, և մի հուսահատվիր, եթե ինքդ էլ ուշացած գործի լծվես: Պետք չէ ծերությունը պատճառ բռնել և հուսահատվել` կարծելով, թե արդեն ուշ է»: «Նույնիսկ կարճ ժամանակում հնարավոր է այս ամենը ձեռք բերել, - ասում է Ս. Ոսկեբերանը, – քանզի մեր Տանուտերը սիրաշատ է և առատաձեռն, և վերջիններին առաջինների պես է ընդունում, տասնմեկերորդ ժամին եկածին խաղաղեցնում է առավոտվանից աշխատածի հետ հավասար…»:

Աստված ողորմում է բոլորին հանուն Իր Միածին Որդու, և ո´չ` իրենց արժանիքների համար: Մարդու բարի արարքներն ու քրիստոնեավայել կենցաղը վկայում են նրա կրոնական համոզմունքների անկեղծության մասին, ամրացնում մարդու մեջ շնորհով ստացած ձիրքերը, սակայն իրավաբանական առումով Աստծո առաջ արժեք չեն նեկայացնում:

(Ըստ երանելի արքեպս. Թեոփիլակտոս Բուլղարացու «Մատթեոսի Ավետարանի մեկնությունը» և հայ նշանավոր պատրիարք Մաղաքիա Օրմանյանի «Համապատում» գրքերի, նաև Սուրբ Հայրերի գրվածքներից):
  • 2021-10-12
×