Մամոնայի մասին առակը

Մամոնայի մասին առակը

Մամոնայի մասին առակը 
(Ղուկ. 16: 10-13)


«Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ հավատարիմ է. իսկ քչի մեջ անիրավը շատի մեջ էլ անիրավ է: Արդ, եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ձեզ ո՞վ կվստահի ճշմարիտը: Եվ եթե օտարինը եղող բանի մեջ հավատարիմ չեղաք, ձերը ո՞վ կտա ձեզ: Ոչ մի ծառա երկու տիրոջ ծառայել չի կարող. որովհետև, եթե մեկին ատի, մյուսին կսիրի. կամ եթե մեկին մեծարի, մյուսին էլ կարհամարհի: Չեք կարող և´ Աստծուն ծառայել, և´ մամոնային»:


Տերը դարձյալ սովորեցնում է, որ երկրավոր ունեցվածքը պետք է տնօրինել Աստծո կամքի համաձայն: «Քիչ բանի մեջ հավատարիմը», այսինքն` այս աշխարհում  իրեն վստահված ունեցվածքը ճիշտ տնօրինողը, «շատի մեջ էլ հավատարիմ է», այսինքն` նաև հանդերձյալում արժանի է ճշմարիտ հարստության: «Քիչ բան» է կոչում աշխարհի հարստությունը, քանի որ այն իսկապես չնչին է, քանզի անցողիկ է. իսկ  «շատը» երկնային հարստություն է, որը միշտ կա և դեռ կավելանա: «Անիրավ» է կոչում այն հարստությունը, որ աննպատակ կուտակել ենք և չենք տվել աղքատներին, քանի որ ուրիշի ունեցվածքի հափշտակությունը և աղքատների հասանելիքը իրեն պահելն անարդարություն է: Այսպես, այս ունեցվածքը ոչ ճիշտ և անիրավ կերպով տնօրինողին «իրական» հարստությունն ո՞վ կվստահի: Մենք ինքներս ոչինչ չենք բերել այս աշխարհ, այլ մերկ ենք ծնվել: Մեր բաժինը Երկնային և Աստվածային ունեցվածքն է, քանի որ այնտեղ է մեր բնակարանը: (տե´ս`  Փիլիպ. 3:20): 


Տերը մեզ սովորեցնում է նախ և առաջ Աստծո Արքայությունը փնտրել և չշեղվել այդ փնտռտուքից ուրիշ հոգսերով, հոգ չանել աշխարհի կորստական գանձեր ձեռք բերելու մասին, որոնք հեշտությամբ փչանում և ոչնչանում են. «Գանձեր մի´ դիզեք ձեզ համար երկրի վրա, ուր ցեց և ժանգ ոչնչացնում են, և ուր գողեր պատերն են ծակում ու գողանում, այլ գանձեր դիզեցե´ք ձեզ համար երկնքում, որտեղ ո´չ ցեց և ո´չ ժանգ չեն ոչնչացնում, և ո´չ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում. քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» (Մատթ. 6:19-21):  


Արծաթասիրությունը, այսինքն` հարստանալու կրքոտ ցանկությունն ամենուր պախարակվում է: (տե´ս`  Ա Տիմ. 6:9-10): Այսպես և Դավիթն էր պատվիրում. «Եթե հարստությունն առվի պես իսկ հոսի, թող ձեր սրտերը չցանկանան» (Սաղ. 61:11): Երկրավոր գանձն ունեցողը մտքով ու սրտով մշտապես դրա հետ է. սակայն քրիստոնյան իր ամբողջ մտքով ու սրտով պետք է լինի երկնքում. նա չպիտի տարվի նյութական ձեռքբերումներով, այլ` ձգտի երկնային գանձեր ձեռք բերել, որոնք առաքինություններն են:  Դրա համար անհրաժեշտ է աչքի բիբի պես խնայել սիրտը երկրավոր կրքերից, որպեսզի այն մաքուր մնա և չդադարի լինել մեզ համար հոգևոր, երկնային Լույսի հաղորդիչ, ինչպես աչքերը ֆիզիկական լույսն են հաղորդում:  
 
«Մամոնա»-ն արամեական բառ է, որ նշանակում է «հարստություն»: Մամոնան նաև ասորական աստվածություն է` երկրավոր հարստությունների հովանավոր և աշխարհիկ գանձերի մարմնավորում: Ով մտադիր է միաժամանակ ծառայել և´ Աստծուն, և´ մամոնային, ասես, կամենում է միաժամանակ հաճեցնել երկու հակառակ բնավորություն ունեցող և հակառակ պահանջներ ներկայացնող տերերի,  և այս դեպքում «մեկին կատի, մյուսին կսիրի… մեկին կմեծարի, մյուսին էլ կարհամարհի»: Քրիստոս մեզ տանում է դեպի երկնավորը և հավերժականը, իսկ ունեցվածքը` դեպի երկրավորը և ապականացուն, և այս տեսակ` հավիտենական փրության գործին խանգարող երկվությունից խուսափելու համար անհրաժեշտ է հրաժարվել կերակուրի, ըմպելիքի և հագուստի մասին չափազանց և ավելորդ հոգսերից, որոնք կլանում են մեր ամբողջ ժամանակը և ուշադրությունը և շեղում են մեզ հոգու փրկության հոգսերից: Ուրեմն, եթե Աստված այնքան խնամում է անբան արարածներին` թռչուններին կեր տալով և դաշտի ծաղիկներին շքեղ հագցնելով,  ապա առավել ևս մարդուն չի թողնի առանց ահրաժեշտ բաների, ով ստեղծված է Աստծո պատկերով և նմանությամբ և կոչված է Նրա Արքայության ժառանգորդ լինել: Ողջ մեր կյանքն Աստծո ձեռքերում է և անկախ է մեր հոգածություններից. օրինակ` կարո՞ղ ենք արդյոք մենք հոգս անելով մեր հասակի վրա մեկ կանգուն ավելացնել: Լեռան Քարոզի այս հատվածը (Մատթ. 6:25-34) մեզ է ներկայացնում Իր արարածների մասին հոգացող Աստծո նախախնամության սքանչելի պատկերը: «Հոգ մի´ արեք վաղվա մասին, որովհետև վաղվա օրը իր մասին կհոգա»: Մենք նույնիսկ չգիտենք, թե վաղվա օրը մեզ ինչ կմատուցի` գուցե այնպիսի հոգսեր, որոնց մասին անգամ չենք/չէինք էլ մտածում: Սակայն դա չի նշանակում, որ պետք է ընդհանրապես բոլոր հոգսերը թողնել և տրվել անգործության, ինչպես մեկնում էին այս տողերը որոշ հերետիկոսներ: Աշխատանքը Աստծուց մարդուն պատվիրված է դեռ դրախտում, մինչ մեղանչելը (տե´ս`  Ծննդ. 2:15),  ինչը կրկին հաստատվում է Ադամին դրախտից արտաքսելու ժամանակ (տե´ս`  Ծննդ. 319): Դատապարտվում է ոչ թե աշխատանքը, այլ ապագայի, վաղվա օրվա մասին չափազանցված, ճնշող հոգածությունը: Ապագան մեր իշխանությունից դուրս է, և մինջև վաղվա օրը պետք է դեռ ապրել: Կարևոր է այն, թե ինչ ենք արժևորում. «Նախ խնդրեցեք Աստծո արքայությունը և նրա արդարությունը», և` անկախ դրանից, Տերն Ինքը հոգում է մեր մասին, որ ունենանք երկրավոր կյանքի համար անհրաժեշտ ամեն բան, ինչի մասին հոգսը չպետք է տանջի և ճնշի մեզ այնպես, ինպես անհավատ հեթանոսներին:


(Ըստ եպս. Ալեքսանդր Միլեանթի «Քառավետարան:  Նոր Կտակարանի Սրբազան Գրությունների ուսումնասիրության ուղեցույց» գրքի)

  • 2021-10-13
×