Հարսանեկան խրախճանքի առակը
(Մատթ. 22: 2-14; Ղուկ. 14: 16-24)
«Երկնքի Արքայությունը նմանվեց մի թագավորի, որ իր որդու համար հարսանիք արեց: Եվ ուղարկեց իր ծառաներին` հրավիրվածներին հարսանիքի կանչելու. ու նրանք չուզեցին գալ»: Այս առակը բոլոր մարդկանց Երկնքի Արքայություն կանչելու մասին է: Հայր Աստված, որ թագավորն է, հարսանիք արեց Իր Միածին Որդու` փեսայի համար: Հարսը՝ Քրիստոսի Սուրբ Եկեղեցին է, որն անապականություն է ընդունում` Նրա հետ միավորվելով և հաղորդվելով (Տե´ս` Երեմ. 3:14; Եփես. 5:23-25, 32; Ա Կորնթ. 15:53)։ Ծառաներ կոչում է Մովսեսին և մարգարեներին։ Այդ հարսանիքին, նախ և առաջ, հրեաներն էին հրավիրված, սակայն հրաժարվեցին գալ:
«Առաջինն ասաց. «Ագարակ գնեցի և պետք է, որ գնամ տեսնեմ…»: Եվ մյուսն ասաց. «Հինգ լուծ եզներ գնեցի. գնում եմ դրանք փորձելու… »: Իսկ մյուսն ասաց. «Կին եմ առել, դրա համար էլ չեմ կարող գալ»: Այս երեք կերպարները մեզանից յուրաքանչյուրին են անձնավորում: Նա, ով ագարակ էր գնել, իր առաջնահերթ պարտականությունն էր համարում այն մշակել, ով եզներ էր գնել` նրանց փորձել: Ընդհանուր առումով, նրանք, ըստ իրենց՝ զբաղվում էին աշխարհի բարենորոգմամբ և համարում ամենակարևորը: Կին ունեցողն իր ընտանիքով էր ուրախանում և նրան անհրաժեշտ չէր Տիրոջ ուրախությունը: Փաստորեն, նրանք հրաժարվեցին անմիտ պատճառներով՝ ագարակ գնելուց հետո իմաստ չունի գնալ և տեսնել, չէ՞ որ այն քոնն է և ոչ մի տեղ չի կորչի, նույնպես՝ եզները: Երրորդն էլ չասաց` այսօր ամուսնանում եմ, խոսքը հարսանիքի մասին չէր, այլ` դեռ չէր կշտացել հաճույքներից և չէր ցանկանում ընդհատել դրանք և գնալ Տիրոջ մոտ, կամ էլ անհավատության պատճառով վախենում էր, որ այս ժամանակավոր ուրախությունն իրենից կվերցվի ու կկորչի հավիտենության մեջ:
Ամեն մեկը մի պատճառ գտավ` Աստծո կանչին ականջ չդնելու, քանի որ նրանք խճճվել էին աշխարհի հոգսերում: Նշված զբաղմունքները՝ ըստ էության, Աստծուն ծառայելուն չէին խանգարում: Աբրահամն էլ ուներ մեծ հողատարածքներ, իսկ Հակոբի տնօրինության տակ էին Եգիպտոսի բոլոր եզները: Սուրբ հայրապետները և առաքյալները կին և ընտանիք ունեին: Սակայն նրանց համար առաջնահերթ Աստծուն ծառայելն էր ու Նրա հետ հաղորդակցվելը:
Ստեփանոս Սյունեցին էլ այսպես է մեկնաբանում առակը: Ովքեր ագարակ գնեցին` աղանդի ուսմունքը սովորեցին: Հինգ զույգ եզներ գնողը նա է, ով թողնելով հայտնի և հոգևոր ապրումները, միայն մարմնի հինգ զգայարաններով է իմաստասիրում, սակայն դրանք միայն երկրավոր կյանքի համար են և երկնավոր կյանքը չեն ըմբռնում: Ով կին էր առել, հոգևոր իմաստության փոխարեն իր կյանքում ընդունել էր ստրկությունը, մարմնասիրությունը, ինչպես նաև այս աշխարհի զբաղմունքներն ու ցանկությունները:
«Դարձյալ ուրիշ ծառաներ ուղարկեց` ասելով. «Հրավիրվածներին ասացե´ք` ահա իմ ճաշկերույթը պատրաստեցի. իմ զվարակները և իմ պարարտ անասունները մորթված են, ու ամեն ինչ պատրաստ է, եկե´ք հարսանիքի»: Ուրիշ ծառաների ուղարկեց` դարձյալ կանչելու հրեա ժողովրդին` ուսուցիչ-վարդապետներին ու ժողովրդապետերին: Ճաշն աստվածային իմաստության ու գիտության սեղանն է, մեծ ցուլերը՝ Աստծո մասին ուրախ խոսքերը: Պարարտ կոչվում է ճշմարիտ վարդապետությունը, որը պարարտացնում է հոգիները:
«Սակայն նրանք, բանի տեղ չդնելով, գնացին` մեկն իր ագարակը, մեկն իր առևտրին. ուրիշներ էլ բռնեցին նրա ծառաներին, անպատվեցին ու սպանեցին: Իսկ թագավորը երբ լսեց, բարկացավ և իր զորքն ուղարկեց ու բնաջնջեց սպանողներին և այրեց նրանց քաղաքը»: Այսպես, հրեաներն, ընտրյալ ժողովուրդ լինելով, դարերով պատրաստվում էին Մեսիայի թագավորություն մտնել, իսկ վերջին պահին Քրիստոսի կանչով չգնացին Նրա Եկեղեցի, ինչպես նախկինում, արհամարեցին Աստծո մարգարեների հորդորները: Բացի այդ, նրանք անպատվեցին Աստծո կողմից ուղարկվածներին և նրանցից շատերին սպանեցին, որի համար չարաչար պատժվեցին: Զորքն Աստծո հրեշտակների զորքն է, ինչպես նաև ըստ Քրիստոսի մարգարեական խոսքի, Վեսպասիանոսն իր զորքով Քրիստոսի խաչելությունից հետո Հրեաստան ներխուժեց, քանդեց Երուսաղեմի տաճարը և հրկիզեց հրեաների քաղաքները:
«Ապա իր ծառաներին ասաց. «Հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածներն արժանի չէին: Արդ, գնացե´ք հրապարակները և ում որ գտնեք, կանչեցե´ք հարսանիքի»: Այստեղ ծառաներն առաքյալներն ու հրեշտակներն են, որոնք ստացել են հեթանոսներին կանչելու առաքելությունը։ Ինչպես և ասացին առաքյալները հրեաներին. «Ձեզ հարկավոր է նախ պատմել Աստծո Խոսքը, բայց որովհետև ձեզ անարժան դարձրիք հավիտենական կյանքի համար, այդ պատճառով հեթանոսներին ենք գնում» (Տե´ս` Գործք. 13:46): Այսպես, հրեաների փոխարեն, Աստված առաքյալների և առաջին լուսավորիչների միջոցով Իր Եկեղեցի հարսանիքի կանչեց հեթանոս ազգերին, այդ թվում`և մեզ:
«Աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին բեր մտցրո´ւ այստեղ»: «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը...» (Մատթ. 5:3): Արդյունքում հենց աղքատները եկան խրախճանքի: Ահա թե Սուրբ Գիրքն ի´նչ է ասում խեղանդամների, կաղերի և կույրերի մասին` համեմատելով նրանց լեռան քարոզի երանելիների հետ. «…Լավ է, որ դու մեկ ձեռքով կամ կաղ մտնես կյանք, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս և հավիտենական կրակի մեջ ընկնես» (Մատթ. 18:8): Եվ արդյունքում ամեն ինչ ճիշտ ստացվեց. խնջույքին ներկայացան նրանք, ովքեր պետք է լինեին, ում պատկանում է Երկնքի Արքայությունը:
«Եվ ծառան ասաց. «Տե´ր, ինչ հրամայեցիր` կատարվեց, և էլի տեղ կա»: Եվ տերը ծառային ասաց. «Դո´ւրս եկ ճանապարհներն ու ցանկապատների առաջ և մարդկանց այստեղ մտցրո´ւ, որպեսզի տունս լցվի»: «Եվ ծառաները ճանապարհների վրա ելնելով` հավաքեցին բոլոր նրանց, ում գտան` և´ չարերին, և´ բարիներին. և հարսանիքը լցվեց հրավիրվածներով»: Իսրայելից հավաքեցին չարերին` մաքսավորներին և մեղավորներին, որպեսզի թողնեն իրենց չարությունն ու հագնեն հարսանյաց հանդերձ և ստանան աստվածային կերակուր։ Նաև կանչեցին բարիներին, որ հեթանոսներն էին։ Բարի ասելով` պետք է հասկանալ այնպիսիներին, ովքեր բնական օրենքներով էին ապրում և հոժարությամբ ընդունեցին բարի վարդապետությունը: Նրանց մասին է ասում Տերը. «Արևելքից և արևմուտքից շատերը պիտի գան ու Երկնքի Արքայության մեջ սեղան պիտի նստեն Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ» (Մատթ. 8:11):
Հարսանեկան խնջույքը, որի մասին խոսվում է առակի մեջ, նաև Սուրբ և Անմահ Պատարագն է: Մորթված զվարակը հենց Ինքն` Աստծու Գառն է, որ զոհվեց մեզ` մեղավորներիս փրկության համար, որպեսզի հագենանք Նրա Սուրբ Մարմնով և Արյամբ, որ միանանք Նրա հետ ամենասերտ միությամբ, որ լինենք մարմին` Նրա Մարմնից և ոսկոր` Նրա Ոսկրերից, ինչպես որ հարկ է հարսին` Եկեղեցուն (Տե´ս` Ծննդ. 2:23): Ուստի, արքայորդու ամուսնությունը քրիստոնյա հոգիների և Քրիստոսի միությունն է՝ Սուրբ Հաղորդության խորհրդով: Խնջույքը Նրա Մարմնի և Արյան ճաշակումն է: Բայց արդյո՞ք շատերն են շտապում այս Աստվածային խնջույքին: Արդյո՞ք այսօր էլ չեն խուսափում (մեծավ մասամբ) այս երկնային անապական ընթրիքին մասնակցել անհոգության և ծուլության, թերահավատության, մեծամտության, շատ քնելու ու կենցաղային տարբեր պատճառներով և այլ նկատառումներով: Սա ո՞վ չի տեսնում, չի նկատում, չգիտի: Հաճախ ժամանակ չենք գտնում` գնալու հավատի և Աստծո հետ հանդիպման խնջույքի, որովհետև ցանկանում ենք հողը մշակել, իսկ արդյունքում այն մեզ է կլանում: Այսպիսին է մեր թերահավատությունը, հոգևոր թուլամտությունը, աշխարհամոլությունը, հավատի մեծագույն խորհրդի նկատմամբ մեր անուշադրությունը, քրիստոնյաների ունայնությունը և անշնորհակալությունը Տիրոջ նկատմամբ, Ով Ինքն Իրեն է առաջարկում որպես կերակուր և ըմպելիք մարդկանց մաքրագործման, սրբացման և անմահության համար:
Ովքե՞ր են այս անարժանները: Արդյո՞ք մերժված չեն նրանք Աստծուց, որովհետև իրենք մերժեցին Նրան իրենց ամբողջ կյանքով: Սրա համար է հնչում Տիրոջ արդար դատավճիռը. «Ասում եմ ձեզ, որ այդ հրավիրվածներից ոչ ոք իմ ընթրիքից չի ճաշակի», «որովհետև կանչվածները բազում են, իսկ ընտրյալները` սակավ»: Սա նշանակում է, որ անգամ քրիստոնյաներից ոչ բոլորն են, որ Երկնքի Արքայություն կմտնեն:
«Եվ երբ թագավորը ներս մտավ հրավիրվածներին նայելու, այնտեղ տեսավ մի մարդու, որ հարսանիքի զգեստ չէր հագել, ու նրան ասաց. «Ընկե´ր, որ հարսանիքի զգեստ չունեիր, ինչպե՞ս այստեղ մտար»: Եվ նա պապանձվեց: Այն ժամանակ թագավորը ծառաներին ասաց. «Կապեցե´ք դրա ոտքերն ու ձեռքերը և դո´ւրս հանեցեք դրան, արտաքին խավարը. այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում»: Քրիստոս Ինքն Իրեն Փեսա է անվանում, իսկ հրավիրվածներին` հարսանքավորներ (Տես` Մատթ. 9:15): Եվ ահա, թագավորը նախքան ուրախության սկսելը ներս մտավ, որպեսզի տեսնի, թե ո՞վ է հրավիրվածներից ուրախության արժանի, ով` ոչ: Եկեղեցուն անդամագրվելու համար ամեն մեկից պահանջվում է արքայի առաջարկած հարսանյաց զգեստը հագնել: Դա մկրտությամբ մաքրված և վերածնված հոգու պայծառ զգեստն է, որը պետք է հագնի ամեն ոք, ով դառնում է Եկեղեցու անդամ, այդ պատճառով մկրտվող մանկանը ճերմակ շապիկ են հագցնում` որպես հոգու մաքրության խորհրդանիշ:
Անփույթ հյուրը նույնպես գիտեր, որ արքայի խնջույքին պետք է պատշաճ զգեստով ներկայանալ, ստացավ այն, բայց արհամարեց և չհագավ: Եվ քանի որ չէր հանել չարության և ապականության զգեստը, և նենգությամբ ու խորամանկությամբ էր մտել, այսինքն՝ անաստվածությամբ ու ամբարշտությամբ, իր հետ ոչինչ չբերելով Քրիստոսի պատվիրաններից ու բարի գործերից, այդ պատճառով պապանձվեց, որովհետև պատասխան չուներ, սակայն դեռ ոչ-սպառնալից, այլ մեղմաբարո հանդիմանությանը՝ «Ընկե´ր, ինչպե՞ս այստեղ մտար»: Եվ պատժվեց, քանզի գիտեր, թե ինչ պիտի աներ, սակայն չարեց: Հրեշտակները կապեցին նրա ոտքերը և ձեռքերը և հանեցին դուրս` տանջանքների վայր, որովհետև ընտրել էր մեղսավոր ուղի և դրանով գնում էր. կապեցին ձեռքերը, որոնք ուժեղ էին չար գործեր կատարելու համար:
Նույնպես Աստծո Արքայության մասնակից չի կարող լինել այն մարդը, ով մկրտությամբ ստացած իր հոգու մաքրությունը խնամքով ու աշխատանքով իր մեջ չի պահպանում, եթե չի ջանում բարիք գործել: Միայն Աստվածաշունչն իմանալը և Աստծուն հավատալը դեռ քիչ է փրկվելու համար՝ հուսալով, որ Աստված մեզ կփրկի, ինչպես աղանդավորներն են պնդում: Անհրաժեշտ է հավատով ընդունել Աստծո շնորհը և ջանք թափել փրկության համար, որպեսզի այդ շնորհն իզուր չանցնի: Նրանք, ովքեր մաքրությամբ չեն պահպանում մկրտությամբ ձեռք բերված անմեղության և սրբության հանդերձանքը կամ մեղքերով պղծված՝ չեն լվանում ապաշխարության արցունքներով, Ահեղ Դատաստանի օրը կվտարվեն արտաքին խավար, որտեղ կլինի լաց և ատամների կրճտոց:
(Ըստ Ստեփանոս Սյունեցու «Չորս Ավետարանների համառոտ մեկնությունը» գրքի և Սուրբ Հովհան Կրոնշտադսկու խրատների)