Առակներ Ճշմարիտ Լույսի մասին

Առակներ Ճշմարիտ Լույսի մասին

Առակներ Ճշմարիտ Լույսի մասին 
(Մատթ. 5:14-15, Հովհ. 11: 9-10, Ղուկ. 11:33-36)


1. «Դո´ւք եք աշխարհի լույսը. մի քաղաք, որ լերան վրա է կանգնած, չի կարող թաքնվել: Եվ ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ` աշտանակի վրա, և նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են»: 


«Ես եմ աշխարհի Լույսը» (Հովհ. 9:5), – Իր մասին ասում է Փրկիչը: Ինչպես Հին Կտակարանում կրակե սյունը հրեաներին ցույց էր տալիս ճանապարհը Եգիպտոսից  դեպի ավելի լավ կյանք Ավետյաց երկրում, այնպես և Քրիստոս` Նոր Կտակարանում, ո´չ միայն հրեաներին, այլ նաև ողջ մարդկությանը ցույց է տալիս ճանապարհը մեղավոր կեցաղից դեպի հավիտենական երանելի կյանք: Ս. Հովհաննեսն ասում է, որ Նոր Երուսաղեմը Աստծու փառքն է լուսավորում, և Գառը ճրագ է նրա մեջ (տես` Հայտն. 21:23): Այնպես որ` «աշխարհի Լույսը» հենց Տեր Հիսուս Քրիստոսն է: Եվ քանի որ Նրան հավատացողները ընդունում են այդ լույսը և անդրադարձնում են այն աշխարհում, ուստի նրանք էլ «լույսն են աշխարհի»: Այսպիսին են Առաքյալներն ու նրանց հաջորդները` Սուրբ Եկեղեցու հովիվները, ում կոչումը Քրիստոսի լույսով լուսավորելն է: Նրանք պետք է իրենց կյանքով Աստծուն քարոզեն: Եվ Տերն ասում է. «Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5:16): Ես, ասում է, վառեցի շնորհի անմար լույսը. թող ձեր կյանքի լույսով մյուսներին լուսավորելը ձեր սխրանքը լինի, «որպեսզի լինեք անբիծ և անարատ, Աստծու որդիներ, անմեղներ` կամակոր և խոտորված ազգի մեջ, ուր պիտի փայլեք, ինչպես լուսատուներն աշխարհում» (Փիլիպ. 2:15):


«Մի քաղաք, որ լերան վրա է կանգնած, չի կարող թաքնվել»: Տերը հորդորում է Իր հետևորդներին զգոն և ուշադիր լինել սեփական կյանքի նկատմամբ, որ ուրիշների համար գայթակղության առիթ չլինեն, քանզի բոլորը նրանց պիտի նայեն. թող ապրեն անարատ և չկարծեն, թե կարող են թաքնվել:  
 Մյուս անգամ էլ պատվիրում է Իր աշակերտներին. «Ինչ ձեզ ասում եմ խավարի մեջ, դուք ասացեք լույսի´ մեջ. և ինչ լսում եք ականջի մեջ փսփսուքով, հրապարակեցե´ք տանիքների վրայից» (Մատթ. 10:27): Տերն այստեղ ի նկատի ունի հետևյալը. այն, ինչի մասին Նա զրուցում էր առաքյալների հետ առանձին`աշխարհի Պաղեստին փոքրիկ անկյունում, նրանք պետք է քարոզեին ողջ աշխարհով մեկ` բոլոր ազգերին: 


2. «Ցերեկը տասներկու ժամ չունի՞. եթե մեկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետև այս աշխարհի լույսը տեսնում է, իսկ եթե մեկը գիշերն է քայլում, սայթաքում է, որովհետև հետը լույս չունի»:


Ինչպես օրվա համար Աստված սահմանել է հայտնի տևողությունը (12 ժամ), այնպես էլ սահմանված է Քրիստոսի գործունեության համար որոշակի ժամկետ: Ինչպես այս աշխարհի համար, այսինքն սովորական մահկանացուների համար արեգակի լույսը հնարավորություն է տալիս առանց սայթաքելու քայլել կամ գործել իր ոլորտում, այպես էլ, ասում է Քրիստոս, Իր համար կա հատուկ բարձրագույն Արեգակ` ոչ այս , այլ վերին աշխարհին պատկանող, Ում լույսի մեջ Նա պետք է քայլի, թեկուզ և այս աշխարհը պաշարված լինի խավարով կամ սփռված ամեն տեսակ վտանգներով: Այդ Արեգակն Աստվածն է (տե´ս` Սաղ. 83:12, Եսայ. 60:20, Միք. 7:8): Նա «Իսրայելի լույսն է» (տե´ս` Եսայ. 10:17), Նրա զգեստը Լույսն է (տե´ս` Սաղմ. 103:2): Լույսի և Ճշմարտության ճանապարհով քայլող մարդը չի սխալվի: Բայց վայ այն մարդուն, ով Աստծո մեջ չի նշմարում իր Արեգակը, ով Աստծուն չունի իր մեջ, նա սայթաքում ու ընկնում է, «որովհետև հետը լույս չունի»: «Քանի դեռ ցերեկ է, Ես պետք է կատարեմ Նրա գործերը, Ով Ինձ ուղարկեց» (Հովհ. 9:4), – ասում է Քրիստոս, այսինքն` քանի դեռ Նա երևելի ձևով երկրի վրա է. բայց «կգա գիշերը», այսինքն Իր այս աշխարհից հեռանալու ժամանակը, երբ հրաշագործ Քրիստոս Փրկչի գործերն այս աշխարհում հայտնապես չեն լինի, ինչպես այժմ: 
Ապա Քրիստոս պարզաբանում է. «Մի փոքր ժամանակ ևս Լույսը ձեզ հետ է. քայլեցե´ք, քանի դեռ Լույսն ունեք, որպեսզի խավարը ձեզ չկլանի, քանի որ, ով քայլում է խավարի մեջ, չի իմանում, թե ուր է գնում: Քանի դեռ Լույսը ձեզ հետ ունեք, հավատացե´ք Լույսին, որպեսզի Լույսի որդիներ լինեք» (Հովհ. 12:35-36):


Այսպես, ով բարի է գործում կամ քայլում Լույսի գործերին համապատասխան, փորձանքի մեջ չի ընկնի, իսկ ով չար է գործում, կկործանվի: Եվ եթե չի սայթաքում նա, ով այս աշխարհի լույսը տեսնում է, առավել ևս չի սայթաքի նա, ով Ճշմարիտ Լույսի` Հիսուս Քրիստոսի հետ է, միայն թե չհրաժարվի Նրանից: Այս կյանքը ցերեկ է, քանի որ այս կյանքի ընթացքում` ինչպես ցերեկը, կարող ենք գործեր անել, թեև Պողոս առաքյալն այն գիշեր է անվանում, սակայն` մասնակիորեն, այն պատճառով, որ այստեղ հայտնի չեն նրանք, ովքեր բարիք կամ չարիք են գործում, և մասնակիորեն նաև համեմատած Լույսի հետ, որը լուսավորելու է արդարներին: Ապագա դարը գիշերն է, քանի որ այնտեղ ոչ ոք չի կարող գործել, այսինքն` հավատալ, քանզի հավատքն է գործ անվանում, թեև Պողոս առաքյալն այն ցերեկ է անվանում, քանի որ արդարները Լույսի մեջ կերևան, և յուրաքանչյուրի գործերը հայտնի կդառնան: 


3. «Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կդնի աշտանակի վրա, որպեսզի մտնողը լույս տեսնի: Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խավար կլինի: Արդ, զգո´ւյշ եղիր, գուցե այն լույսը, որ քո մեջ է, խավար լինի: Եթե քո ամբողջ մարմինը լուսավոր է, և նրա մեջ խավարի մաս չկա, ամեն ինչ այնպես լուսավոր կլինի, ինչպես երբ ճրագը իր շողերով լուսավորի քեզ»:


Ինչպես հայտնի է քրիստոնեական հասկացողությամբ, տեսողական ֆունկցիան, որ հասկացվում է նախ և առաջ խորհրդանշաբար որպես սրտի հոգևոր ընկալում, աստվածային հայտնությունների ճանաչման կարևորագույն ճանապարհն է: Զգայական տեսողությունն ինքնին չի կարող օգնել մարդուն, եթե չկա զգայական լույսը: Նույնն էլ վերաբերում է մարդու աստվածային լույսի մտավոր ընկալմանը: 


Մարդու միտքն Աստծո պատկերով է ստեղծված: Քանի որ Ատված լույս է, ուստի և միտքն էլ օժտված է լույսով: Սա վերաբերում է բնականորեն իր կոչման մեջ եղող մարդուն, մինչդեռ ընկած մարդու միտքը խամրում է, խավարում  և ծածկվում կրքերով: Երկրավոր վայելքներին և գանձերին կապվածությունը խավարեցնում է միտքը` մարդու այն հոգևոր աչքը, որը Քրիստոսի գալստյամբ լուսավորված է Նրա ուսմունքի և Երկնքի Արքայության մեջ հավիտենական կյանքի լույսով: Հոգևոր աչքի խավարումը ընկղմում է մարդու հոգին բարոյական խավարի մեջ; Եփեսացիներին գրած նամակում Պողոս Առաքյալը մաղթում է, «Որ Աստված.... Լուսավորի ձեր սրտերի աչքերը» (Եփես. 1:18): Ընդհանրապես Եկեղեցու ամբողջ գործունեությունն ուղղված է ամեն մարդու մեջ բացելու իր հոգևոր տեսողությունը:


Այստեղ «աչքը» ոչ միայն տեսողության աղբյուր է, այլ նաև իրերի նկատամամբ հայացք, հասկացողություն: Եթե մարդու հայացքն իրերի, իրադարձությունների նկատմամբ ճիշտ է, մաքուր է, ապա և նրա արարքներն էլ մաքուր ու ճիշտ են: Եվ հակառակը. եթե մարդն իր դատողությունների և հասկացողության մեջ մաքուր չէ, ապա նրա գործերն էլ մաքուր չեն լինի: Եվ «մարմին» ասելով պետք է հասկանանք ոչ միայն մեր նյութական մարմինը (ձեռքերը, ոտքերը, երեսը), այլ մարդն ամբողջապես` հոգին, շունչը, մարմինը, խորհուրդները, ցանկությունները, արարքները... Որպեսզի  մարմինը «լուսավոր» լինի, որպեսզի մարդը «լուսավորվի», պետք մաքուր լինեն նրա մղումները, նրա զգացմունքներն ու մտքերը:  


(Ըստ եպս. Ալեքսանդր Միլեանթի «Քառավետարան:  Նոր Կտակարանի Սրբազան Գրությունների ուսումնասիրության ուղեցույց», երանելի արքեպս. Թեոփիլակտոս Բուլղարացու «Մատթեոսի Ավետարանի մեկնությունը» և «Աստվածաշունչ մեկնությամբ (Толковая Библия): Հովհաննու ավետարանը» գրքերի):

  • 2021-10-13
×