Առակներ հոգևոր կուրության մասին

Առակներ հոգևոր կուրության մասին

Առակներ հոգևոր կուրության մասին 
(Հովհ. 9:39, Ղուկ. 6:39) 


1. «Դատաստանի համար եկա այս աշխարհը, որպեսզի, ովքեր չեն տեսնում, տեսնեն, և ովքեր տեսնում են, կուրանան...»


Նրանք, «ովքեր չեն տեսնում», մահկանացուներն են, հոգով աղքատները, ովքեր հավատացին Քրիստոսին, իսկ «ովքեր տեսնում են», նրանք են, ովքեր իրենց տեսնող և հասկացող էին համարում, ուստի և Քրիստոսին հավատալու կարիք չէին զգում` այդ թվացյալ իմաստունները, որպիսիք փարիսեցիներն էին, ովքեր մերժեցին Քրիստոսին. Տերը նրանց «կույր» է անվանում, քանի որ նրանք հոգով կուրացան` չտեսնելով Աստվածային ճշմարտությունը, որը Նա բերեց երկիր: Երբ փարիսեցիները հարցրեցին. «մի՞թե մենք էլ կույր ենք», Տերը նրանց պատասխան տվեց, ինչ չէին սպասում. «Եթե կույր լինեիք, դուք մեղք չէիք ունենա, բայց հիմա ասում եք, թե  տեսնում ենք, և ձեր մեղքը ձեր մեջ հաստատ է մնում»: Այս խոսքերի իմաստն այս է. Եթե դուք լինեիք այն կույրերից, ում մասին Ես ասում եմ, ապա դուք մեղք չէիք ունենա, քանզի ձեր անհավատությունը անտեղյակ լինելու և թուլության ներելի մեղք կհամարվեր, բայց քանի որ դուք ասում եք, թե տեսնում ենք, և համարում եք ձեզ Աստվածային հայտնության գիտուններ և մեկնիչներ, ձեր ձեռքի տակ են օրենքն ու մարգարեները, ինչի մեջ կարող եք տեսնել Ճշմարտությունը, ապա ձեր մեղքը, ոչ այլ ինչ է, եթե ոչ համառության և Աստվածային ճշմարտության նկատմամբ մոլի հակառակության մեղքը, ինչն աններելի է, քանզի Սուրբ Հոգու դեմ հայհոյության մեղքն է (տե´ս` Մատթ. 12:31-32):   


«Չէին կարողանում հավատալ և այն բանի համար, որ Եսային վերստին ասում է. Նրանց աչքերը կուրացրեց և նրանց սրտերը կարծրացրեց, որպեսզի աչքերով չտեսնեն ու սրտերով չիմանան և դարձի չգան, ու Ես նրանց չբժշկեմ» (Հովհ. 12:40, տե´ս` Եսայ. 6:10): «Երբ լսում ես, թե Աստված կուրացրեց նրանց աչքերը և քարացրեց նրանց սրտերը,- ասում է երանելի Թեոփիլակտոսը,- մի՛ մտածիր, թե Նա պարզապես ոմանց դարձնում է բարի, իսկ ոմանց` չար (քա՜վ լիցի), այլ հասկացիր, որ Աստծուց լքվեցին»: Երբ մարդն ինքն է խորասուզվում չարության և մեղքի խորքերն այնքան, որ այլևս չկա նրա ուղղվելու որևէ հույս, ապա Աստված թողնում է նրան նրա չարակամության համար: Աստծվածային խոսքը փափկեցնում է նրա՛նց սրտերը, ովքեր ընդունում են այն, իսկ խոսքից հրաժարվելը բերում է սրտի կարծրացմանը: Աստվածային լույսից զրկվելով` մարդը, ինչպես կույրը, քայլում է մեղքի խավարում:  Այսպես, արևը չի դադարում լուսավորել, սակայն երբ մայր է մտնում, գիշեր է սկսվում, և աչքերը մթության մեջ` առանց լույսի աղբյուրի, դադարում են տեսնել: Այդպես էլ Աստված մարդկանց կուրացնում է` հեռանալով նրանցից: Նրանց չարության պատճառով է հեռանում նրանցից, և երբ նրանք, ինչպես կույրեր, անդարձելիորեն մեղանչում են, նրանց անկումն անուղղելի է:


2. «Միթե կարո՞ղ է կույրը կույրին առաջնորդել. չէ՞ որ երկուսն էլ փոսը կընկնեն»:


Հոգու այս տեսակ հոգևոր կարծրության և կուրության մեջ Քրիստոս բազմակիորեն մեղադրում է փարիսեցիներին. «կույրեր են, կույրերի առաջնորդ» (Մատթ. 15:14), «Կո´ւյր առաջնորդներ, որ մժղուկները քամում եք և ուղտերը կուլ եք տալիս... Կո´ւյր փարիսեցի…» (Մատթ. 23:24, 26) և այլն: 


Այդպիսին են նաև այս աշխարհի մարդիկ, ովքեր ամեն ինչ տեսնում են միայն իրենց հարմար տեսանկյունից, դրամի պրիզմայի միջից, և ամեն ինչ լսում են դրանց զնգոցի միջով: Ահա այդ մարդիկ այս աշխարհում իրենց հեռատես են համարում: Սակայն Հիսուս մեզ` Իր աշակերտներին, ասում է, որ պետք է տեսնել մեր կյանքի հիմքն ու իմաստը` Քրիստոսին և Նրա թագավորությունը: «Ես աշխարհի Լույսն եմ» (Հովհ. 9:5),- ասում է Քրիստոս, քանզի Նա աշխարհ եկավ լուսավորելու համար մարդկությունը հոգևոր կուրությունից, ինչի օրինակը մարմնավոր կուրությունն է: Իրական տեսողությունը` Աստվածային Ճշմարտության տեսիլի ընկալումը, արդարությունն է: Եվ երբ մենք հեռանում ենք Նրանից, նույն պահին հեռանում է մեզանից մեր արդարությունը և մենք կուրանում ենք: Դրա համար առակն ասվել է այս աշխարհի մարդկանց մասին: Կույրերը նրանք են, ովքեր չեն տեսնում Քրիստոսի լույսը և քայլում են աշխարհի խավարի մեջ: Ահա և այսպիսիններն էլ առաջնորդում են միմյանց` մրցելով միմյանց միջև, թե ով նրանցից ավելի հեռու կգնա: Սակայն նրանց ճանապարհի էությունն ու վախճանը կրակով լի գեհենն է: 


Տեր Հիսուս Քրիստոս Իր աշակերտներին և հետևորդներին տեսնող արեց` բացելով նրանց հոգու աչքերը, որ կարողանան տեսնել և զանազանել աշխարհիկը երկնայինից:


(Ըստ եպս. Ալեքսանդր Միլեանթի «Քառավետարան:  Նոր Կտակարանի Սրբազան Գրությունների ուսումնասիրության ուղեցույց» և երանելի արքեպ. Թեոփիլակտոս Բուլղարացու «Ղուկասի Ավետարանի մեկնությունը» գրքերի)

  • 2021-10-13
×