Առակ փարիսեցիների, սադուկեցիների և հերովդեսականների խմորի մասին

Առակ փարիսեցիների, սադուկեցիների և հերովդեսականների խմորի մասին

31. Առակ փարիսեցիների, սադուկեցիների և հերովդեսականների խմորի մասին
(Մատթ. 16: 6, Մարկ. 8: 15, Ղուկ. 12: 1) 


«Յիսուս նրանց ասաց. Տեսե´ք, զգո´ւյշ եղեք սադուկեցիների և փարիսեցիների խմորից»:
«Եվ նա պատվիրեց նրանց ու ասաց. Զգո´ւյշ եղեք փարիսեցիների խմորից և հերովդեսականների խմորից»: 
«Նախ դուք ձեզ զգո´ւյշ պահեցեք փարիսեցիների խմորից, որ կեղծավորությունն է...»:

 
Սուրբ գրքից մենք գիտենք, որ անթթխմոր հացը նոր կյանքի խորհրդանիշն է: Այն բանից հետո, երբ տեսնելով Կենդանի Աստծու ուժը` Փարավոնն ազատ արձակեց հրեա ժողովրդին, և նրանք դուրս եկան եգիպտոսից ու ազատվեցին գերությունից,  դեպի նոր կյանք տանող ճանապարհի համար վերցրեցին բաղարջ հաց` առանց որևէ թթխմորի: Դրա համար, այն ժամանակներից սկսած` ամեն թթխմոր համարվեց անմաքրության խառնուրդ: Բայց Հերովդեսի, փարիսեցիների և սադուկեցիների թթխմորը այս առակում համարվում է ոչ թե հաց` հայտնի իմաստով, այլ այլասերված աղանդավորական ուսմունքները և երեք տարբեր աշխարհայացքներ, կամ, ավելի ճիշտ, հոգեկան վիճակի երեք կերպ` հավիտենական կյանքի խոսքն ընդունելու անընդունակությունը և Քրիստոսից մշտապես խզված լինելը, ի դեմս հերովդեսականների, սադուկեցիների ու փարիսեցիների: Եվ Քրիստոսի աշակերտները նույնպես «իմացան, թե չէր ասել, որ զգուշանան խմորից, այլ` փարիսեցիների և սադուկեցիների ուսուցումից» (Մատթ. 16: 12):
Թթխմորն ուժեղ է նրանով, որ, խառնվելով ալյուրի հետ, իր հատկությունը փոխանցում է ամբողջ հացին: Այդպես է նաև աղանդավորական ուսմունքը` անգամ փոքր կայծ մարդու սիտը գցելով` շուտով վեր է ածվում հսկա կրակի և գրավում մարդուն ամբողջապես: 


Հերովդեսականները մարդիկ էին, ովքեր հարել էին Հերովդես տիրակալի կուսակցությանը` չնայած նրա օտար ծագմանը և իր բարձր դիրքին դավաճանությամբ, շողոքորթությամբ և քծնանքով և այլ կասկածելի ծառայություններով հասած լինելուն: Նրանք խորհում էին միայն ծառայական առաջընթացի, շքեղության և հարմարավետության մասին, իսկ կրոնի պահանջները, հասարակական կյանքի շահերը, հարազատ ժողովրդի տառապանքը իրենց շատ քիչ էին հուզում: Իրենց կուշտ և անվրդով գոյության համար նրանք պատրաստ էին զոհել ամեն ինչ: Սրտի այդպիսի կարծրությունը և մերձավորի նկատմամբ անտարբեր վերաբերմունքը Քրիստոսի հետ մերձեցման համար լրջագույն արգելք է: Իսկ քրիստոնեությունը, իր գործնական իրագործմամբ, մերձավորներին ծառայելու մեջ է կայանում: Դավաճանող այլասիրությունն ու անձնապաշտությունը հենց հերովդեսականությունն է` սրտի յուրահատուկ արատ: Կարելի է խոսել պետության մասին` որպես հերովդեսականության թթխմորի, սակայն այն տրամաբանությամբ, որ պետությունից դաձնում են ֆետիշ, կուռք, ինչ մարմնավորում էին, օրինակ`  Նապոլեոնը, Հիտլերը, Ստալինը և շատ ուրիշ տիրակալներ և պետությունների ավտորիտար ղեկավարներ: 


Զգուշացե´ք, ասում է Քրիստոս, ձեր արժեքային համակարգում նյութականը շատ բարձր գնահատելուց, և կյանքը փոխելու ձեր հույսը մի´ կապեք արտաքին քաղաքական հանգամանքների փոփոխությունների հետ: «Հույս մի´ դրեք իշխանների` մարդկանց որդիների վրա, որովհետև նրանցից փրկություն չկա: Երբ դուրս գա նրանց հոգին, նրանք կրկին հող կդառնան, և նույն օրը նրանց բոլոր մտածումները կանհետանան», - ասում է սաղմոսերգուն և հույսին ճիշտ ուղղություն է տալիս. «Երանի` նրան, ում օգնականը Հակոբի Տեր Աստվածն է, և ում հույսը Տեր Աստծու վրա է...» (Սաղ. 145: 3-5):


Զգուշացե´ք նաև, ասում է Քրիստոս, այնպիսի հոգևորականությունից, որը հիմնված է արտաքին արարքների վրա միայն և անտեսում է սրտի ներքին վիճակը: 
Փարիսեցիների համար ամբողջ կրոնը սահմանափակվում էր արտաքին ծիսական կերպը և արտաքին մաքրությունը պահպանելու մեջ: Այն խոսքը, թե` «...ձեզ զգո´ւյշ պահեցեք փարիսեցիների խմորից, որ կեղծավորությունն է», մասամբ հենց մեկնությունն է առակի: Փարիսեցիները մեղադրվում են Տիրոջից այն բանի համար, որ չափից դուրս հոգում են «արտաքին»  մաքրության մասին  և արհամարում էին ներքին մաքրությունը` մաքրելով հոգին կրքերից և արատներից: Տերը փարիսեցիներին նմանեցնում է «սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երևում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով և ամենայն ապականությամբ», քանզի արտաքինից մարդկանց երևում էին արդար, բայց ներսից լի էին «կեղծավորությամբ և անօրենությամբ» (տե´ս` Մատթ. 23: 27-28): Ուստի շատ կարևոր է, որ մեր արտաքին վիճակը համապատասխանի ներքին` հոգու վիճակին: Իսկ եթե մենք մեզ բարեպաշտ ու խոնարհ ձևացնենք, բայց մտքում մյուսներին դատենք և մեր ընտանիքներում` գաղտնի, լինենք գոռոզ կամ անպարկեշտ,  ուրեմն, նույն մեղքը գործած կլինենք, որն է` կեղծավորություն, կամ` փարիսեցիություն:


Սադուկեցիների թթխմորը հանդերձյալ կյանքի և մահից հետո հոգու գոյության նկատմամբ անհավատությունն է: Սադուկեցիները, ըստ էության, Աստծուն չէին հավատում: Նրանց համար կրոնը զուտ բարի ավանդությունն էր, հրեական կյանքի սկզբունքներից մեկը: Այսօր էլ մենք հաճախ ենք լսում, թե ինչպես են պատմում սրբապատկերների, աղոթքի, տաճարների մասին զուտ մշակութաբանական տեսանկյունից` դիտելով, օրինակ, սրբապատկերը միայն իբրև որևէ վարպետի ստեղծագործություն, և ոչ թե որպես Աստծու կամ Նրա սուրբի պատկեր, իսկ աղոթքը (օրինակ` Ս. Գրիգոր Նարեկացու «Ողբերգության մատյանը»)` միայն որպես համաշխարհային բանաստեղծական արվեստի գլուխգործոց. նույնպես և  վերանորոգում են հին տաճարները` քրիստոնեական թե հեթանոսական, առանց տարբերությունը հասկանաու` իբրև անցյալի ճարտարապետական ժառանգության հուշարձաններ (և վերջ): Ահա` սա´ է սադուկեցիների խմորը:


Այստեղ տեղին են Պողոս առաքյալի խոսքերը. «Չգիտե՞ք, թե մի փոքր թթխմոր ամբողջ զանգվածը խմորում է: Մաքրեցե´ք, դե´ն նետեցեք հին խմորը, որպեսզի նոր զանգված լինեք, առանց թթխմորի. քանզի Քրիստոս` մեր Զատիկը, մորթվեց: Ուրեմն, տոն կատարենք ոչ թե հին խմորով և չարության ու անզգամության խմորով, այլ` ստուգության և ճշմարտության անթթխմոր հացով» (Ա Կոր. 5: 6-8): Բոլոր նրանք, ովքեր ընդունեցին Քրիստոսին`որպես իրենց Փրկիչ, ազատվում են աշխարհի խմորից և ստանում երկնային բաղարջ հացը, իսկ խմորված հացը Խորան չի մտնում: 


Քրիստոնյա լինել չի նշանակում միայն արտաքին, այլ, նախ և առաջ, ներքին փոփոխություն ունենալ` փոփոխել մտքի և զգացմունքների կերպը, համապատասխանեցնել դրանք ավետարանական իդեալին, ավետարանական երանիների պատվիրաններին: Ո՛չ երկար զգեստները և ո՛չ էլ դեմքի պահեցողական արտահայտությունը պետք է լինեն քրիստոնյայի սեփականությունը, այլ կյանքի բոլոր հանգամանքներում մշտապես արտահայտվող համբերատարությունը, կարեկցանքը, գթասրտությունը, օգնությունը կարիքավորներին, խղճով լինելը և պատասխանատվությունը: (Ըստ եպս. Վասիլի Պրեոբրաժենսկու «Զրույցներ Մարկոսի Ավետարանի շուրջ» գրքի և Սուրբ Հայրերի գրվածքներից)

  • 2021-10-13
×