Ինչո՞ւ Հիսուս չի թույլատրում Իր աշակերտին մասնակցել հարազատ հոր թաղմանը

Ինչո՞ւ Հիսուս չի թույլատրում Իր աշակերտին մասնակցել հարազատ հոր թաղմանը

«Եվ Իր աշակերտներից մեկն ասաց. «Տեր, ինձ թույլ տուր, որ գնամ նախ իմ հորը թաղեմ»: Հիսուս նրան ասաց. «Դու իմ հետևից արի և թույլ տուր, որ մեռյալները թաղեն իրենց մեռելներին»: (Մատթ. 8:21-22, Մարկ. 1:29-34, Ղուկ. 9:57-60): Ինչո՞ւ Հիսուս չի թույլատրում Իր աշակերտին մասնակցել հարազատ հոր թաղմանը: Ինչո՞ւ աշակերտը պետք է ուրանար ծնողին` երկրային կյանքի վերջին հանգրվանում:


Սա նշանակում է ոչ թե ուրանալ ծնողին, այլ՝ նվիրվել Աստծուն: Տասնաբանյան միաժամանակ կոչ է անում պատվել հորն ու մորը և ամբողջ սրտով, հոգով և մարմնով սիրել Աստծուն: Այդ պատճառով մեր Տերն ասաց նաև, թե օրենքի մեջ մեծ պատվիրանը սերն է Աստծո և ոչ նվազ կարևոր` մերձավորի հանդեպ: Ուստի, Տերը չի մերժում նվիրումը մարդկանց, մանավանդ ծնողների նկատմամբ: Ղուկ. 9:57-60 հատվածը մեջբերելիս Դուք կիսատ եք թողել Տիրոջ խոսքը, որ գրված է. «…իսկ դու գնա, քարոզիր Աստծո արքայությունը», որովհետև «…երբ մեռելները կլսեն Աստծու Որդու ձայնը, և  նրանք, որ կլսեն, կապրեն» (Հովհ. 5:25): 
Հայկական ծիսակարգի համաձայն` թաղման կարգը կոչվում է հուղարկավորություն, որ կազմված է երկու բառից` ուղի  և  արկանել, որ նշանակում է ուղեկցել, ճանապարհ դնել: Տիրոջ պատվիրանի համաձայն՝ քահանան ու ժողովուրդը գնում են հանգուցյալին ուղեկցելու դեպի Աստծո արքայություն: Սա նշանակում է, որ մահացածներին արդեն Քրիստոսի հարության ներքո «մեռել» չեն համարում, այլ` ննջեցյալներ, ովքեր Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ կլսեն Աստծո Որդու ձայնը և դուրս կգան գերեզմաններից (Տես Հովհ. 5:28-29): Իսկ նրանք, ովքեր այս հավատը չունեն, «մեռել»-ից չեն տարբերվում, որովհետև «ողորմելի են, քան բոլոր մարդիկ» (Ա Կորնթ. 15:18-19), և հենց նրանք են համարում, թե թաղման, և ոչ` հուղարկավորության են գնացել: Այս պատճառով Տերն ասաց. «Թույլ տուր, որ մեռյալները թաղեն իրենց մեռելներին»:

  • 2021-10-13
×