Հիսուս ի՞նչ սկզբունքներով էր ընտրում Իր առաքյալներին

Հիսուս ի՞նչ սկզբունքներով էր ընտրում Իր առաքյալներին

Հիսուս ի՞նչ սկզբունքներով կամ հատկանիշներով առաջնորդվելով էր ընտրում Իր առաքյալներին: Ովքե՞ր էին նրանք: Խնդրում եմ թվարկել նրանց անունները: 


Հիսուս Սուրբ Հոգով ոչ միայն գիտեր մարդկանց սրտերն ու խորհուրդները, այլ նաև`թե ինչին են ընդունակ: Ընտրելով Հուդային` Տերը կամենում էր տալ նրան փրկության հնարավորություն, թեև գիտեր, որ նա է մատնելու Իրեն: Գիտեր, որ Հուդան գող է (Տե՛ս Հովհ. 12:3-6), արծաթասեր և այդ պատճառով առաքյալների գանձանակը նրան էր տվել, որ, գուցե բավարարվի: Բայց գիտենք նաև այդ վստահությանը հաջորդող 30 արծաթի պատմությունը:
12 առաքյալների ընտրության օբյեկտիվ չափանիշ էր Իսրայելի 12 ցեղերի թիվը, միաժամանակ, նրանց սակավաթիվ լինելը (ընդամենը 12-ը) վկայությունն էր Աստծո հզոր կարողության, քանզի Աստված նրանց միջոցով քրիստոնյա դարձրեց ամբողջ աշխարհը: Առաքյալներն այս աշխարհի երևելիներից չէին` ոչ իշխանական և ոչ էլ անգամ թագավորական տոհմից, այլ հասարակ մարդիկ (Տե՛ս Ա Կորնթ. 1:25-31), որպեսզի այս աշխարհը դարձի բերեն ոչ թե մարդկանց մեջ հայտնի զորությամբ և իմաստությամբ, այլ` «Աստծու խորհրդավոր, թաքուն իմաստությամբ», «ոչ թե ճարտար խոսքերի մարդկային ուսուցումով, այլ՝ Հոգու վարդապետությամբ…» (Տե՛ս Ա Կորնթ. 2:7-13): 
Տասներկու առաքյալների անունները հետևյալն են. Առաջին` Սիմոն, որ Պետրոս կոչվեց, և նրա եղբայրը` Անդրեաս, Զեբեդեոսի որդի Հակոբոս և նրա եղբայրը՝ Հովհաննես, Փիլիպոս և Բարթուղիմեոս, Թովմաս և Մատթեոս մաքսավոր, Ալփեոսի որդի Հակոբոս, Ղեբեոս, որ Թադեոս կոչվեց, Սիմոն Նախանձահույզ, և Հուդա Իսկարիովտացի, որ մատնեց Նրան: (Մատթ. 10: 2-3, Մարկ. 3:13-19, Ղուկ. 6:12-16, Գործ. 1:13) Երբ Հուդան կորցրեց աշակերտ լինելու առաքելությունը, նրա փոխարեն ընտրվեց Մատաթիան (Գործք.1: 23-26):

  • 2021-10-13
×