Ինչպես հասկանալ, թե տվյալ մարդը դիվահա՞ր է, թե` ոչ

Ինչպես հասկանալ, թե տվյալ մարդը դիվահա՞ր է, թե` ոչ

Նոր Կտակարանում օրինակներ կան դևերից բժշկվելու մասին: Մեր օրերում դրա մասին գրեթե չի խոսվում: Ի՞նչն է պատճառը: Դիվահարներ չկան, թե՞ աղոթարար բժշկություն այսօր չի արվում: Եւ առհասարակ ինչպես հասկանալ, թե տվյալ մարդը դիվահա՞ր է, թե`ոչ:


Այսօր էլ Եկեղեցում տեղի է ունենում դիվահարների բժշկություն: Տևական, շարունակական աղոթքներից հետո հիվանդն ազատվում է բռնությունից, կապանքներից, չարի ներգործությունից: Սակայն այսօր Եկեղեցու հեղինակության խնդիր չունենք: Պարզապես Քրիստոսի ժամանակ պետք էր, որ այդ ամենի մասին իմացվեր, որպեսզի Աստծո փառքը երևար և Քրիստոս բացահայտվեր որպես ճշմարիտ Աստված՝ Իր հրաշալի բժշկությունների շնորհիվ: 
Ինքնին դիվահարությունը չարի բնակությունն է մարդու մեջ, որով վերջինս հեռացվում է Աստծուց: Քանի որ դիվահարությունը մարդու վիճակի կրոնական բնորոշումն է, ապա այն կարող է քննվել միայն եկեղեցական ավանդության և վարդապետության համաձայն, ըստ որի՝ մարդն արարված է Տիրոջ կողմից ըստ Իր արարչական պատկերի` ինքնիշխան և ազատ: Իր ազատ կամքով մարդը կարող է գործել ինչ որ կամենա. կամ` ուղղորդվելով տերունական հրամանով, որ «Եթե Ինձ սիրում եք, կպահեք Իմ պատվիրանները» (Հովհ. 14:15), առաքինության ճանապարհով ընթանալ` հասնելու մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի արքայություն, կամ էլ տրվելով չար կրքերի` շեղվել առաքինության ճանապարհից և դառնալ մեղքի և անօրինության ծառա: Այս վիճակը կարող է զարգանալ այն աստիճան, որ վնասվի մարդու ինքնիշխան լինելը, և նա իր ազատ կամքով ենթարկվի նրան, ով մեզ հորդորում է մեղանչել (տե՛ս Ծննդ. 3: 1-5): 
Եթե Աստծուն ծառայելը լինում է սիրով, այսինքն` կատարելով Աստծու պատվիրանները, երբ մնում ենք անձնիշխան, ապա սատանային ծառայելը ստրկություն է բառիս բուն իմաստով, և մարդն իր կամքով, սակայն արդեն բռնի կերպով տրվում է չար կրքերի` բարկության, ցանկասիրության, հայհոյախոսության, հեշտության, ծուլության, որկրամոլության և նման անօրինությունների և անկարող է առաքինի գործեր կատարել (տե՛ս Մատթ. 8: 28-34, Մարկ. 9: 16-17, 21): 
Մի խոսքով, դիվահարությունը սատանային բռնի ծառայելն է: Անհրաժեշ չէ հասկանալ մարդը դիվահար է, թե ոչ. Անհրաժեշտ է նրան եկեղեցի բերել, իսկ անձնական կյանքում` խուսափել մեղք գործելուց:

  • 0021-10-13
×