Սուրբ Գրքում հանդիպում ենք` շաբաթ օրը սուրբ պահելու մասին խոսքը: Ի՞նչ է պետք անել դրա համար: Միգուցե խոսքը կիրակի օրվա Ս. Պատարագի՞ մասին է:
«Յոթներորդ օրը քո Տեր Աստծու շաբաթ օրն է» (Ելք. 20: 10), - ասում է հրեաների Օրենքը, որովհետև վեցօրյա արարչագործությունից հետո, Աստված «յոթներորդ օրը հանգստացավ: Աստված օրհնեց յոթներորդ օրը և սրբագործեց այն…» (Ծննդ. 2: 2-3): Աստծու օրինակով մարդիկ այսուհետ պետք է աշխատեին 6 օր և 7-րդ օրը հանգիստը տոնեին, այդ օրը նվիրելով Աստծուն. մի կողմ թողնեին բոլոր առօրյա հոգսերն ու զբաղվածությունները, բոլոր գորշ մտքերն ու մարմնավոր երկրաքարշ ցանկությունները, նախանձը, թշնամությունը…
Յոթներորդ օրը պետք է լինի հոգու մաքրման օր, և դա պահանջում է հոգու հիգիենան: Քանի որ դժվար է սովորական աշխարհիկ մարդու համար մշտապես գտնվել աստվածպաշտության ընթացքի մեջ, որը հարատև ջանք է պահանջում և սեփական կամքի ուրացություն, ուստի Աստված և Նրա խոսքին անսացող Եկեղեցին, տրամադրելով մարդուն իր կենցաղային գործունեության համար շաբաթվա մեջ վեց օր, ընդհամենը մեկ օր է պահանջում նրանից հատուկ ջանքերի համար, որպեսզի դուրս պրծնի առօրյայի հրմշտոցից և հոգու լարվածությամբ գոնե կարճ ժամանակով բարձրանա մաքրող և սրբացնող բարձունքին:
Քրիստոնեության մեջ շաբաթ օրը արդեն առաքյալների օրոք փոխարինվեց կիրակիով: Գործք Առաքելոց գրքում (20: 7) մենք կարդում ենք, որ քրիստոնյաները հաղորդության խորհուրդը կատարելու համար հավաքվում էին միաշաբաթին, այսինքն` շաբաթ օրվանը անմիջապես հաջորդող օրը, քանի որ շաբաթ օրօվ ավարտվում էր հրեաների շաբաթը: Այլ կերպ ասած, դա Աստծու կիրակնօրյա պաշտամունքն էր, Սուրբ Պատարագի կատարումը: Այդ օրվա հատուկ նշանակությունը արդեն Պողոս առաքյալն է նշում, խոսելով ողորմություն հավաքելու մասին (տե′ս Ա Կորնթ 16: 2): Քրիստոնեական Եկեղեցու Լավոդիկեի Ժողովը արդեն հստակ կերպով փոխարինում է շաբաթ օրվա տոնելը միաշաբաթով: «Չէ արժան քրիստոնէից զՀրէից վարս ունել, - ասում է 29-րդ կանոնը, - և բանդագուշել և դատարկացուցանել զօր շաբաթուն, այլ գործել արժան է, բայց զօր կիւրակէին պատուել արժան է, և հանգչել արժան է, որպէս քրիստոնեայք»: Այդպիսի փոփոխության պատճառը բոլորովին պարզ է. մեր Տեր Հիսուս Քրիստոսը հարություն առավ շաբաթվա առաջին օրը, և հիշատակը այս իրադարձության, որն ամենակարևորն է քրիստոնեության մեջ, նաև օրվան է հաղորդում բացառիկ նշանակությունը: Ուստի չորրորդ պատվիրանի պահանջը 7-րդ օրը տոնելու մասին նորկտակարանյան քրիստոնեության մեջ վերաբերում է կիրակիին:
Այսօր, եթե մենք պահենք շաբաթ օրը հրեաների պես, որպես Աստծու պատվիրան, շատ կսխալվենք նաև այն տրամաբանությամբ, որ դրանով վերցնում ենք մեր վրա օրենքի ամբողջ պատասխանատվությունը, ըստ Պողոս Առաքյալի խոսքի. «Եթե թլպատվեք, պարտավոր եք ամբողջ օրենքը կատարել» (տե′ս Գաղատ. 5: 1- 6): Այստեղ Սուրբ Առաքյալը, խոսելով թլպատության մասին, ի նկատի ուներ նաև օրենքի ցանկացած պատվիրան, որ եթե հրեաբար պահենք, «քանզի օրենքի տակ չենք, այլ` շնորհի» (տե′ս Հռովմ. 6: 14; 7: 6):