Որո՞նք են տասը պատվիրաններն, ըստ Նոր Կտակարանի: Ինչո՞վ են նրանք տարբերվում Հին Ուխտի Տասնաբանյայից:
Աստված, որ բուն իսկ Սերն է, Իր պատվիրաններով փորձեց մարդուն Իր նման դարձնել: Պատվիրան բառը պարտադրված կանոն չի նշանակում, այլ` սիրով տրված խրատ: Իսկ պատվիրան կատարողն այդ սիրուց և երախտագիտությունից դրդված, նաև իր օգտի համար է պահում խրատը` պատվիրանը: Սկզբում պատվիրանը մեկն էր. (տես. Ծննդ 2. 16): Հետագայում, մարդու մեղանչելու (մեղք գործելու) պատճառով, Աստված Մովսեսի ձեռքով նախնական պատվիրանը շատացրեց, կամ մանրացրեց` պահպանելով պատվիրանի ոգին` սերն Աստծո նկատմամբ. հասցրեց այն շուրջ 300-ի (տես. Ելից 20-31-րդ գլուխներ):
Հետագայում, Մարգարեների միջոցով Աստված հայտնեց Օրենքի կատարման մասին, որ պիտի գա Մեկը, որ կկատարի, այն ամենը, ինչ չկարողացան կատարել Ադամն ու նրա սերունդը` Աստծու նկատմամբ սերը չունենալու պատճառով:
Նոր Կտակարանի միջոցով հայտնի դարձավ, որ պատվիրանը մեկն է` ՍԵՐԸ: Հիսուս ասաց. «Քննեցեք գրքերը, որովհետև նրանք Իմ մասին են վկայում» (Հովհ. 5: 39), որովհետև Հիսուս չեկավ «օրենքը և մարգարեները ջնջելու, այլ` լրացնելու» (տես Մատթ. 5: 17), այսինքն օրենքի ոգին ի հայտ բերելու, ինչն արտահայտվեց մարդկանց հանդեպ Իր անձնազոհ սիրով` խաչի վրա մեռնելով, և պատվիրեց` ասելով, «Սիրեցեք միմյանց» (Հովհ. 13: 34 և 15: 12), «որովհետև սրանում են կայանում Օրենքն ու Մարգարեները» (տես Մատթ. 22: 36-40): Նոր Կտակարանում տասը պատվիրաններ չկան: Տերը մեզ մեկ պատվիրան է տալիս, նախնական պատվիրանի նմանությամբ` սիրել միմյանց: