Ինչպե՞ս է մեկնաբանվում «Չորացած ձեռքով մարդու բժշկումը»

Ինչպե՞ս է մեկնաբանվում «Չորացած ձեռքով մարդու բժշկումը»

Շաբաթ օրը հանգստանալու օրենքը վերաբերում էր Աստծու արքայությանը, որ եկավ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարդեղության խորհրդով և Նրա տնօրինական փրկագործությամբ: Տերն Ինքն իսկ ասաց, որ Օրենքը և Մարգարեները Իր մասին են վկայում (Տե՛ս Հովհ. 5: 39, 46): Սակայն փարիսեցիները չէին հավատում Հիսուսին, թե Քրիստոսն է` Օրենքով և Մարգարեներով խոստացված Մեսիան (Տե՛ս Հովհ. 5: 38), և, փորձելով Նրան, ամբաստանելու և վարկաբեկելու պատճառ էին փնտրում: Տերը հասկացավ նրանց չար մտադրությունը, քանի որ կարիք չուներ մարդու մասին որևէ մեկից վկայություն ստանալու, որովհետև Աստված է: Նա սկզբից հանդիմանեց փարիսեցիներին օրենքը սխալ հասկանալու համար: Դրանով հասկացրեց, որ օրենքը բարի է, իսկ մարդիկ` չար: Որովհետև հանգստանում են բարի գործերից հոգնածները: Իսկ նրանք, ովքեր չար գործեր են արել, մի°թե կարող են հանգստանալ իրենց չար գործերի վատթար հետևանքը ճաշակելով: Չորացած ձեռքով մարդը, թեև փարիսեցիներից չէր, սակայն վերջիններիս չար գործերի աշակերտը լինելով, իր չորացած ձեռքով նույնպես անկարող էր բարին գործել: Քրիստոս ասաց նրան. «Ձեռքդ երկարիր»` կամենալով փոխել նախ մարդու «չորացած», այսինքն` չարին հակված միտքը դեպի բարի մտադրություն, ապա` ձեռքը, միևնույն ժամանակ կամենալով հաստատել ունկնդիրների հավատքը:
Փարիսեցիներն ուզում էին սպանել Հիսուսին, քանզի նախանձում էին Նրան և նրանց մտադրությունները չար էին: Նախանձը մի զգացում է, ինչն Աստված թույլ է տվել, որ մարդու մեջ լինի, որպեսզի մարդը Բարու ձգտում ունենա: Այսպես յուրաքանչյուրս, երբ բարի գործ ենք տեսնում, փորձում ենք ընդօրինակել, ըստ մեր մեջ ունեցած բարին գործելու հոժարության: Այսպես վարվեց Նիկոդեմոսը, ով թեև նախանձեց Տիրոջը, սակայն իր բարի մտադրությամբ եկավ դեպի Աստծու ներկայություն և ասաց. «Ռաբբի′, գիտենք, թե Աստծուց ես եկել որպես Վարդապետ, որովհետև ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթե Աստված նրա հետ չլինի» (Հովհ. 3:2), որովհետև ինքն էլ էր կամենում վայելել Աստծու ներկայությունը և կատարել նույն գործերը:  Սակայն նրանք, ովքեր չարին են հակված, փորձում են փախչել Բարուց: Ուշադրություն դարձրեք «դուրս ելան» արտահայտությանը: Երբ Ադամն ու Եվան մեղք գործեցին, թաքնվեցին Աստծուց, քանզի իրենց չար գործ արած լինելու, սակայն անզեղջ մնալու մտադրությունը թույլ չէր տալիս նրանց մնալ Բարու ներկայության մեջ: Այս վիճակի մասին է խոսում Սուրբ Հովհաննես Ավետարանիչը. «Եւ դատաստանը այսպե′ս իսկ է. Որ Լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան Լույսը, որովհետև իրենց գործերը չար էին. որովհետև ով չարիք է գործում, ատում է Լույսը և չի գալիս դեպի Լույսը, որպեսզի նրա գործերը երեսովը չտան: Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի Լույսը, որպեսզի նրա գործերը հայտնի լինեն, թե Աստուծով կատարվեցին» (Հովհ. 3: 19-21):

  • 2021-10-13
×