Ի՞նչ է հայտնի Հիսուսի եղբայրների մասին

Ի՞նչ է հայտնի Հիսուսի եղբայրների մասին

Մատթ. 12:46-49, Մարկ. 3:31-35, Ղուկ. 8:19-21 համարներում գրված է, թե Հիսուսի մայրն ու եղբայրները եկան Նրան այցելության: Ի՞նչ է հայտնի Հիսուսի եղբայրների մասին: Ըստ որոշ աղբյուրների՝ Հիսուս Իր ծնողների միակ զավակն է եղել: 
Պետք է ուշադրությամբ կարդալ Ղուկասի Ավետարանի 1:34-35 համարները, որտեղ գրված է, որ Հիսուսի Հայրն Աստված է, որ Սուրբ Աստվածածինը Սուրբ Հոգուց հղացավ: Ուստի, Հովսեփը բնավ էլ Հիսուսի հայրը չէր՝ ըստ բնության: Դրա համար էլ ընդունելի չէ «Իր ծնողների միակ զավակ» արտահայտությունը, քանի որ Հովսեփը «Նրա հետ չհարաբերվեց…» (Տե՛ս Մատթ. 1:25) և Սուրբ Կույս Աստվածածինը Հիսուսին ծննդաբերելուց հետո էլ մնաց կույս մինչև մահանալը: Ինչ վերաբերում է «մայրն ու եղբայրները» ավետարանական արտահայտությանը, ըստ Ստեփանոս Սյունեցու՝ Հիսուսի եղբայրները Հովսեփի որդիներն էին, ովքեր Սուրբ Աստվածածնից չէին: Սակայն այդ արտահայտությանը Ստեփանոս Սյունեցին այլաբանական մեկնություն է տվել` ասելով, թե նրանք «խորհրդանշում են Հին Կտակարանի ժողովարանը, ովքեր չընդունեցին Քրիստոսի խոսքը: Իսկ եթե Մարիամի և եղբայրների` Հովսեփի որդիների մասին էր ասվածը, ինչու՞ էր ասում. «Իմ մայրը և եղբայրները նրանք են, ովքեր լսում են Իմ խոսքը և կատարում»: Մի՞թե մայրը կամ եղբայրները չէին լսում ու կատարում Նրա խոսքը» (Տե՛ս Ստեփանոս Սյունեցի «Չորս Ավետարանների համառոտ մեկնությունը», էջ 121):c

  • 2021-10-13
×