Ովքե՞ր էին Հիսուսին այցելող երեք մոգերը

Ովքե՞ր էին Հիսուսին այցելող երեք մոգերը

Մոգերը զրադաշտական կրոնի հոգևոր պաշտոնյաներն էին: Մարերն ու պարսիկները մոգ էին անվանում քրմերին, իմաստուններին ու փիլիսոփաներին, որոնք զբաղվում էին բնական գիտությամբ և բժշկությամբ, գիտեին աստղագիտություն: Մոգերը մեծ պատիվ էին վայելում պալատներում: Նրանց գործն էր՝ մայրամուտից մայրամուտ թագավորներին ու իշխաններին պատմել երկրի վիճակի մասին: Նրանք գուշակում էին ապագան, պատերազմները, սովը, երկրաշարժը, հեղեղը և այլն: Նրանք արքաների խորհրդատուներն էին: Առանց նրանց կարծիքի երկրի մեծերը չէին ձեռնարկում ոչ մի լուրջ աշխատանք: Մոգերը երկրպագում էին չորս տարրերին՝ կրակին, օդին, հողին, ջրին, և կրակն առավել հարգի էր, այդ պատճառով բարձր տեղերում կառուցում էին կրակատներ՝ գիշեր ու ցերեկ այն անշեջ պահելու համար: Մոգերը հագնում էին սպիտակ պատմուճան և հավակնում էին միջնորդ լինել Արամազդի և մարդու միջև, մեկնում էին երազներ և գուշակություններ անում:
Զրադաշտական «Յասնա» գրքում (Բ հատոր, էջ 165-174), մանրամասն նկարագրված է երեք մոգերի այցելությունը մանուկ Հիսուսին: Երեք մոգերն այդ գրքում հիշատակված են Մելքոն, Գասպար և Բաղդասար անուններով, որոնք հայկական են: Գրքի հեղինակն Ահմադ Հակոբին է, ով մահմեդական է եղել: Նա օգտվել է Բուդոլֆ Իբն Մոհալհալի գրվածքներից: Ըստ այդ աղբյուրի՝ մոգերը եկել են Իրանից, մեկն՝ Ավեից (Ավաջ), մեկը` Սավեից և երրորդը` նույն շրջանում գտնվող մի ավանից: Նրանց քաջալերել և ուղարկել է Իրանի արքա Ֆարհադ Հորմոզը (Աշկ. 15-րդ), ով գահակալել է 3 Թ.Ք.Ա.- 4 Թ.Ք.Հ. թվականներին:
Մինչև Բեթլեհեմ 50 օրվա ճանապարհ է, սակայն մոգերն ավելի կարճ ժամանակում են անցել այդ տարածությունը: Գրքում Հիսուսը հիշատակված է Եշու անունով: Հետաքրքրական է, որ յուրաքանչյուր մոգ, երբ իր նվերով ներս է մտել Հիսուսին երկրպագելու, Նրան տարբեր տարիքի է տեսել (մանուկ հասակից մինչև չափահաս): Մոգերը մանուկ Հիսուսին երկրպագելուց և իրենց նվերները մատուցելուց հետո վերադարձել են Սավե՝ իրենց հետ տանելով անշեջ կրակը, որը հիմք է ծառայում զրադաշտականության կրակապաշտությանը:
Պատմում են, որ երբ 1274 թվականին Մարկո Պոլոն  գնացել է Պարսկաստան, Սավեում այցելել է երեք մոգերի գերեզմաններին:

  • 2021-10-13
×