Ովքե՞ր էին դպիրները և ո՞ւմ շահերն էին պաշտպանում

Ովքե՞ր էին դպիրները և ո՞ւմ շահերն էին պաշտպանում

Դպիրները Սուրբ Գրքի ընդօրինակողները, թարգմանիչներն և մեկնաբաններն էին: Նրանք նաև ժողովրդի օրենսգետներն էին, աստվածաբան ուսուցիչները: Համատարած անգրագիտության մեջ սակավաթիվ գրագետները մեծ դիրքերի էին հասնում և հարգանք վայելում: Դպիրները փարիսեցիների խմբակի անդամ էին և նրանց կամակատարները:  Վարում էին գրագիտական բոլոր գործերը: Նրանք փարիսեցիների ուսյալ դասն էին և մեծ ազդեցություն ունեին: Գեղեցիկ առիթներ ունեին Հին Կտակարանի կրոնական սկզբունքները ժողովրդին սովորեցնել և հրատարակել, նրա մեջ արձանագրված փայլուն օրինակները պարզել, մարգարեների խոսքերը մեկնաբանել կամ ընդարձակել: Դպիրները շատ անգամ ճամարտակում էին իրենց անձնական տեսակետները, այդ պատճառով մեկնաբանություններն ավելի շատ էին, քան Սուրբ Գրքի բուն խոսքերը: Եվ ահա, շատացան ծերերի ավանդությունները (Տե՛ս Մատթ. 15), ապօրինի մեկնություններ երևան եկան, որոնք բազմիցս նկատվեցին որպես աստվածային հեղինակություններ: Սրանք այնքան ընդարձակվեցին, որ եղան անձնական, ընտանեկան և հանրային կյանքի յուրաքանչյուր մանրամասն պարագայի կանոն: Մի կյանք էր պետք այդ բոլոր ավանդությունները սովորելու համար:
Դպիրները ծառայում էին բարձր դասի շահերին: Նրանք փարիսեցիների հետ միասին ռամիկ ժողովրդին առաջնորդում էին դեպի կույր մոլեռանդություն: Դպիրներին ևս Հիսուս քննադատում էր, այդ պատճառով էլ նրանք Նրա թշնամիների առաջին շարքում էին: Բաբելոնի գերությունից հետո նրանք բռնեցին մարգարեների տեղը: Դպիրների հեղինակած գրքերն էին այն կանոններն ու օրենքները, որոնք կոչվում էին «Նախյաց Ավանդություններ»: Այդ կանոնները ներառված էին երկհատոր գրքերում, որոնք կոչվում էին Թալմուդ:

  • 2021-10-13
×