Սամարացիները հրեաների և գաղթական հեթանոս ազգերի խառնուրդ էին: Երբ ասորիների թագավոր Սալմանասարը 722 Թ.Ք.Ա. հրեաներին գերեվարեց Ասորեստան, նրանց տեղը բնակեցրեց օտարազգիների, ովքեր տեղական հրեաների հետ խառնվեցին, և առաջացան սամարացիները: Օտարազգիներն իրենց կռապաշտական օրենքները խառնեցին հրեական օրենքների ու ծիսակատարությունների հետ և ստեղծեցին մի նոր կրոն, որը հրեաները մերժեցին ընդունել: Սամարացիները նույնպես մերժեցին հրեական կրոնական բոլոր գրքերը՝ ընդունելով միայն Մովսեսի Հնգամատյանը, և այդ պատճառով երկու կողմերի միջև թշնամությունն անպակաս էր:
Սամարացիները Հակոբին իրենց հայր էին անվանում: Թեև հիմնովին կռապաշտ էին, սակայն հետզհետե սկսեցին ճանաչել ու պաշտել Եհովա Աստծուն, բայց հրեա ինքնահավան վարդապետները նրանց իրավունք չէին տալիս մտնեը Երուսաղեմի տաճարը, հետևաբար, սամարացիները որոշեցին իրենց համար մի տաճար կառուցել՝ Աստծուն պաշտելու համար: Հրեաները հակառակվեցին, քանի որ չէին ուզում Երուսաղեմի տաճարի նման մի ուրիշ տաճար տեսնել: Սամարացիներն իրենց որոշումն իրականացրեցին: Պահելով իրենց կուռքերն ու կռատները, նրանք Գարիզին լեռան վրա շուրջ չորս դար Ք.Ա. կառուցեցին մի տաճար, որպեսզի ստիպված չլինեին Երուսաղեմ գնալ և Սողոմոնի տաճարում պաշտամունք կատարել: Հրեա քահանաները. հակառակվելով սամարացիներին, նրանց չէին ընդունում, այդ պատճառով հրեաները չէին ճամփորդում Սամարիայի միջով, քանի որ հաց ու ջուր կամ օթևան չէին գտնում այնտեղ: Ուստի, առաքյալները զարմացան, երբ տեսան Հիսուսին մի սամարացի կնոջ հետ խոսելիս: Եվ նույն թշնամության պատճառով էր, որ Հիսուսին օթևան չտվեցին, երբ ուզեց գիշերել մի գյուղում:
Թեև Գարիգին լեռան վրայի տաճարը կործանվեց 128 Թ.Ք.Ա. Հովհան Հյուրկյանոսի հրամանով, սակայն սամարացիները հարգում էին այդ լեռն ու տաճարի ավերակները և խանդավառ հույսով սպասում Մեսիայի գալստյանը, որով պիտի հարթվեին բոլոր դժվարությունները, և ճշմարտությունը պիտի հաղթանակեր: