Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան՝ հայ հոգեվոր մշակույթի եվս մեկ օջախ

Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան՝ հայ հոգեվոր մշակույթի եվս մեկ օջախ

Երևան: Եզնիկ Կողբացի 42/3: Այս տանն են ապրել Լուսինե Զաքարյանն ու Խորեն Պալյանը՝ աստվածաշնորհ արվեստագետներ, ովքեր տասնամյակներ շարունակ պահպանեցին և աշխարհին մատուցեցին մեր միջնադարյան հոգևոր երաժշտության գանձերը:

 

 

2019 թվականի հունիսի 1-ին՝ երգչուհու ծննդյան օրը, բացվեց Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը: Թանգարանի բացումով, ասես, վառվեց հայ հոգևոր մշակույթի ևս մի կանթեղ, որը լույս է տալու սերունդների ճանապարհին՝ ազգային ակունքներից սնվելու և նոր ստեղծվող արժեքները ճիշտ հիմքերի վրա դնելու համար:

 

 

Ստորև կարդացեք հարցազրույցը Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանի տնօրեն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բիոէթիկայի ամբիոնի (Հայֆա) հայաստանյան մասնաճյուղի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սուսաննա Դավթյանի հետ:

 

 

-Տաղանդավոր մարդիկ ծնվում են ժամանակին և հայտնվում ճիշտ տեղում:

 

- Լուսինե Զաքարյանը պետք է ծնվեր Ախալցխայում, ստանար ռուսական կրթություն, ապա նրանց ընտանիքը պետք է տեղափոխվեր Երևան:

 

 

Խորեն Պալյանն իր հերթին պետք է ծնվեր Լիբանանում, կրթվեր Էջմիածնի Գևորգյան ճեմարանում և … 1965 թ. նա պետք է հրաժարվեր կուսակրոն վարդապետի իր կոչումից, հետո հանդիպեր Լուսինեին, ու Երևանում նրանք պետք է ամուսնանային:

 

 

Լուսինեի աստվածապաշտ էությունը, միաձուլվելով Խորենի հոգևոր, տոհմիկ երգերի և գրաբարի փայլուն իմացությանը, տվեց իր երազելի պտուղը: Լուսինե Զաքարյանի շնորհիվ մեր միջնադարյան հայ երաժշտությունը դուրս եկավ հնավանդ վանքերի սրբազան պատերից, դարձավ մշակութասեր հայ ու համաշխարհային հանրության սեփականությունը:  

-Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանի բացումով մենք ունեցանք մշակութային մի կարևոր օջախ ևս: Պատահական չէ, որ այցելուներից մեկը՝ պատմական գիտությունների թեկնածու Կարապետ Հակոբյանը (ով եկել էր Հրազդանից) այցելուների հաշվառման և տպավորությունների գրանցման մատյանում գրել էր. «Առանց Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանի Հայաստանի 100-ից ավելի թանգարանները թերի կլինեին…»:

 

- Թանգարանը հասցրե՞լ է ճանաչելի դառնալ հանրությանը:

- Դեռևս 2016 թ.՝ մինչև թանգարանի բացումը, սկսվել էին բնակարանի վերանորոգման աշխատանքները՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի, ՀՀ Մշակույթի նախարարության և Խորեն Պալյանի զարմիկի՝ բժիշկ Րաֆֆի Պալյանի ուժերով: Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանն արդեն շատերի համար դարձել է հաճախ կրկնվող այցելությունների վայր (խոսքն առայժմ միջին ու բարձր տարիքի սերնդի մասին է, ովքեր նշում են՝ ասես գալիս են սրբավայր և վերապրում իրենց երիտասարդ տարիների մշակութային անապակ մթնոլորտը):

 

-Թերթելով այցելուների հաշվառման և տպավորությունների գրանցման մատյանը՝ տեսնում ենք, որ ութ ամիսների ընթացքում թանգարան եկածների թիվն արդեն անցնում է 1260-ից, որոնց շարքերում են գիտության և արվեստի տարբեր ոլորտների երևելիներ, ինչպես նաև պաշտոնատար անձինք:

 

 

- Ինչպես տեսնում եք, այցելուների թվում են թե՛ պետական պաշտոնատար անձինք, և թե՛ մշակույթի և գիտության գործիչներ՝ Հովհաննես Չեքիջյան, Դանիել Երաժիշտ, ակադեմիկոս Վիլեն Հակոբյան, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյան և այլք: 

 

… Ես երկար ժամանակ տրամադրեցի՝ կարդալու տպավորությունների մատյանում տեղ գտած ինքնաբուխ ու ջերմ գրառումները, և իմ սրտին մոտ հնչեց մաեստրո Հովհաննես Չեքիջյանի լակոնիկ ու դիպուկ բնորոշումը. «Լուսինե Զաքարյանի անունը հավերժացնող այս թանգարանի տնօրեն Սուսաննա Դավթյանին երախտապարտ ենք ազգովի»:

 

 

Իրավացի է մաեստրոն: Ոչ բոլոր թանգարաններն են, որ կարճ ժամանակահատվածում նման մեծ թվով այցելուներ ունեն (ովքեր եթե անգամ տպավորություններ չեն գրառում, թողնում են իրենց անձնական տվյալներն ու հեռախոսահամարները՝ իրենց հետ կապը պահպանելու համար): Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանն արդեն ունի երկրպագուների հոծ բանակ: Եվ դա նրա տնօրեն Սուսաննա Դավթյանի տքնաջան, խանդավառ և յուրօրինակ աշխատանքի արդյունքն է: Սուսաննա Դավթյանը, իսկապես, իր գործի անշահախնդիր նվիրյալն է: Նրա միտքը լի է թանգարանի հետ կապված բազում իղձերով ու ծրագրերով:

 

 

-Մենք չենք սպասում, թե երբ որևէ մեկը կայցելի թանգարան, այլ իրականացնում ենք կրթամշակութային ծրագրեր ոչ միայն Երևանի, այլև՝ Հայաստանի տարբեր բուհերի, ուսումնարանների, դպրոցների հետ: Օրինակ, Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը մեզ ոգևորեց և խրախուսեց թանգարանում դասախոսությունների միջոցով ուսանողներին հաղորդակից դարձնել հայ հոգևոր երաժշտությանը,-նշում է Սուսաննա Դավթյանը:

 

 

 

Թանկ մասունքներ...

 

 

Թանգարանը բծախնդրորեն ջանում է պահպանել այն ամենը, ինչ մեզ է հասել մեծ արվեստագետներից:  Ցուցադրվում են երգչուհու բեմական հագուստները, նամակներ, գրքեր, շնորհակալագրեր, պատվոգրեր, նոտաներ… Դրանք հատ առ հատ հաշվառված են և պահպանվում են ամենայն սրբությամբ:

 

 

Մեր խնդրանքն ու հորդորն է՝ ովքեր Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի հետ կապված ինչ-ինչ հիշողություններ ունեն (իրեր, նամակներ, նկարներ և այլն), բերեն թանգարան: Սա է միակ վայրը, որտեղ պետք է հանգրվանեն այդ արժեքները: Ուրախությամբ պետք է նշեմ, որ այդ գործընթացն արդեն կա. վերջերս Գերվասիա Վարդանյանի «Սուրբ-սուրբ» կտավը սիրով թանգարանին նվիրեցին նկարչի այրին և ժառանգները: Լևոն Թադևոսյանը, որ այժմ Անդվերպենի բնակիչ է, նվիրաբերեց իր յուղաներկ կտավը՝ «Լուսինեն Տիեզերքում»… Բերում են նաև գրքեր, նկարներ: 

 

 

Մեր նպատակն է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը միջնադարյան հայ մշակույթի երաժշտական ժառանգության ուսումնասիրման, պահպանման և տարածման կենտրոն դարձնելը: Դրան հասնելու համար մենք համագործակցում ենք կրթամշակութային մի շարք օջախների հետ: Մեր խոնարհումը և խորին երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր նպաստում են թանգարանի ծաղկմանը:                  

 

                                  

Պատրաստեց՝ Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան

Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

  • 2021-10-13
×