Ես իմ կյանքն ապրում եմ բեմից...

Ես իմ կյանքն ապրում եմ բեմից...

Արվեստի, երաժշտության, քանոն նվագարանի առանձնահատկությունների և բազում այլ հարցերի շուրջ զրուցել ենք «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյան) մենակատար, քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանի հետ: Նա հանրապետական և միջազգային մրցույթ-փառատոնների առաջին կարգի դափնեկիր է, ոսկե մեդալակիր, նաև արժանացել է «Բեմական հմայք» հատուկ մրցանակի:

 

 

Զրույցի սկզբում Մարիաննան համառոտ ներկայացրեց արվեստի մասին իր պատկերացումները և անցում կատարեց քանոնի առանձնահատկություններին: «Արվեստը սահմաններ չի ճանաչում. այն պիտի հասանելի լինի բոլորին: Նաև յուրաքանչյուր արվեստագետ ստեղծագործական աճ գրանցելու համար պետք է խորապես ծանոթ լինի արվեստի այլ տեսակների, դրանցից քաղի լավագույնն ու ներդնի իր գործերում:

 

 

Քանոնն արևելյան ծագում ունեցող գործիք է, կարծես, բայց հայկական քանոնն ունի իր յուրահատուկ ձեռագիրը: Այս գործիքը կախարդական հնչեղություն ունի: Քանոնով կարող ես նվագել ցանկացած ստեղծագործություն: Ինքս ընտրում եմ իմ հոգուն հարազատ և տվյալ պահին հարմար գործերը: Յուրաքանչյուր մարդ էլ կարող է քանոն նվագել, բայց ես ոչ թե նվագում, այլ, կարծես, իմ կյանքն ապրում եմ բեմից: Համերգի ընթացքում պիտի անէանաս և սրտումդ եղածն ազնվորեն փոխանցես մարդկանց: Երբ ամբողջ մարմնովդ ես զգում երաժշտությունը, չես կարող թաքուն որևէ բան պահել հանդիսատեսից: Գործեր կան, որոնց կատարումը վերջացնելուց հետո անգամ ձեռքերդ շարունակում են դողալ: Իմ գործիքը թե՛ մերթ լալիս է, թե՛ ծիծաղում, և հասկացել է, որ բեմը կեղծիք չի հանդուրժում»,- պատմում է Մարիաննան:

 

 

Հաջորդիվ զրուցակիցս նշեց, որ ոչ մի համերգ առանց Կոմիտասի երգերի ու հոգևոր տաղերի չի անցնում: «Հոգևոր գործեր ներկայացնելիս ցանկանում եմ հանդիսատեսից ստանալ նույն ապրումները, որ փոխանցում եմ նրանց: «Սիրտ իմ սասանի», «Հաւուն հաւուն», «Տաղ Աստվածածնա» և բազում այլ հոգևոր գործերի մշակումները քանոնի համար միշտ սրտի թրթիռով եմ կատարում: Երկար ժամանակ  ցանկացել եմ, որ քանոնը հնչի երգեհոնի հետ: Ուրախությամբ պիտի փաստեմ՝ կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի շնորհիվ մենք ունեցանք նման ստեղծագործություններ: Ու երբ արդեն պիտի նվագեի, շունչս կարծես կտրվում էր երգեհոնի ձայնից ու այն մտքից, որ առաջին անգամ է նման մեծ պրեմիերա լինում»:

 

 

Մարիաննան անդրադարձավ նաև իր հանդիսատեսին. «Ովքեր եղել են իմ համերգներին, կարող են  փաստել` ներկաները տարբեր բնագավառների ու տարբեր տարիքի մարդիկ են: Լավ գործը ոչ մեկի ականջից ու աչքից չի վրիպի: Համերգներից հետո հատկապես հուզիչ է օտարերկրացի հանդիսատեսի շնորհակալական խոսքը, երբ կրկին համոզվում ես՝ արվեստն ամենազոր է: Ամենամեծ ձեռքբերումս այն է, որ իմ կատարումների միջոցով մարդիկ սիրում են քանոնը: Ցավոք, այսօր արվեստագետներն ամենօրյա դժվարին պայքար են մղում ընդդեմ օտարամոլության և սեփական մշակույթի հանդեպ ունեցած անտարբերության: Մարդկանց ամենուր պիտի ճիշտ արժեքներ քարոզվի: Պետք չէ ամաչել ազգայինդ ներկայացնելուց, որովհետև միայն այդպես կարող ես ցույց տալ քո մշակույթի ինքնատիպությունը: Ես չեմ ընդունում, որ ներկայումս մեր երգարվեստի բյուրեղացած գոհարները համարում են հին ու ներկայացնում նորովի՝ ենթարկելով չարդարացված մշակումների: Ճշմարիտ արվեստը միշտ էլ կարող է հասնել մարդկանց սրտերին. պարզապես պիտի դա տեղ հասցնելու ձիրք ունենալ: Հայեցի կերպարն ու մաքուր հայկական հնչյուններն իրապես ունակ են գրավելու մարդկանց: Մեր ժողովուրդը բարձր ճաշակ ունի, և պետք չէ արհեստականորեն իջեցնել նրա որակները: Ի վերջո, ամենաժամանակակիցը միշտ էլ ազգայինն է մնում»:

 

 

Մարիաննան, որ դեռ դպրոցական տարիքից հանդես է եկել մեծ բեմերում, այժմ արդեն ինքն է կազմակերպում բարեգործական համերգներ, հատկապես, խոցելի խմբերի համար՝ կլինեն տուն-ինտերնատների մեծահասակները, թե քրեակատարողական հիմնարկների բանտարկյալները: Ու որքան էլ նման դեպքերում հոգեպես շատ դժվար է լինում համերգով ներկայանալը, զրուցակիցս համոզված է՝ իր պարտքն է այդ մարդկանց ևս հաղորդակից դարձնել հայկական մշակույթին: Մանավանդ փորձը ցույց է տվել՝ ինչ կարոտով ու մեծ երախտագիտությամբ են նրանք մասնակցում նման համերգների. ծերերին վերադարձնում են իրենց երիտասարդության տարիները, մոռացնել տալիս առօրյա հոգսերն ու խնդիրները, անազատության մեջ գտնվողներին էլ՝ պարգևում ազատության թեկուզ ժամանակավոր պատրանք:

 

 

Զրուցակիցս կարևորեց նաև մարզերում անցկացվող համերգները: Մարիաննայի առաքելության անբաժան մասն են նաև զինվորների ու զինվոր կորցրած մայրերի համար կազմակերպած համերգները՝ ի նշան նվիրումի ու երախտագիտության: Մարիաննան իր յուրաքանչյուր ելույթ, հանդիսատեսի ամեն մի ժպիտ ձեռքբերում է համարում և ուրախ է, որ կարողանում է գնահատել այդ ամենը: «Բարձունքում մնալը շատ բարդ է: Բայց ես հպարտ եմ, որ մարդկանց անշահախնդիր փոխանցել եմ իմ սերն ու բարությունը: Ամեն համերգից հետո, երբ հասկանում եմ՝ այս անգամ էլ մարդիկ ինձնից մի մասնիկ տարան տուն, համոզվում եմ՝ ճիշտ ճանապարհի վրա եմ կանգնած: Արվեստն անձնուրաց մոտեցում է պահանջում: Ասել, որ հենց փոքր տարիքից շատ սիրել եմ քանոնը, սխալ կլինի: Այդ սերը ժամանակի ընթացքում է ծնվել և գումարվել ի վերուստ տրված շնորհին: Այս ասպարեզում ամեն բան կատարվում է անձնական կյանքի, սեփական ընտանիքի հաշվին, բայց եթե դա իսկապես քո առաքելությունն է, ուրեմն պայքարում ես, աշխատում և հաջողում: Ժամանակներ են եղել, որ ընդհանրապես չեմ նվագել: Բայց ամեն անգամ ինքս ինձ հաղթահարելուց հետո, երբ ձեռքս եմ վերցրել գործիքը, զգացել եմ սրտիս թրթռոցը: Հետաքրքիր է նաև, որ տարիների հետ իմ նվագն առավել իմաստուն է դառնում՝ խարսխվելով անձնական փորձառության և ամբողջ աշխարհից վերցված գույների վրա: Ուրախ եմ նաև, որ այսօր քանոնը լայնորեն տարածվում ու սիրվում է տարբեր երկրներում: Շատ կցանկանայի, որ ինչպես արտասահմանյան նվագախմբերում են մեծ տեղ տալիս ազգային նվագարաններին, այնպես էլ մենք բարձր դասեինք հենց մեր հայկական երաժշտական գործիքները:

 

 

Մարիաննան զրույցի ընթացքում նաև նշում է, որ առանց մեծ հավատքի ու աստվածային ներկայության ոչ մի գործ հաջող ավարտ չի ունենա: Մանավանդ արվեստագետների դեպքում, եթե չլինի ի վերուստ տրված շնորհը, նրանք չեն կարողանա կյանքի կոչել իրենց մեծագույն ստեղծագործությունները: «Ի դեպ, Գառնահովիտի եկեղեցու 1500-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ մի քանի ստեղծագործություն նվագեցի հենց եկեղեցում, ինչը բոլորովին այլ, ապրեցնող զգացումներով լցրեց հոգիս: Այդ պահին կատարումդ և՛ հույս է, և՛ հոգու ճիչ: Իմ գործիքի միջոցով ես աղոթում եմ եկեղեցում: Հետաքրքիր է, որ առանձնակի ոգևորությամբ եմ այցելում այն եկեղեցիները, որտեղ հասնելու համար պիտի երկար ճանապարհ անցնեմ ու այդ ընթացքում լռության մեջ մտորեմ Տիրոջ հետ ունեցած իմ հարաբերությունների մասին: Եկեղեցում ես լիցքաթափվում եմ, հանգստանում, ինքս ինձ այլ կերպ զգում, հատկապես, երբ լսում եմ եկեղեցու զանգերի ղողանջները: Գիտեք՝ բոլոր լավ երգերը հենց եկեղեցու ղողանջների պես պիտի հնչեն՝ մաքուր ու խորը: Ես կարող եմ երկար ժամանակ նստել ու վայելել եկեղեցու ներսում տիրող խոսուն լռությունը: Նաև երաժշտության մեջ կան լռության պահեր, երբ ամեն ինչ թվում է՝ դադարել է, բայց դու այդ լռության մեջ շարունակում ես լսել երաժշտության  այն հնչյունները, որ արդեն միայն քոնն են»,- ասում է քանոնահարուհին:

 

 

Մեր զրույցը Մարիաննան եզրափակեց հետևյալ խոհերով. «Արվեստագետին ոչ թե պիտի խոչընդոտել, այլ թույլ տալ, որ արարի: Իմ ճանապարհի բարդություններն օգնել են հասկանալ՝ որքանով եմ պատրաստ հաղթահարելու պատնեշները: Երբ յուրաքանչյուր ձեռքբերում ոչ թե որպես նվեր է քեզ տրվում, այլ տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է, սկսում ես գնահատել ամեն մի փոքրիկ հաջողություն: Այսօր ես ամուր կանգնած եմ իմ հողին և շարունակելու եմ ստեղծագործել՝ հավատարիմ հայ մարդու իմ գեներին և քանոնիս հնչյուններին»:

               

                                               

Պատրաստեց՝ Արփի ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան

Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

  • 2021-10-13
×