Կարինե Յարալյանի «Կենաց Ծառը»

Կարինե Յարալյանի «Կենաց Ծառը»

Որպես կանոն, այնպես չի լինում, որ վարածս հարցազրույցներին երկար ժամանակ չմոտենամ և չմշակեմ դրանք։ Բայց տիկին Յարալյանի հետ զրույցիս ձայնագրությունը չէի համարձակվում բացել շուրջ կես տարի։ Պատճառն այս էր՝ զրույցն սկսել և ընթացել էր խիստ փիլիսոփայորեն, տեղ-տեղ՝ բավականին խրթին՝ զրուցակցիս մասնագիտությամբ պայմանավորված։ Սակայն երբ սկսեցի աշխատել, զգացի՝ որքան եմ սիրում բանավոր խոսքը գրավորի վերածելու ողջ ընթացքը։ Իսկ երբ մի բան անում ես սիրով, նույնիսկ ամենադժվար գործը դադարում է այդպիսին լինելուց․․․ Դրանում համոզված է նաև զրուցակիցս՝ փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս Կարինե Յարալյանը։
«Երբեք չեմ մտածել, որ դասախոս եմ լինելու, չեմ պատկերացրել այն ճանապարհը, որ պիտի անցնեմ ու մնամ համալսարանում։ Մարդիկ կան՝ հստակ գիտեն»,- մասնագիտության մասին խոսելիս նշում է տիկին Յարալյանը, ում խոհերը կյանքի մյուս էական բաղադրիչների մասին կարող եք ընթերցել ստորև․


Երբ ես ծնվեցի, երկու հոգի հաստատ երջանիկ էին։  Ինչո՞ւ եմ համոզված, որովհետև  կյանք տալու պահն ինքս ապրել եմ, և նույն երջանկությունը, կարծում եմ, զգացել են ծնողներս։
Մարդու համար երջանկությունը շատ կարևոր է, բայց այն որսալը՝ բարդ։
Մենք երջանկությունն անընդհատ փնտրում ենք, կամ հիշում ենք, որ երջանիկ էինք, կամ էլ սպասում ենք, որ պետք է երջանիկ լինենք։ Իսկ կյանք տալն այն քիչ հանդիպող պահերից է, երբ կարողանում ես երջանկությունը որսալ հենց ներկայում, իսկապես զգալ այն։ Եվ ենթադրում եմ, որ երբ ծնվեցի, առնվազն երկու մարդ ուրախ էին և երջանիկ (ժպտում է,-հեղ․)։



Տունը, որտեղ անցել է մանկությունս, Վանաձորում էր։ Դա մի միջավայր էր, որի մասին կերազեի՝ հարուստ այն ամենով, ինչը կցանկանայի ունենալ։ Վանաձորում ընտանիքս էր՝ ծնողներս, քույրս, հարազատներս, ընկերներս, մեր բակը․․․ Ամենը լի էր սիրով, այդ սերը զգացել եմ բոլորից։ Երանելի շրջան էր և իմ հետագա կայացման համար շատ ազդեցիկ։ Ուսանողներիս հետ հաճախ եմ խոսում այս մասին, թե ինչո՞ւ են մեզ համար այդքան կարևոր մեր արմատները, հիմքերը․․․ Երևի առաջին հերթին ինքնաճանաչողության համար, քանի որ այդ արմատները մենք տանում ենք մեզ հետ ամբողջ կյանքի ընթացքում․ սա բնական է։ Եվ արմատներն են նաև տալիս մեզ հնարավորություն գտնելու մարդկանց․ սա յուրայիններին, յուրայինների աշխարհը փնտրելու եղանակներից մեկն է։

 


Փիլիսոփաները շատ են մտածել այս հարցի շուրջ՝ ի՞նչ սկզբունքով է մարդն առանձնացնում յուրայիններին օտարներից։ Յուրայինն այն մարդն է, ում հետ կիսել ես զգացմունքներ, ում հետ ապրումներ ես ունեցել։ Երբ ինչ-որ անծանոթ մարդու ենք հանդիպում, սովորաբար հարցնում եք՝ որտեղի՞ց ես։ Երևի յուրային գտնելու ակնկալիքն է․ ենթագիտակցորեն կարծում ես, որ այդ մարդու կողմից անպայման հասկացված կլինես, իսկ հասկացված լինելու պահանջն ունի յուրաքանչյուրը։



Վանաձորն ինձ համար յուրայինների աշխարհն է (ժպտում է,-հեղ․)։



Նոր էր տեղի ունեցել Սպիտակի երկրաշարժը։ Առաջինն Աստծո, Աստծուն դիմելու, Աստծո հետ հաղորդակցվելու մասին ինձ հետ խոսել է մանկությանս ընկերուհին: Երկրաշարժի օրն էր: Մենք երկուսս էլ ծնվել և մեծանում էինք «խորհրդային» միջավայրում և մինչ այդ պահը նման զրույցներ չէինք ունեցել։ Ինձ համար այդ պահը մի վիճակ էր, երբ կարող ես միաժամանակ զգալ զարմանալին, անբացատրելին ու կարևորը: Հավանաբար այս հարցի հետ կապված առաջին, գիտակցված հարցականները, որոնք ծագեցին իմ ներսում, սկսվել են այստեղից։ Բնականաբար, հետո արդեն նաև մասնագիտության բերումով չէի կարող շրջանցել այս թեման։ Արդեն ասացի, որ ծնվել ու մեծացել եմ մի միջավայրում, որտեղ շատ չի քննարկվել Աստծո թեման, բայց սա չի նշանակում, որ մարդկանց մոտ չի եղել հավատ։



Թյուր կարծիք կա փիլիսոփաների մասին․ ուսանողներս ևս առաջին հերթին հարցնում են՝ Դուք աթեի՞ստ եք (ժպտում է,-հեղ․)։ 

 


Իհարկե, փիլիսոփայության հիմքում ռացիոնալն է։ Մարդը մշտապես փորձել և փորձում է այնկողմնային երևույթները տեղավորել մարդկայինի շրջանակներում։ Օրինակ, մենք փորձում ենք ինչ-որ հատկանիշներ վերագրել Աստծուն, որոնք ավելի շատ մարդկայինի համակարգից են, բայց, իմ պատկերացմամբ, Աստված դրանցից դուրս է։
Մարդու էությունն է մնացել չարի և բարու երկակիության մեջ․ ինչ-որ բաներ հասկանալու համար մենք պարբերաբար հակադրություններ ենք փնտրում։ Իսկ Աստված հակադրությունները հաղթահարած մակարդակ է։

 


Ուրիշն անհրաժեշտություն է, բայց մենությունը ևս չափազանց կարևոր է մարդու համար։ Անդրեյ Տարկովսկին իր հարցազրույցներից մեկում խոսում է մենության մասին և ուղերձ է հղում  երիտասարդներին առ այն, թե որքան կարևոր է ապրել այդ (մենության) պահը։ Այն, ինչ կարող է տալ մարդուն մենությունը, որիշ ոչինչ տալ չի կարող: Իհարկե, պետք չէ ընկնել ծայրահեղությունների մեջ, քանի որ մարդիկ միմյանց համար չափազանց կարևոր են, նույնիսկ ինքդ քեզ ընկալելու և տեսնելու համար անհրաժեշտ է այն Ուրիշը։
Բայց մենության մեջ է  մարդը բացահայտում ժամանակի և տարածության այն չափումը, որտեղ արդեն գտնում և հասկանում է ինքն իրեն, որտեղ գտնում ու հասկանում է նաև Աստծուն։



Աստված ինքդ քեզ հետ մենակ մնալու հնարավորությունն է։



Հրաշքն աստվածայինի առկայությունն է։  Բնությունն ինքն իրենով հրաշք է, կյանքը, ծնունդը… երաժշտությունը հրաշք է։ Երաժշտություն կա՝ լսում ես, գիտես հեղինակին, բայց համոզված ես՝ ստեղծագործելիս գտնվել է այլ չափումներում։



Մարդը վախենում է հասարակությունից, վերջինիս արձագանքից, միևնույն ժամանակ, կարծում եմ, որ հասարակությունը քեզ ընդունում է ճիշտ այնպես, ինչպես դու ինքդ։ Եվ այստեղ արդեն խիզախության հարց է․ կարևոր է չվախենալ և գոյությունը համապատասխանեցնել էությանը։
Սա է ազատությունը՝  քո գոյությամբ հակառակ չգնալ էությանդ։



Ծնողներիցս քաղած լավագույն դասն է՝ լինել այնպիսին, ինչպիսին կաս։ Ունենալ այդ ազնվությունը, սկզբունքայնությունը… Հիմա եմ տեսնում, որ ինձ տրված է եղել այդ հնարավորությունը դեռ մանկուց, իհարկե, նախ ծնողներիս շնորհիվ։
Հայրս բժիշկ էր և զբաղվում էր նաև էկոլոգիական խնդիրներով։ Մեր հայրենի Վանաձորն էլ արդյունաբերական քաղաք էր, շրջակա միջավայրը՝ բավականին աղտոտված. պարզ է, որ խորհրդային տարիներին էկոլոգիական խնդիրների շուրջ շատ տարաձայնություններ էին առաջանում, մասնավորապես, քաղաքային իշխանությունների հետ, և շատ քիչ մարդիկ էին պատրաստ դեմ գնալ և դրսևորել սկզբունքայնություն։ Հայրս նրանցից մեկն էր: Եվ ընդհանրապես, մեր ընտանիքում մշտապես նորմալ է եղել բարձրաձայնել այն, ինչ մտածում ես, ապրել այնպես, ինչպես ինքդ ես ճիշտ գտնում։ Իհարկե, այս ամենը ենթադրում էր պատասխանատվության զուգակցում: Չգիտեմ՝ որքանով է հաջողվում, բայց հիմա էլ եմ փորձում հարաբերություններս կառուցել այս սկզբունքներով։



Հոգևոր կյանք ասելով հասկանում եմ այն, ինչ դարձանք ի վերջո, ինչ արժեքների կրողն ենք հիմա։ Ծնողներս, քույրս հոգևոր կյանքիս վրա ազդած առաջին մարդիկ են։ Քրոջս հետ տարիքային տարբերությունը մեծ չէ՝ չորս տարի, բայց կարդալու և կրթվելու հանդեպ սերս հենց իր շնորհիվ է սկիզբ առել։
Ազդեցությունը շատ հետաքրքիր երևույթ է․ ոչինչ չի անցնում անհետ։ Յուրաքանչուր մարդ, որը հանդիպում է մեր կյանքի ճանապարհին, թողնում է իր հետքը։ Բնականաբար, մեր մեջ արժեքներ են սերմանում հատկապես նրանք, ովքեր երկարաժամկետ ֆիզիկական ներկայություն ունեն, մեր կողքին են. ծնողները, ամուսինը, երեխաները: Այս պահին այդ դերը ստանձնել են երեխաներս: Ես ինձ վերջնականորեն ձևավորած չեմ համարում․ բոլորս էլ փոփոխությունների մեջ ենք։ Այսօր շատ բաներ հասկանում և սովորում եմ հենց երեխաներիս շնորհիվ (ժպտում է,-հեղ․)։

 


Երկիր մոլորակը պտտում է սերը։ Սերը մարդուն տրված շնորհ է, պարգև, մեծ հնարավորություն։ Որպես փիլիսոփա՝ շատ տարբեր մտքեր եմ կարդացել սրա շուրջ, բայց իմ առօրյայում շատ չեմ մտածում սիրո մասին, այն ավելի շատ զգայական-զգացմունքային հարթության մեջ եմ փորձառում։ Բայց եթե փորձեմ մի քիչ ռացիոնալացնել, ապա կասեմ, որ սերը ապրեցնելու կարողությունն է:



Երբ հավատարմություն ակնկալում ես ոչ թե ուրիշներից, այլ ինքդ քեզնից, կարողանում ես մարդկանց ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան։ Որովհետև մեզնից ամեն մեկը, հավանաբար, երբևէ եղել է դավաճանողի դերում՝ միգուցե նույնիսկ չգիտակցելով՝ ում կամ ինչին է դավաճանում։ Հետևաբար, ցանկացած հարցում ուրիշին ուղղված ակնկալիքը պետք է փոխարինվի քո կողմից քեզ ուղղված պահանջով: 

 

 

Կարծում եմ, որ մարդը պենք է կարողանա հանել ինքն իրեն ծանր, տհաճ վիճակներից և իրականում պետք է անի այդ արագ։



Հուսահատության պահերին աշխատում եմ ինքս ինձ այդ վիճակում երկար չթողնել։
Մայրս մի խոսք ուներ՝ կարողացիր տարբերել կարևորը երկրորդականից։
Հենց իր ձայնով հիշում եմ այս՝ ամեն ինչ տեղն է ընկնում։

 


Մարդը պետք է ակտիվ լինի, ինչ-որ բան անի, գործի, որովհետև դժվարություններն այդպես են հաղթահարվում։ Կամքի ու ցանկության հարց է։ Սեփական ծուլությունը հաղթահարելով հնարավոր է մեծ դժվարություններ հաղթահարել։ Կարծում եմ, որ աշխարհն ավելի բարդ է թվում, քան այն իրականում կա։ Դժվարություն ասվածն էլ հարաբերական է, երբեմն այն կամքի բացակայության հետևանք է լոկ։

 


Մարդն սկսում է մահանալ, երբ կորցնում է ապրելու ցանկությունը։ Իսկ երբ այն կա, նույնիսկ ծանր հիվանդության դեպքում մարդուն պահող բան է հայտնվում։

 


Կյանքը լիարժեք է, երբ իրացված ես, և բավարարվածություն ես զգում։  Իհարկե, ամեն րոպե չենք մտածում այդ մասին․ հետհայացքն է օգնում հասկանալ։



Երբ մի բանն անում ես սիրով, այն դադարում է դժվար լինելուց։ Ուսանողներիս հետ պայմանավորվածություն ունեմ՝ եթե լսարան ենք մտել, պետք է այնպես անցկացնենք այդ 90 րոպեն, որ բոլորիս համար հետաքրքիր լինի, ոչ ոք չձանձրանա՝ ոչ ինքս (որովհետև դասախոսը ևս կարող է ձանձրանալ), ոչ` ուսանողները։



Ես դասավանդում եմ մի առարկա, որի հիմնական գործառույթը ոչ միայն գիտելիքներ փոխանցելն է, այլ ուսանողի ներքին ազատությունն արթնացնելը, ազատ մտածողություն ձևավորելը։ Փիլիոփայության ֆունկցիան առաջնահերթ դա է։ Երբ տեսնում եմ, որ ինչ-որ կերպ ստացվել է՝ շատ եմ ուրախանում։

 


Ինձ համար կարևոր է խաղաղությունը՝ թե՛ մարդկային հոգիներում, թե՛ երկրում, թե՛ մոլորակում։

 


Դրախտն իմ պատկերացմամբ այն վիճակն է, երբ կարորղանում ենք հաղթահարել ժամանակը՝ անցյալն ու ապագան և որսալ երջանկությունը  հիմա, այս պահին։ Իսկ ընդհանրապես, դրախտի՝ որպես «այլընտրանքային տարածության» գաղափարը կարևոր է մարդու համար, որովհետև մարդուն անհրաժեշտ է տեսնել իր շարունակականությունը։



Քրիստոսից երկու հազարամյակ անց, հույս ունեմ, որ մարդը փոխվում է։
Այլ հարց է՝ որքանով է այսօրվա մարդն արդեն քրիստոնեական արժեքների կրող։

 


Եթե Քրիստոսը հիմա գար աշխարհ՝ չգիտեմ կճանաչե՞ին Նրան։
Ինքս, թե հանդիպելու հնարավորություն ունենայի՝ շնորհակալություն կհայտնեի այն ամենակարևորի համար, որ Նա փոխանցել է աշխարհին՝ Սիրո և Ազատության։


                           
Հեղինակ՝ Ա․ Պողոսյան

  • 2021-10-13
×