«Քրիստոնեական երջանկությունը, ըստ իս, հավատն առ Աստված ու Քրիստոսի ներկայությամբ ապրելն է». հակիրճ, բայց շատ հստակ ձևակերպում է մասնագիտությամբ հոգեբան - մանկավարժ Վերգինե Մխիթարյանը՝ խոսելով քրիստոնեական երջանկության հիմնաքարի մասին իր ունեցած պատկերացումների շուրջ:
-Ինչպե՞ս սկսվեց եկեղեցական կյանքի նկատմամբ Ձեր հետաքրքրությունը:
-Եկեղեցու հետ կապը սկսվել է վաղուց, դեռ փոքր հասակից: Ընտանիքումս բոլորն էլ հավատացյալ են, սակայն գրեթե չեն մասնակցում եկեղեցական արարողություններին, իսկ եկեղեցի գնում են հիմնականում մոմ վառելու համար և առիթից առիթ:
Ես ինքնակամ, ինչ որ անհասկանալի ներքին մղումով սկսեցի այցելել եկեղեցի հատկապես Սուրբ Պատարագի և ժամերգության արարողություններին մասնակցելու համար, սակայն այդ ժամանակ դեռ մկրտված չէի, բայց ընկղմվելով հոգևոր կյանքի մեջ, ցանկացա մկրտվել, որից հետո կյանքս ամբողջությամբ փոխվեց: Մինչ այդ էլ, իհարկե, զգացել եմ Աստծո ներկայությունը, սակայն մկրտությունից հետո ապրածիս հետ չեմ կարող համեմատել: Այսպիսով եկեղեցական կյանքում ճանապարհորդությունս սկսվեց մոտ 10 տարի առաջ և սկսվեց իմ ամենասիրելի եկեղեցուց՝ Միածնաէջ Մայր Տաճարից:
-Ի՞նչ զգացողություններ եք ունենում Սուրբ Պատարագի արարողությանը ներկա գտնվելուց:
- Ամեն անգամ, երբ ներկա եմ գտնվում Սուրբ Պատարագի արարողությանը, հոգիս պարուրվում է երանելի խաղաղությամբ և հանգստությամբ: Նույնիսկ, եթե ինչ որ խնդիրներ եմ ունենում, որոնք շատ բարդ ու անլուծելի են թվում, Սուրբ Պատարագին մասնակցելուց հետո կամ ուղղակի անցնում են կամ շատ հեշտությամբ գտնում եմ լուծման ճանապարհները:
- Ե՞րբ է կյանքը նոր ընթացք ստանում քրիստոնյայի համար և ե՞րբ է սկսում մահանալ:
- Կյանքը սկիզբ է առնում Աստծո խոսքը լսելով և որքան հնարավոր է Աստվածահաճո ապրելով: Այսինքն, երբ սկսում ենք գնալ Աստծուն ընդառաջ, ապա մեր կյանքը նոր ընթացք է ստանում և հակառակը՝ կյանքը մահանում է, երբ հեռվանում ենք Աստծուց՝ մեր տկար բնավորությամբ պատվիրանները խախտելով և սրտում չարությանը տեղ տալով:
- Եվ որպես հոգեբան և որպես քրիստոնյա հավատացյալ, ի՞նչ խորհուրդ կտաք միջավայրի փոփոխության պատճառով սթրեսային իրավիճակում հայտնված մարդուն կամ առհասարակ, կարո՞ղ է միջավայրն ազդել մարդու հոգեվիճակի վրա:
- Յուրաքանչյուր մարդ ամեն օր սթրեսի մեջ ընկնելու հավանականություն ունի, քրիստոնյաներն էլ բացառություն չեն, սակայն ամեն ինչ հաղթահարելի է, այդ թվում նաև միջավայրի հետ կապված դժվարությունները, եթե կա հաստատակամություն և անսասան հավատք, քանզի եթե մարդն իր հավատքի մեջ անկոտրուն է և գիտի իր հստակ քայլերը, ապա ամեն բան էլ կհաղթահարի:
Օրինակ, ինքս նման իրավիճակներում դիմում եմ Աստծո օգնությանը և հաղթահարում: Եվ ցանկացած պարագայում, ոչ միայն միջավայրի հետ կապված խնդիրների դեպքում, օրինակ, եթե ինչ որ մեկը վատություն է արել կամ ցավ պատճառել, ապա այդ ամենը պետք է թողնել Աստծուն, պետք չէ հայտնվել սթրեսի մեջ կամ չարին չարով պատասխանել:
-Ի՞նչ խորհուրդ կտայիք եկեղեցուց կտրված մարդկանց և հատկապես երիատասարդներին:
-Խորհուրդ կտամ մշտապես վերանայել իրենց պահվածքը, Սուրբ Գրքից ընթերցել թեկուզ փոքրիկ հատվածներ, աղոթել կամ պարզապես առավոտյան և երեկոյան գոնե մի կարճ նախադասությամբ դիմել Աստծուն՝ շնորհակալություն հայտնելով կամ պարզապես ինչ որ խնդրանքով: Եվ անշուշտ մկրտվել ու աստիճանաբար, քայլ առ քայլ մուտք գործել եկեղեցական կյանք:
-Աստվածաշնչից ո՞ր հատվածն է Ձեզ համար իբրև կարգախոս:
-«Եւ ես ասում եմ ձեզ. խնդրեցէ՛ք, եւ Աստծուց կը տրուի ձեզ, փնտռեցէ՛ք, եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեզ համար, որովհետեւ, ով որ խնդրում է, առնում է, ով որ փնտռում է, գտնում է, եւ ով որ բախում է, բացւում է նրա առաջ» (Ղուկ 11: 9-10):
Սակայն, իբրև հոգևոր պատգամ, Աստվածաշնչից բացի, կառանձնացնեմ նաև Սուրբ Եփրեմ Ասորու հետևյալ խոսքը. «Ինչպես ճրագը չի վառվի առանց յուղի, այնպես էլ չկա բարի միտք առանց հավատքի»:
-Ո՞րն է Ձեր հորդորը՝ որպես քրիստոնյա:
-Մի´ չարացեք միմյանց նկատմամբ, որպեսզի չշեղվեք ճիշտ ճանապարհից: Թույլ մի´ տվեք, որ չարը ներթափանցի Ձեր մեջ: Վատ երևույթներին մի´ անդրադարձեք, թողեք Աստծո հույսին, Նա ձեզ կօգնի ճիշտ կերպով հաղթահարել:
Հնարավորինս եղե´ք բարի, մյուս մարդկանց մեջ փնտրեք լավը, իսկ վատն ուղղակի շրջանցեք, միայն հանգստությամբ և խաղաղությամբ առաջնորդվեք և Քրիստոսին մոտ լինելու համար, պարզապես սիրեք միմյանց այնպես, ինչպես Նա սիրեց մեզ:
Զրուցեց Լաուրա Աղաջանյանը