Մարիամ Աղաբաբյան. «Լավագույն աղոթքն է հատկապես անկեղծ սրտով շնորհակալություն հայտնելը»

Մարիամ Աղաբաբյան. «Լավագույն աղոթքն է հատկապես անկեղծ սրտով շնորհակալություն հայտնելը»

«Երջանիկ ու երանելի քրիստոնյան նա է, ով, ճանաչելով իր մեղավոր հոգին, բռնում է հավիտենական մաքառման ճանապարհը` իր ողջ կյանքի ընթացքում սրտով ու բանականությամբ հետևելով սեփական անձի մաքրման, դեպի Աստված գնացող հոգու ընթացքին», ասում է մասնագիտությամբ բանասեր Մարիամ Աղաբաբյանը՝ խոսելով քրիստոնեական երջանկության հիմնաքարի մասին իր ունեցած պատկերացումների շուրջ:

 

 

-Ինչպե՞ս սկսվեց եկեղեցական կյանքի նկատմամբ Ձեր հետաքրքրությունը:

-Փոքր տարիքից չէ, որ կապված եմ Եկեղեցու հետ, չնայած մայրիկիս շնորհիվ ինչ-որ չափով կապը միշտ եղել է և նույնիսկ առաջին գիրքը, որն ինձ համար ընթերցել են, եղել է Աստվածաշունչը, սակայն որպես հեքիաթի գիրք: Բայց մինչ օրս հիշողությանս մեջ դեռ վառ տպավորված են այդ մանուշակագույն գրքի նկարները: Երկար ժամանակ մկրտված չեմ եղել, դժվար էր նաև հոգևոր հայր ընտրելը:

Սակայն մկրտվելուց հետո հոգևոր կյանքս ավելի իմաստավորվեց, ավելի շատ սկսեցի ուշադրություն դարձնել շրջապատումս տեղի ունեցող նույնիսկ ամենաչնչին երևույթներին: Ճանապարհս ավելի դժվարանցանելի դարձավ, սակայն միշտ փորձում եմ առաջ գնալ:

 

 

-Ի՞նչն է հատկապես ազդում երջանկության մասին Ձեր պատկերացումների ձևավորման վրա:

-Երջանկություն հասկացությունն ինձ համար հենց համընկնում է քրիստոնյայի երջանկության հետ, այսինքն այն երջանկությունը, որը պայմանավորված է նախ Քրիստոսին իր մեջ ունենալու հետ:

Երջանկության մասին արտահայտածս մտքերի վրա ազդել է Նարեկացին: Աստված կատարյալ ստեղծել է և´ անմեղ, և´ և մեղավոր մարդկանց: Սակայն կա մի կարևոր նրբություն. կատարելությանը մոտ է հատկապես այն մարդը, ով գիտակցում է իր մեղավոր լինելը, և անդադար պայքարում է իր մեղքի դեմ:

Ես միշտ մտածում եմ, որ մարդու հոգին քանդակ է, իսկ քանդակագործը նա է, ով  ամեն օր աշխատանք է տանում այդ քանդակն ավելի լավը դարձնելու համար: Այսպիսով, քանի դեռ ապրում ենք, որպես մեր հոգու քանդակագործ՝ պիտի անընդհատ աշխատենք կատարելությանը՝ մեր նախնական կերպարին ավելի մոտենալու համար:

Կարծում եմ, որ իրական երջանիկ մարդը հենց այդպիսին է՝ միշտ թերությունները նկատող և ավելի լավը դառնալուն ձգտող: Երբ սկսում ես ուշադրություն չդարձնել քո քանդակին, ապա դադարում ես ապրել և ուղղակի հոգեպես մահանում ես:

Կարծում եմ, որ մարդու վերջնական կատարյալ տեսքը հենց մահացած վիճակն է, քանի որ մինչև այդ վերջին րոպեն նա դեռ շտկվում է և դառնում վերջնական հղկված քանդակ: Եվ հենց դա է իսկական երջանկությունը, երբ դու տեսնում ես քո մեղքերը ու փորձում հաղթահարել դրանք:

Երբ գալիս է մի պահ, որ չեմ կարողանում իմ մեջ թերություններ տեսնել, ասես ինձ ամբողջությամբ առանց մեղքերի զգամ, և կարծես իրապես ամեն ինչ շատ լավ է, սկում եմ հոգեպես ընկճվել, բայց նորից ոտքի եմ կանգնում ու փորձում եմ բացը տեսնելով՝ շտկել:

 

 

-Ի՞նչ խորհուրդ կտայիք եկեղեցուց կտրված մարդկանց:

- Մարդը Եկեղեցու քարերի ու պատերի մեջ նախ պետք է հոգևորը տեսնի ու հասկանա, որ այդ ամենն ուղղակի քարեր չեն, Եկեղեցին ուղղակի կառույց չէ, այլ կոչված է հավատն ավելի զորավոր դարձնելու և դեպի Աստված տանող ճանապարհին միջնորդ դառնալու համար: Ուստի, սկզբում նախ քո ներսում պետք է կառուցես քո եկեղեցին, գտնես քո  ներդաշնակությունը, քո խաղաղությունը և արդեն ունենալով այդ բարձր գիտակցումը՝ քայլերդ ուղղես դեպի Եկեղեցի:

 

 

-Աստվածաշնչից ո՞ր հատվածն է Ձեզ համար իբրև կարգախոս:

-«Ինչ որ ուզում եք, որ մարդիկ անեն ձեզ, նույնն էլ դուք արեք նրանց»:

Եվ կարևոր է նաև այն գիտակցումը, որ եթե ինչ-որ մի բան Աստծո կամքին հակառակ է, ապա պետք չէ անել, քանի որ այդպես էլ հաջողություն չի լինի:

 

 

-Ո՞րն է Ձեր ամենասիրելի աղոթքը:

-Ամենասիրելի աղոթքն ինձ համար «շնորհակալություն»-ն է, քանի որ հազարավոր աղոթքների մեջ անկեղծ շնորհակալությունը հազար անգամ ավելին արժե:

Շատ եմ սիրում նաև Տերունական աղոթքը և «Տեր ողորմյա»-ն:

Սակայն վստահ եմ, որ ամենևին էլ պարտադիր չէ անգիր իմանալ որևէ աղոթք, այլ կարևոր է ուղղակի անմիջական և անկեղծ զրույցը Աստծո հետ, ըստ մեր ունեցած պարզ և հասարակ բառապաշարի, կամ, ինչպես նշեցի, հոգու ողջ ջերմությամբ ուղղակի շնորհակալություն հայտնելը: 

 

 

-Ի՞նչն է ամենից շատ ազդել Ձեր հոգևոր կյանքի վրա:

-Հոգևոր կյանքիս վրա մեծապես ազդել է մայրիկիցս ստացած դաստիարակությունը և նաև անվանս նշանակության հետ կապված հետաքրքիր փաստը: Ես ծնվել եմ ծնողներիս ամուսնությունից 3 տարի հետո՝ մեծ դժվարությամբ, մայրիկիս աղոթքներով, ինչի համար էլ որոշել են ինձ Մարիամ անվանել:  Սկզբում անունս չէի սիրում, հետո, երբ իմացա անվանս բացատրությունը, որն իրականում ունի երկու հակասական նշանակություն՝  «դառնության ծով» և «լուսավորյալ՝ Աստծո ընտրյալ», սկսեցի սիրել: Ինձ համար միշտ շատ հետաքրքիր էր հատկապես այս երկու իմաստների բախումն այս անվան մեջ, որն իրականում իմ կյանքի մեջ էլ է արտացոլված, քանզի մերթ անդադար պայքար եմ մղում կյանքի դառնությունների դեմ, մերթ ասես լույսով եմ ողողվում ու զգում Աստծո ողջ ներկայությունը:

 

 

-Ի՞նչը կարող է Ձեզ ընկճել և հակառակը՝ ոգևորել:

-Շատ արագ ոգևորվում եմ ու շատ արագ էլ ընկճվում: Ոգևորվում եմ, երբ զգում եմ, որ նոր բան կարող եմ ստեղծել: Ուղղակի չեմ սիրում հանգիստ նստել, քանի որ դա կարող է տանել լճացման, ուստի միշտ նոր գործ եմ փնտրում: Օրինակ, հղիությանս համար ստիպված եմ որոշ ժամանակ չաշխատել և մնալ տանը, ինչը մի պահ հանգեցրեց ձանձրույթի և հոգնության, սակայն արագ կողմնորոշվեցի և գտա այդ իրավիճակից դուրս գալու ելքը, ու, փառք Աստծո, հաջողվեց: Այժմ տան պայմաններում պատրաստում եմ խմորեղեններ և բավականին  փորձառություն եմ ձեռք բերել:

 

 

-Ինչի՞ կարիք ունի մարդկությունն այսօր:

-Մարդկությունն ունի սիրո կարիք: Այսօր շատերն ամեն ինչ անում են ուղղակի ցուցադրելու համար: Նույնիսկ երեխա ունենալու իրական երջանկությունը, ամբողջական սեր լինելը, այդ ողջ կատարելությունը հաճախ չեն գիտակցում և ուզում են երեխա ունենալ միայն այն պատճառով, որ երեխան լիարժեք ընտանիքի պայմաններից մեկն է: Իսկ ասածներիս վառ ապացույցն էլ հենց այն է, որ եթե շատերն այդ գիտակցումն ունենային, ապա սեռի կամ քանակի պատճառով արհեստական ընդհատումներ չէին անի:

Մարդկությունը կարիք ունի նաև հոգատարության և ուշադրության:

 

 

-Եթե հնարավոր լիներ, ի՞նչ կվերադարձնեիք Ձեր մանկությունից:

Հնարավորություն լիներ նորից ես ու քույրս պառկեինք, մաման գար, բացեր մանուշակագույն գիրքը և սկսեր ընթերցել:

 

 

Զրուցեց Լաուրա Աղաջանյանը

  • 2021-10-13
×