Զրույց Հուսիկ Արայի հետ. «Աստված է բացարձակ սերն ու ճշմարտությունը»

Զրույց Հուսիկ Արայի հետ. «Աստված է բացարձակ սերն ու ճշմարտությունը»

Բանաստեղծ Հուսիկ Արայի հետ զրուցեցինք ստեղծագործության և հոգևոր ըմբռնումների կապի, իր ժողովածուների և աստվածաշնչյան թեմաների ընդհանրությունների և այլ հարցերի շուրջ:

 

 

-Ձեր ստեղծագործություններում շարունակ աղերսներ ենք գտնում աստվածաշնչյան մոտիվների հետ: Որքա՞ն եք մտերիմ Աստծո հետ, և որքանո՞վ եք ականջալուր Աստծո խոսքին:

 


-Եվրոպական գրականությունը ստեղծվել է հին հունական գրականության և Աստվածաշնչի հենքի վրա: Մեր մշակույթն էլ բացառապես քրիստոնեական է, հիմքում ունեցել է Աստվածաշունչը: Ենթագիտակցորեն կամ գուցե գեներով փոխանցված, արյան կանչով ես մշտապես օգտվում եմ աստվածաշնչյան թեմաներից: Ամբողջ աշխարհում դա ընդունված երևույթ է: Աստվածաշնչյան չորս թեմաների գեղարվեստական անդրադարձ կա իմ գործերում (աշխարհի արարումը, Հիսուսի լեռան քարոզը, տասը պատվիրանները, անառակ որդու վերադարձը): Աստվածաշնչյան տողեր, արտահայտություններ միշտ եղել են ու էլի են լինելու: Ես դրանից չեմ խուսափում, նույնիսկ հակված եմ դրան: Փրկչին մերձենալու, Նրա վարդապետությամբ ապրելու կանչն է դա, այլ կերպ չէր կարող լինել:
Ցանկացած մեկին էլ երբեմն թվում է՝ մոտ է Աստծո հետ, երբեմն՝ հեռացել է Աստծուց: Շատ դժվար է լսել Աստծո ձայնը: Չգիտեմ՝ ունե՞մ այդքան արժանիք, որ լսեմ Նրա ձայնը, որ Աստված խոսի ինձ հետ: Աստված, իսկապես, բոլորիս է սիրում: Երբ հայացք եմ գցում իմ անցած ճանապարհին, հասկանում եմ, որ, իրոք, Աստված ինձ միշտ շատ է սիրել: Ես չեմ մոռանում օրվա մեջ գոնե մեկ անգամ աղոթքի ձևով շնորհակալություն հայտնել Աստծուն այն ամենի համար, ինչ տվել է ինձ: Իմ վայրիվերումներով լի կյանքում միշտ զգացել եմ Նրա ձեռքը, ներկայությունը, պահել, փայփայել է ինձ: Գուցե սա՞ է մտերմությունը, Իր մեծ սերն իմ նկատմամբ, մարդու և Աստծո մտերմիկ կապը: Ամբողջ կյանքում փորձել եմ գտնել Աստծուն, լիովին ունենալ Նրան, չվախենալ Աստծուց, այլ սիրել Նրան, սիրել անմնացորդ: Աստված է բացարձակ սերն ու ճշմարտությունը: Չեմ ուզում ինչ-որ աֆորիզմների կամ տաբուների միջոցով հասնել Աստծո փնտրտուքին, այլ ես ինքս իմ մեջ ճանաչեմ Նրան: Չգիտեմ՝ կյանքի վերջում կհաջողվի՞ հասնել դրան: Բայց դա այնքան էլ հեշտ չէ: Աղերսներ միշտ են եղել աստվածաշնչյան թեմաների հետ ու լինելու են դեռ: Ի վերջո, մեր կրոնը սիրո կրոն է: Ոչ միայն Աստված սեր է, այլ նաև սիրո Աստված է՝ մեծ, համամարդկային, տիեզերական սիրո:

 

 

-Ըստ Ձեզ, ի՞նչ կապ պետք է ունենա գեղարվեստական որևէ ստեղծագործություն մարդու հոգևոր ըմբռնումների հետ, և որքանո՞վ է կարևոր այդ կապը:

 


-Մարդն ի սկզբանե հոգևոր էակ է, ներարգանդային կյանքում արդեն հոգի է ստանում: Մարդ նախ և առաջ հոգի է, ապա՝ միս ու արյուն: Մարմինը մեր տեսանելին է: Փրկիչը երեսուներեք տարի միս ու արյուն ուներ մեզ նման: Նա եկավ մեր մեջ, մեզանից մեկը եղավ, մեզ հավասար: Հենց Փրկչի օրինակով մարդը հոգևոր էակ է: Մենք Աստծո պատկերով ենք ստեղծված ու բանականությամբ օժտված: Մարդը չի կարող հոգևորի հետ կապ չունենալ: Մենք օրվա մեջ չոր ու ցամաք ապրելիս ունենում ենք հոգևորի կարիքը: Ներքին պահանջ է դա: Երաժշտություն ենք լսում, կարդում ենք, աղոթում ենք: Ֆիզիկականը, նյութականը մեր արտաքինն է: Հոգևորը մեր էությունն է, մեր աշխարհը, իսկ այդ աշխարհը տիեզերքի հետ է առնչվում: Մարդը կարողանում է հոգևորով նյութական արժեքներ տեսնել ու ստեղծել, օրինակ՝ սովորական քարից՝ եկեղեցիներ, խաչքարեր: Եթե մի բանի մեջ հոգևոր ոչինչ չկա, այն երկար չի կարող գոյություն ունենալ:

 

 

-Ձեր բանաստեղծական ժողովածուներից մեկը վերնագրված է «Աստծո հետ խոսելու ժամանակը»: Ինչո՞վ է պայմանավորված խորագրի ընտրությունը: Ե՞րբ է Աստծո հետ խոսելու Ձեր ժամանակը:

 


-Գրքում երեք մասից բաղկացած համանուն պոեմ կա՝ «Աստծո հետ խոսելու ժամանակը»: Գիրքը պոեմի վերնագրով կոչեցի: Թերևս երկրորդ վերնագիր էլ ունի գիրքը՝ «Առանց ժամանակի»: Սիրային սաղմոսներ կան գրքում: Առաջին սաղմոսը քսան տարեկանում եմ գրել: Իմ առաջին գրքում՝ «Սևագրություններ» ժողովածուում, ևս կան սաղմոսներ: Փորձել եմ ինչ-որ չափով սաղմոսի ավանդական ձևը փոխել: Ես իմ գործերում հաճախ եմ դիմում Աստծուն՝ երբեմն առանց նրա անունը տալու: Ու շատ բան եմ պատմում Աստծուն՝ նաև չհամաձայնվելով, մի քիչ ընդվզելով, բողոքելով, նույնիսկ վիճելով, թե ինչո՞ւ է այսպես: «Աստծո հետ խոսելու ժամանակը» թերևս իմ ամենահոգևոր գիրքն է, չնայած մյուս ժողովածուներում էլ ներառված սաղմոսներ կան:
Աստծո հետ խոսելու ժամանակը միշտ է և երբեք չէ: Մարդ միշտ խոսում է Աստծո հետ, և Աստված տվել է այդ իրավունքը: Մարդը ցավի մեջ չի մտածում, որ ինքն արժանի չէ Աստծո հետ խոսելու: Ինքը դիմում է Աստծուն, որովհետև ի սկզբանե այդ հնարավորությունը իրեն տրված է: Եթե մենք խոսում ենք Աստծո հետ, վստահ ենք, որ Նա լսում է մեզ: Մեր Աստված բոլորի Աստված է, հատկապես՝ մեղավորներինը, որովհետև առաջինը նրանք փրկության կարիք ունեն: Միշտ է Աստծո հետ խոսելու ժամանակը, պետք է ձևը կարողանալ գտնել, զգալ: Տարիքի հետ՝ մարդ ավելին է սկսում ըմբռնել, ու հարցեր են առաջանում իր մեջ. երբևէ չհոգնեցի՞ր ինձնից, անդադար քեզնից փախչելով, խուսափելով, ուրանալով Քեզ ամեն րոպե՝ դու ինձ կրկին ընդունո՞ւմ ես, սիրո՞ւմ ես: Աստծո սիրտն անսահման մեծ է: Աստծո հետ նաև պետք է կարողանալ հաղորդվել: Այս գրքում իմ լեզուն աղոթքի անհաշտ լեզուն է: Պետք է կարողանաս նաև լսել Աստծուն: Պետք է հասնել դրան, զգաս քո մեջ Իր խոսքը: Դու այդ պահին լինես Աստծո մեջ, Աստված՝ քո մեջ: Դա է բացարձակ երկխոսությունը:

 

 

-Կխնդրեի մի փոքր պատմել Ձեր վերջին՝ «Եվ սերը ասաց» գրքի նախապատմության մասին: Ինչպե՞ս ծնվեց այն:

 


-Վերնագիրը ինքնին աստվածաշնչյան է՝ «Եվ Աստված ասաց» խոսքի համաբանությամբ: Տարբեր տարիներին գրված սիրային գործերն են՝ ամփոփված մի գրքում, նաև նորերը կան: Թեմատիկ ժողովածու է: Թեմատիկ շարքեր էլի ունեմ՝ նվիրված Երևանին, հոգևոր, որը անավարտ է, խմորվում է դեռ, գուցե վերնագրվի «Աղոթքներ Տիրամորը»:

Իմ սաղմոսներում մի քիչ դժգոհություն կա, խռոված հոգի: Դավիթն էլ է իր սաղմոսներում մի քիչ դժգոհում, խռովում: «Տասներկուերորդ սաղմոս»-ում կարողացել եմ ավելի մերձենալ Աստծուն: Փորձում եմ հասնել սաղմոսի այն մակարդակին, որ ոչ թե լինի զուտ փառաբանություն կամ դժգոհություն ու վեճ, այլ ես խոսեմ Աստծո հետ և կարողանամ լսել Իր ձայնը: Հենց ծնվի մի այդպիսի գործ, կդադարեցնեմ սաղմոսներ գրելը, որովհետև հասած կլինեմ սահմանագծին, առաքելությունս կատարած կլինեմ:

 

 

-Ստեղծագործական ի՞նչ պլաններ ու նպատակներ ունեք առաջիկայում: Ո՞րն է լինելու հաջորդ գիրքը:

 


-Հաջորդ գրքում, որ գրվում է արդեն մի քանի տարի, և՛ սիրային շարք կլինի, և՛ հոգևոր: Որպես բանաստեղծ՝ հիմնականում արձագանքում եմ ժամանակի դեպքերին: Կլինեն նաև ապրիլյան պատերազմին նվիրված գործեր, երևանյան նոր շարք: Հուսամ՝ մյուս տարի կտպագրվի նոր գիրքը, որը պայմանականորեն կկոչեմ «Կորած սերունդ»: Շատ ունեմ նման թեմայով գործեր: «Կորած սերունդ» կարող էր կոչվել իմ ցանկացած գիրք: Այդ թեման կարմիր գծի պես միշտ անցնում է ստեղծագործություններիս միջով:

 

 

Պատրաստեց
Սիրանուշ Փարսադանյանը
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2021-12-10
×