Զրույց Անահիտ Բախշյանի հետ. «Ուսուցիչ. Սիրո ու ազնիվ տառապանքի աղբյուր»

Զրույց Անահիտ Բախշյանի հետ. «Ուսուցիչ. Սիրո ու ազնիվ տառապանքի աղբյուր»

«Յուրաքանչյուր գրագետ մարդ պարտական է ուսուցչին: Հզոր է այն ազգը, որ ունի լավագույն ուսուցչություն: Ծնողները երեխային տալիս են մարմին, իսկ ուսուցիչը՝ հոգի, բարի կամք և բարձրագույն իդեալներ»:

Ավետիք Իսահակյան

 

 

Ուսուցչի կարևորագույն մասնագիտության առանձնահատկությունների և խնդիրների շուրջ զրուցել ենք Հանրային խորհրդի անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ:

 

 

-Տիկի՛ն Բախշյան, ուսուցչի ճանապարհը և՛ բարդ է, և՛ պատասխանատու: Ինչպե՞ս եք ընդունել մանկավարժ դառնալու որոշումը:

 


-Ուսուցչի աշխատանքն ամենապատասխանատուներից է: 1972-ին, երբ պիտի սկսեի մանկավարժական գործունեությունս, փոքր-ինչ կասկածում էի, որովհետև հիշում էի՝ ինչպես էին իմ որոշ համադասարանցիներ «չարչարում» սիրելի ուսուցիչներիս: Բայց կյանքն ամեն դեպքում ինձ «տարավ» դպրոց: Ի սկզբանե խորը հարգանք եմ տածել բոլոր աշակերտների հանդեպ, բոլորի խոսքին ականջալուր եղել: Ինձնից մի քանի տարի պահանջվեց որպես ուսուցիչ կայանալու համար: Տարբեր ժամանակների սերունդներ տարբեր պահանջներ ունեն դպրոցից: Պիտի այդ պահանջները հասկանալ և դրանց համապատասխան կրթություն իրականացնել: Չնայած արդեն 20 տարի է՝ չեմ դասավանդում, բայց լավ եմ հիշում հետևյալը. թե՛ որպես ուսուցիչ, թե՛ որպես տնօրեն միշտ մի սևեռուն միտք եմ ունեցել՝ ինչպե՞ս անել, որ երեխաները սիրով գան դպրոց:

 


-Ամեն մի նոր սերունդ պահանջո՞ւմ է ուսուցչի իր տեսակը:

 


-Անխոս, այսօրվա աշակերտներն ավելի պահանջկոտ են, գիտեն իրենց արժեքը և ուսուցչից էլ պահանջում են գնահատել իրենց անհատականությունն ու հասկանալ իրենց: Պարտադիր է, որ ուսուցիչը երեխաներին վերաբերվի առանց խտրականության: Դասարանի յուրաքանչյուր աշակերտի համար պիտի գտնել նրան համապատասխան հայացքը, բառը, ասելիքը: Ուսուցչին պիտի տեսանելի ու հասկանալի լինեն բոլոր երեխաները՝ ըստ իրենց կարիքի: Չսովորող երեխա չկա. եթե ուսուցչին չի հաջողվում տվյալ երեխային ինչ-որ բան սովորեցնել, պատճառը վերջինիս մեջ չպիտի փնտրել: Ուսուցիչն ինքը պիտի կարողանա հաղթահարել այդ վախը, թե չի կարող բավարարել յուրաքանչյուր աշակերտի կրթական կարիք, ընդամենը պիտի հոգին բացի երեխայի առջև, եթե, իհարկե, գիտելիքներ ունի:

 

 

-Մենք բարդ ժամանակներում ենք ապրում: Ինչպե՞ս պիտի ուսուցիչը կարողանա հաղթահարել տարատեսակ դժվարությունները:

 


-Ուղղակի պիտի կարողանա, որովհետև նախ նրան աշակերտ են վստահել, և երկրորդ՝ մանկավարժ դառնալն իր ընտրությունն է: Ի դեպ, մարդու կյանքում ամենադժվարը ճիշտ ընտրություն անելն է: Ճիշտ ընտրությունից է կախված մեր կյանքի որակը: Ուստի դասարան մտնող յուրաքանչյուր ուսուցիչ պիտի մոռանա ամեն բան և հիշի՝ երեխաները մեղավոր չեն իր խնդիրների համար:

 

 

-Խորհրդային Միության տարիներին և այսօր ինչպիսի՞ մեթոդներով են առաջնորդվում ուսուցիչները՝ ըստ այն մարդու, որ դասավանդել է այդ տարիներին:

 


-Խորհրդային տարիներին կային դասավանդման միանման և կաղապարված մեթոդներ, որ վերաբերվում էին դասարանի բոլոր աշակերտներին: Ուսուցիչներին ու աշակերտներին պարտադրում էին լինել միակարծիք: Այս ամենից խուսափողը դառնում էր խոցելի: Էությամբ մշտապես լինելով ժողովրդավար՝ հաճախ եմ նկատողություններ ստացել: Ասեմ նաև, որ անկախ Հայաստանի ուսուցիչներն էլ միանգամից ձեռք չեն բերել ազատ մտածելու և գործելու հմտություններ: Այսօրվա աշակերտակենտրոն մոտեցմանը մենք աստիճանաբար ենք հանգել: Դասարան մտնելիս ուսուցիչը պիտի հիշի՝ յուրաքանչյուր աշակերտ տարբերվում է մյուսից, և իր գործունեությունը հենց կարծիքների տարբերության ու անհատականությունների վրա պիտի խարսխվի: Սա, ինչ խոսք, բավական դժվար է, մանավանդ եթե հաշվի առնենք ներկայիս դպրոցներում ներդրված ներառական կրթության համակարգը: Վերջինս իր հերթին նշանակում է տեսնել, գնահատել յուրաքանչյուր երեխայի կրթական կարիքները և դրանց վրա կառուցել դասավանդման ընթացքը:

Մեծ հաջողություններ չունենք այս ասպարեզում, բայց կան հաջողության հասած ուսուցիչներ:

 

 

-Ո՞րն է աշակերտ-ուսուցիչ հարաբերություններում հաջողության հասնելու Ձեր բանաձևը:

 


-Ուսուցիչը պիտի սովորի աշակերտի հետ միասին: Պետք չէ գրատախտակին ինչ-որ բաներ գրել ու պահանջել կրկնել: Ողջ դասը պիտի լինի սովորելու, երեխայի վերլուծական միտքը զարգացնելու ընթացք, որ երեխան ինքն էլ զգա սովորելու «համը» և աստիճանաբար սկսի ինքնուրույն սովորել և վերլուծություններ անել: Դասը երեխայի համար պիտի լինի հայտնագործություն կատարելու ամենօրյա հնարավորություն: Օրինակ՝ ամեն մի նոր օրենք անցնելիս պիտի այնպես մատուցել, որ երեխային թվա՝ ինքը հայտնագործեց այդ օրենքը: Եվ նրան պիտի ոգևորել փոքրիկ «հայտնագործության» դեպքում անգամ: Այդպես ինչ-որ բան «հայտնագործելու» մթնոլորտը դառնում է վարակիչ: Նման արդյունքի հասնելու համար շատ ջանք ու եռանդ է պետք, բայց, բարեբախտաբար, ժամանակակից տեխնիկան լայն հնարավորությունն է տալիս այդ առումով:
Ես նաև լավ ընկեր եմ եղել իմ աշակերտների հետ, շատ խենթություններ ենք արել միասին, բայց միայն դասից հետո, որովհետև որպես ուսուցիչ շատ խստապահանջ եմ եղել:

 

 

-Որո՞նք պիտի լինեն ուսուցչի փոխանցած մեծագույն արժեքները:

 


-Մեծագույն արժեքը հենց ուսուցչի օրինակելի կերպարն է: Չկա ավելի վատ բան, երբ քարոզածիդ հակառակն ես անում: Ուսուցիչը նաև պիտի լինի աշակերտին թև տվողը, հուսադրողը: Նա երբևէ երեխային չպիտի ասի՝ դու չես կարող: Նա չպիտի ոչ մի երեխայի անձնական վիրավորանք հասցնի կամ տարբերություն դնի իր աշակերտների միջև և առավել ևս բարձրաձայնի այդ ամենը: Ուսուցիչը պիտի կարողանա երեխայի հետ անցնել նրա դպրոցական կյանքի ճանապարհը՝ հաղթահարելով շրջապատող աշխարհի բոլոր խոչընդոտները: Լավ ուսուցչից միշտ պիտի շնորհակալ լինել:

 

 

-Ինչի՞ց եք թևաթափ եղել դպրոցում աշխատելիս, և ի՞նչն է Ձեզ ոգևորել:

 


-Թևաթափ եմ եղել, երբ աշակերտները փախել են իմ դասից: Շատ էի վիրավորվում, որովհետև այդ երևույթը համարում եմ անկարգապահության վերին սահմանը:
Ոգևորվել եմ աշակերտներիս գրանցած բոլոր փոքր ու մեծ հաջողություններից: Եվ այսօր էլ դեռ շարունակում եմ նրանցով ապրել: Ամեն անգամ, երբ սիրտս նեղված է, փնտրում եմ աշակերտներիս, և նրանք անմիջապես հավաքվում են:

 

 

-Հետաքրքիր է, որ մարդիկ իրենց հուշերում հաճախ պահում են ընդամենը մեկ կամ մի քանի ուսուցչի կերպար: Ըստ Ձեզ՝ ինչու՞ չեն մոռացվում այդ ուսուցիչները:

 


-Շատ ճիշտ դիտարկում է: Ինձ համար այդ մեկը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիս է՝ Վերգինե Նիկողոսյանը: Նրա շնորհիվ ես ձևավորվեցի որպես անհատականություն: Ես շատ էի սիրում գրական ստեղծագործությունների վերլուծության ժամանակ կերպարին բոլորովին այլ տեսանկյունից մոտենալ և այնքան ուրախ եմ, որ լուսահոգի ուսուցչուհիս դեռ 1960-ականներին թույլ տվեց արտահայտելու մեր սեփական կարծիքը՝ առանց կառչելու դասագրքից:
Իմ այս հրաշք ուսուցչի կողքին ես ունեի ֆիզիկայի ուսուցիչ, որ չէր գնահատում այդ առարկայից ունեցած իմ հնարավորությունները: Ի հեճուկս նրա՝ ես հետագայում դարձա ֆիզիկայի ուսուցչուհի:

 

 

-Ի՞նչ են սովորեցրել Ձեզ տարիները, որ փոխանցում եք երիտասարդ սերնդի ուսուցիչներին:

 


-Չեմ ուզում կաղապարված բառեր ասել, բայց առաջին պայմանը սերն է: Եթե չեք սիրում երեխաներին, մի՛ մտեք դասարան: Ուսուցիչը պիտի փորձի երջանկացնել յուրաքանչյուր երեխայի՝ նրան ճանաչելով ու հասկանալով: Ուսուցիչը պիտի նայի աշակերտի աչքերին, նստի կողքին, անկեղծ զրուցի նրա հետ, մասնակից լինի երեխայի ուրախությանն ու տխրությանը: Այս ամենից հետո միայն կարող է աշակերտի կրթական կարիքներին համապատասխան կրթություն կազմակերպել: Նման մոտեցում ունենալու համար մեզ պետք են ազգային ու հոգևոր ինքնությունը ճանաչող, բարոյականության ներքին ամուր ողնաշարով ուսուցիչներ:

 


-Տիկի՛ն Բախշյան, տոնի առթիվ ի՞նչ կմաղթեք մեր ուսուցիչներին:

 


-Բոլորին մաղթում եմ համբերատարություն և անսպառ երևակայություն: Նաև ցանկանում եմ, որ նրանք Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» գործի հերոսի պես ունենան երամին հակառակ գնալու շատ կարևոր կարողությունը՝ նույնը փոխանցելով իրենց աշակերտներին: Ես աշակերտներիս համար միշտ կարդացել եմ այդ գործը՝ բացատրելով, որ երամին հակառակ գնալով էլ է հնարավոր հասնել շատ լուրջ ձեռքբերումների:

 

 

Պատրաստեց
Արփի Խաչատրյանը

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2021-12-10
×