Զրույց Լիլիթ Նազարյանի հետ. «Տառապանքից դեպի կյանք»

Զրույց Լիլիթ Նազարյանի հետ. «Տառապանքից դեպի կյանք»

Աշխարհում ամեն տարի կատարվում է մոտ 56 միլիոն հղիության արհեստական ընդհատում, որոնցից մոտ 12 հազարը՝ Հայաստանում: Արհեստական ընդհատումների դեմ պայքարն այսօր տարվում է հնարավոր բոլոր միջոցներով՝ ընդգրկելով ողջ մեդիան, այդ թվում նաև գեղարվեստական գրականությունը:

 


Այս թեմային անդրադարձել է նաև Լիլիթ Նազարյանը՝ իր  «Տառապանքից դեպի կյանք» վիպակով, որ հրատարակվել է այս տարի: Վիպակի բովանդակության և այնտեղ քննարկվող հիմնահարցի մասին զրուցել ենք հենց հեղինակի հետ:

 


Ե՞րբ եղավ անհրաժեշտություն, ե՞րբ զգացիք, որ հարկ է անդրադառնալ արհեստական ընդհատումների հիմնահարցին:

 


Այս խնդրի հետ առաջին անգամ բախվեցի, երբ Երևանի բժշկական կենտրոններից մեկում ականատես եղա հերթում սպասող մի քանի հղի կանանց, որոնք եկել էին պարզելու իրենց ապագա երեխաների սեռերը։ Նրանց զրույցից հասկացա, որ երեխայի սեռը պարզելու նպատակը ոչ թե այն էր, որ նախապես իմանան՝ իրենց ապագա բալիկը աղջիկ է, թե տղա, այլ այն, որ եթե աղջիկ է, ապա ընդհատեն հղիությունը, քանի որ նախընտրում են արու զավակ ունենալ։ Այս երևույթն ինձ շատ մտահոգեց, ու ես սկսեցի ուսումնասիրել հղիության արհեստական ընդհատման հետ կապված վիճակագրական տվյալները։ Այն ժամանակ ես չէի կարող անգամ պատկերացնել, որ Հայաստանում հղիության արհեստական ընդհատումններն այդքան մեծ տարածում ունեն։ Ես պարզեցի, որ տարբեր պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանում տարեկան գրանցվում է մոտ 12 հազար արհեստական ընդհատում։ Փաստորեն՝ տարեկան մեր երկրում միջին հաշվով 12 հազար երեխա չի ծնվում։ Այս երևույթն, ըստ էության, ստորացնում, նսեմացնում է մարդու կյանքի արժեքը։ Այս առումով ուզում եմ նշել, որ սա ոչ միայն ազգային, այլև համամարդկային խնդիր է։ Այսպիսով, այս հիմնահարցն ինձ շատ մտահոգեց ու ես որոշեցի անդրադառնալ նրան ու իմ փոքրիկ լուման ունենալ վերջինիս լուծման մեջ։

 


Ինչո՞ւ հատկապես ընտրեցիք հերոսներ, ովքեր Հայաստանում ծնված չեն:

 

 

Ես որոշեցի այս հարցն արծարծել գեղարվեստական գրականության մեջ․ մի վիպակ գրել, որում անդրադարձ կկատարվի այս թեմային։ Նպատակ ունեի սկզբում այն տարածել Հայաստանում, այնուհետև թարգմանել և տարածել համացանցում, որպեսզի այն հասանելի լինի նաև տարբեր ազգությունների ներկայացուցիչներին։ Իսկ հերոսների ընտրության հարցում շարժվեցի հետևյալ սկզբունքով․ վիպակի սյուժեն այնպիսին էր, որ իրադարձությունները պետք է տեղի ունենային ներկայիս աշխարհի առաջատար և տնտեսապես զարգացած երկրներից մեկում, և քանի որ ուզում էի, որպեսզի վիպակի հերոսները ազգությամբ հայ լինեին, ընտրեցի Միացյալ Նահանգները, որտեղ հայերի թիվն ամենից շատն է։

 


Լեոյի՝ փոքրիկ հերոսի կերպարն ի՞նչ ասելիք ունի գրքում, ի՞նչ է խորհրդանշում:

 


Լեոյի կերպարը երկու խորհուրդ ունի․ սկզբում նա հանդես է գալիս որպես սպանված, չծնված հոգի ու խոսում է այն բոլոր հոգիների անունից, որոնք տենչում են լույս աշխարհ գալ։ Հաջորդը արդեն ծնված Լեոյի կերպարն է, որը խորհրդանշում է նոր սերնդի, նոր քաղաքակրթության հանճարեղ ունակություններով օժտված մարդու կերպարը, որն աշխարհին բարություն և սեր է տալիս, փորձում է դարձնել այն կատարյալ, որտեղ մարդիկ կապրեն սիրո, ներդաշնակության ու միասնության մեջ։

 


Այդուամենայնիվ, ո՞րն է գրքի հիմնական ասելիքը:

 


Վիպակում անդրադարձ է կատարվում մի քանի թեմաների։ Հիմնական թեման հղիության արհեստական ընդհատման դեմ պայքարն է։ Այս իմաստով այնտեղ իշխում է այն գաղափարը, որ չծնված երեխան կարող է հանճար լինել, ու սպանելով նրան, աշխարհը զրկվում է հանճարից։ Հաջորդը Սիրո թեման է: Սերը գովերգվում է որպես բարձրագույն արժեք, որն ուղղված է դեպի Արարիչը, դեպի Տիեզերքը, դեպի բնությունն ու դեպի մարդը։ Նկարագրվում է գեղեցիկ սիրո մի պատմություն, որտեղ երիտասարդ տղան և աղջիկը առաջին հայացքից սիրահարվում են ու սիրում միմյանց մաքուր, բյուրեղյա սիրով: Այդ սիրո արդյունքում հանճար է ծնվում, որն օժտված է յուրօրինակ ունակություններով ու գերբնական հատկություններով։ Վիպակում խոսվում է նաև գիտության տարբեր բնագավառներում նորանոր ձեռքբերումների և մարդկությանը հուզող մի շարք խնդիրների լուծման մասին։

 


Ինչո՞ւ հատկապես գեղարվեստական ժանրն ընտրեցիք՝ հիմնահարցին անդրադառնալու համար:

 


Այս հիմնահարցի մասին ժամանակ առ ժամանակ խոսվում է, և քարոզչական աշխատանքներ են տարվում պետության, եկեղեցու ու մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից, սակայն խնդիրը կրկին առկա է ու հարկավոր է անընդհատ զբաղվել դրանով։ Ես ուզում էի իմ փոքրիկ լուման ունենալ այս խնդրի լուծման մեջ ու ընտրեցի գեղարվեստական ժանրը, քանի որ այս ժանրում հնարավոր կլիներ զգացմունքային, հուզական ձևով անդրադառնալ այս թեմային ու ավելի ազդեցիկ լինել։ Ինքս, լինելով կին, կարող եմ նշել, որ կնոջ վրա հուզական ազդեցությունն ավելի ուժեղ է, քան քարոզները, գիտական բացատրությունները, անգամ օրենքներն ու արգելքները։

 


Արդյո՞ք գեղարվեստական ժանրն այսօր տալիս է բոլոր հնարավորությունները՝ նման խնդրի անդրադառնալու և լսելի դարձնելու:

 


Վերջին տարիներին մեր երկրում ընթերցանության, և գեղարվեստական գրականություն ընթերցողների շրջանակի ընդլայնվելը հատկապես նկատվում է երիտասարդների շրջանում, որը շատ ողջունելի է։ Ես կարծում եմ, որ գեղարվեստական ժանրը, այնուամենայնիվ, տալիս է որոշակի հնարավորություններ հասարակության մեջ առկա հիմնահարցերը բարձրացնելու և լսելի դարձնելու համար։

 


Ի՞նչ դուրս մնաց վիպակից, որ, այդուամենայնիվ, կուզենայիք ասել բոլորին, թեկուզ այս ձևաչափով:

 


Կուզենայի ուղերձ հղել մեր կանանց:
Թանկագի՛ն կանայք․․․
Մի՛ ընդհատեք Ձեր դեռ չծնված երեխաների կյանքը։ Դուք չգիտեք, թե ում եք կրում Ձեր կրծքի տակ․ գուցե այն տաղանդավոր բժշկին, որը պիտի փրկի հազարավոր մարդկանց կյանքեր, գուցե հանճարեղ գիտնականին, որի գյուտերը պետք է փրկեն մեր մոլորակը բնածին ու մարդածին աղետներից, գուցե այն հռչակավոր նկարչին, երաժշտին կամ պոետին, որոնց ստեղծագործությունները պիտի ոգեշնչեն մարդկանց, գուցե այն մարգարեին, որն իր իմաստությամբ մարդկությանը պիտի մոտեցնի բարությանը, լույսին ու սիրուն, գուցե այն զորեղ հեղափոխականին, որը կփրկի երկիրը սովից ու աղքատությունից ու կտանի դեպի բարեկեցություն, և, առհասարակ, ում էլ որ կրեք Ձեր կրծքի տակ, Ձեր որովայնում, յուրաքանչյուր գոյ յուրահատուկ է իր տեսակի մեջ, ու նրա գոյությունը հարկավոր է աշխարհին․․․
Մարդը բարձրագույն արժեք է։
Սիրեցե՛ք միմյանց․․․

 

 

Հարցազրույցը վարեց Վիկտորյա Մարկոսյանը

  • 2021-12-10
×