Երբ ես ծնվեցի…
Պապիկս ողջ էր, երկրաշարժը դեռ չէր եղել, պատերազմը դեռ չէր սկսվել, մարդիկ դեռ չէին վազում, ներում էին ավելի հաճախ, հյուրասիրում՝ գրկաբաց, լսում աչալրջորեն, տխրում միասին, ուրախանում՝ լիաթոք, բայց և հաճախ՝ ամուսնանում առանց սիրելու, միասին ապրում պարտադրաբար, հեռանում ամոթահար։
Երբեմն կարոտում եմ մանկությունս…
Ես մի՛շտ եմ կարոտում։ Եթե մանկություն, ապա՝ առաջին հերթին գյուղն ու պապիկս։ Երբ փոքր ժամանակ գյուղ էինք գնում, տատիկ-պապիկս դարպասի մոտ էին մեզ դիմավորում։ Ա՛յ այդ գրկախառնությունն եմ կարոտում, դարպասի դռան զրնգոցը, տատիկիս լավաշի հոտը, այգու նոր ծիլ տված կանաչին, ինքնաեռում բլթբլթացող թեյը՝ նոր թխած կաթնահունցով, մեղր քամելու ընտանեկան արարողությունը, աղմկոտ բերքահավաքը, երեկոյան չոր լավաշով մածուն ուտելու սովորույթը, պապիկիս՝ չվերջացող մաթեմատիկայի դասերը, առավոտվա կռիվները՝ «կաթը խմի», «էլ չեմ ուզում»․․․Վերջին անգամ գյուղից Երևան գալիս երեխայի պես լաց էի լինում։ Դե արի, որևէ մեկին բացատրի, որ 33 տարեկանում պապիկիդ ես կարոտել...
Մեր ընտանիքում…
Իմ ընտանիքներն արդեն շատ են՝ փոքր ու մեծ, կենսաբանական և ոչ։ Իմ փոքր ընտանիքում մի՛շտ պետք է լայնախոհ, արդար, անվախ, տաք ու սիրուն հարաբերություններ լինեն։
Լավագույն դասը, որ քաղել եմ ծնողներիցս…
Գումար պետք է վաստակել ազնիվ ճանապարհով։
Իմ մեծագույն ուսուցիչը եղել է…
Գյուղն ու գիրքը:
Լրագրությունն իմ ինքնաարտահայտման ուրույն ճանապարհն է…
Չէ՛, լրագրությունն իմ ինքնաարտահայտման ճանապարհը չէ։ Ժուռնալիստիկան արվեստից տարբերվում է հենց նրանով, որ ոչ թե ինքնաարտահայտման հարթակ է տրամադրում, այլ մարդկանց կյանքը փոխելու իրական հնարավորություն։ Հրաշալի մասնագիտություն է լրագրությունը, եթե դրանով զբաղվում ես ստեղծագործ, ազնիվ, բարեկիրթ ու պատասխանատու գրչով։ Նման գրիչ հիմա կա՞՝ կհարցնեք։ Իսկ կարելի՞ է չպատասխանել այդ հարցին՝ կասեմ։
Կյանքը լիարժեք է, երբ…
Իսկ կյանքը լիարժեք լինու՞մ է։
Կյանքիս դժվարությունները հաղթահարելիս սովորում եմ…
Ներել ատելու փոխարեն, ներողություն ասել մեղադրելու փոխարեն, շնորհակալ լինել դժգոհելու փոխարեն, լռել շաղակրատելու փոխարեն, ապրել՝ ժամանակի քչությունից բողոքելու փոխարեն և անտեսել ինքդ քեզ մաշելու փոխարեն։
Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ․․․
Կյանքը երկար չէ, պիտի հասցնես ապրել, ապրել՝ առանց խռովության, առանց նախանձի, առանց ատելության։ Հասկանում եմ, որ բոլոր իրավիճակներից ելք կա, եթե կորուստն անդառնալի չէ։ Հասկանում եմ, որ քեզ չպիտի զրկես փոքրիկ հաճույքներից, չափսոսաս կոտրված ափսեի համար, չմտատանջվես անցած-գնացածի, անցած-գնացած մարդու համար, իրականացնես մանկությանդ երազանքները, օգնես, որ ընկերդ իրագործի ի՛ր երազանքը։
Հասկանում եմ, որ ծնողները հավերժ չեն, պետք է ժամանակ տրամադրել նրանց, խոսել համբերատար, լսել՝ առավել ևս, միասին սուրճ խմել, թեկուզ 100-րդ անգամ ականջ դնել նույն պատմությունը։ Հասկանում եմ, որ մարդկանց պետք է լսել ուշադիր, առանց ժամացույցին նայելու, առանց թեման շրջանցելու։ Հասկանում եմ, որ խոսքերով կարող ես ապրեցնել ու թևեր տալ, վհատեցնել ու ոչնչացնել։ Եվ քո որոշելիքն է՝ ինչի վրա ծախսես էներգիադ։ Հասկանում եմ, որ չպետք է սեղմել մարդկանց վերքերին, նույնիսկ եթե ուզում ես պատասխան հարված հասցնել։ Հասկանում եմ, որ պիտի լռես, եթե ասելիք չունես, չփնովես, քանի դեռ ավելի լավը չես ստեղծել, հիշաչար չլինես, քանի դեռ դա քո միակ ինքնապաշտպանական վահանը չէ, հետևություններ չանես, քանի դեռ չես զրուցել։ Իսկ զրույցը դեպի հաշտություն տանող ամենակարճ ճանապարհն է, որով անցնում են լսելու ու խոսելու խիզախություն ունեցողները։ Հասկանում եմ, որ ամեն ազատ րոպեն պետք է օգտագործել ինքնազարգացման համար, բայց ժամանակին կանգ առնել ու մի բաժակ սուրճ խմել սիրելի սրճարանում՝ անշտապ ու անվրդով։ Հասկանում եմ, որ հաշտության ձեռք մեկնելը, առաջին քայլն անելը՝ ուժի, վրիժառությունից բոլոր կամուրջներն այրելը մեղկության նշան է։ Եվ վերջապես հասկանում եմ, որ ընկերներ ձեռք բերելը կոլեկցիա հավաքել չէ, որ առաջնորդվես «ինչքան շատ, այնքան լավ» սկզբունքով․ պետք է ընտրել մանրազնին հայացքով, ընդունել երկկողմանի փորձաշրջանով ու ամուր պահել հավատարիմ ձեռքերով։
Հոգևոր կյանքիս վրա մեծապես ազդել է…
Ամուսինս։
Աստծուն ամենաշատը մոտ եմ զգում, երբ…
Երեխաներիս հետ եմ։
Քաղաքում կա մի եկեղեցի, որն ամենասիրելին է…
Բոլոր փոքր ու ոչ մարդաշատ եկեղեցիները, որտեղ կարող եմ լուռ նստել։
Մարդկությունն այսօր կարիք ունի…
Սիրո, ժամանակի ու ներողամտության։
Մարդը սկսում է մահանալ, երբ…
Կորցնելու այլևս ոչինչ չունի։
Աստվածաշնչից ինձ համար առանձնացնում եմ…
«Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես եւ դուք արեք նրանց»։
Խորհուրդներ, որոնք կցանկանայի տալ բոլորին․․.
Սպորտո՛վ զբաղվիր, առո՛ղջ սնվիր, լա՛վ երաժշտություն լսիր, հիմար բաների վրա ժամանակ մի՛ ծախսիր, ազատի՛ր քեզ ապամոտիվացնող անձանցից, դատարկ պայմանականություններից, պարտադրված արարողակարգերից, լա՛վ հիշողություններ կուտակիր, առաջին քայլն անելու խիզախություն ունեցիր, հեռացիր, քանի դեռ չեն հեռացրել և սեր տուր, քանի դեռ ժամանակ ունես, հետո, որպես կանոն, ուշ է լինում։
Զրուցեց Լիլիանա Օսիպյանը