Մելքիսեդեկի կոչումը. «Աստծո օգնականությամբ հաղթահարելի է ամեն դժվարություն»

Մելքիսեդեկի կոչումը. «Աստծո օգնականությամբ հաղթահարելի է ամեն դժվարություն»

«Մեր Հայաստան աշխարհում հարկ է ստեղծել ներդաշնակություն հոգևոր և նյութեղեն իրականությունների միջև՝ միշտ բարձր պահելով հոգևորի գերիշխանությունը, առանց որի կյանքը կդառնա սպառողական և սպառվողական անիմաստ մի գոյություն»,- ասել է երջանկահիշատակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանը: Վեհափառի խոսքերն այսօր ասես հնչում են որպես սահմանված բանաձև մարտահրավերներով լի ժամանակներում մեր հոգևոր ընթացքը ճիշտ անցելու համար:

Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը հոգևորականի ուղին բռնել է դեռ 1998 թվականից: Այսօր նա ծառայություն է իրականացնում Արարատի մարզի Վեդի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Նրան կարելի է տեսնել ամենուր՝ զինվորների, զոհված ազատամարտիկների ընտանիքների կողքին, դպրոցներում, մակապարտեզներում, սրբատեղիներում:

 

Ցանված սերմերը տվեցին իրենց պտուղները    

 

-Դպրոցական տարիներից սկսած՝ ծառայությունս եմ բերել Խոր Վիրապ վանքում: Ամեն կիրակի համադասարանցիներիս հետ այցելում էի եկեղեցի և մասնակցում Սուրբ Պատարագի: 1998 թ. ընդունվեցի Սևանի Վազգենյան դպրանոց: Ավարտելով հոգևոր կրթությունս՝ Տ. Մուշեղ եպս. Բաբայանի ձեռամբ օծվեցի ամուսնացյալ քահանա: Վեհափառ Հայրապետի օրհնությամբ և տնօրինությամբ ծառայության կոչվեցի Արարատյան Հայրապետական թեմ: Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ծառայության նշանակվեցի Արարատ գյուղի Սբ. Հակոբ Եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ: Այնուհետև ծառայության անցա Վեդի քաղաքի Սբ. Աստվածածին եկեղեցում և մինչ օրս անմնացորդ ծառայությունս եմ բերում Վեդի քաղաքին և 19 համայնքներին: Բազում դժվարություններ հաղթահարելով՝ Աստծո օգնականությամբ հասանք այն բանին, որ ցանված սերմերը տվեցին իրենց պտուղները՝ մեկի դիմաց՝ երեսուն, մեկի դիմաց՝ վաթսուն և մեկի դիմաց՝ հարյուր:
 

-Տե՛ր հայր, ի՞նչ խոչընդոտներ է հաղթահարում քահանան իր ծառայության ընթացքում:
 

-Խոչընդոտները և դժվարություններն ամենուր են, հատկապես՝ հոգևոր ծառայության մեջ: Մի բան հստակ է. Աստծո ներկայությունը զգացող և Տիրոջ սերը իր մեջ կրող քահանան ունակ է հաղթահարելու ամեն դժվարություն և փորձություն: Փա՛ռք Բարձրյալին, որ լսեց աղոթքներս և մեծ ուժ տվեց՝ հաղթահարելու իմ առջև ծառացած բոլոր խնդիրները:

 

Խոնարհվելով Բարձրյալի և սրբադասված նահատակների առջև

 

-Մեր նախնիները արևածագը միշտ դիմավորել են Ներսես Շնորհալու «Առաւօտ լուսոյ» շարականը երգելով: Եվ այսօր Դուք նույնպես ասում եք. «Ամեն բացվող առավոտ պետք է ասենք՝ Փա՛ռք Քեզ, Տե՛ր»: Արդյոք հավատարի՞մ ենք մեր նախնիների այս հոգևոր կերպարին:
 

-Ամեն բացվող առավոտ յուրաքանչյուր անհատ պիտի փառաբանի Ամենակարող Աստծուն՝  «Փա՛ռք քեզ, Տե՛ր, փա՛ռք Քեզ յաղագս ամենայնի, Տե՛ր, փառք Քեզ» ասելով: Մի բան հստակ է և անհերքելի. միայն խնդրողի դերում չպիտի լինենք: Ամեն բացվող առավոտ Աստված տալիս է մեզ այն, ինչ պետք է, և այդ ամենի համար մեր շնորհակալությունն ու փառաբանական աղոթքը պիտի առաքենք Բարձրյալ Աստծուն: Մեկ բան պիտի գիտակցենք և մեր մտքի սլաքն ամբողջությամբ պիտի ուղղենք  առ այն, որ Աստված ամենքիս կարիքները շատ լավ գիտի և տալիս է մեզ: Աղոթենք դիմացինի համար: Երբ թերթում ենք պատմության էջերը, տեսնում ենք, որ հայի անցած ուղին դժվար է եղել. պատերազմներ, հալածանքներ և բազում փորձություններ: Բայց Աստծո Ամենազոր Աջի հովանու պահպանությամբ կարողացել ենք դուրս գալ անելանելի վիճակից:

 

Եկեղեցին ընտանիք է, և այդ ընտանիքում է, որ Աստված միացնում է նորապսակ զույգերին

 

-Երեխաները ամենամեծ պարգևն են Աստծո կողմից՝ տրված ամուսնացած զույգերին: Պսակի խորհուրդի մեջ շատ պատկերավոր և տեսանելի է երևում վերը նշված միտքը. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, երկիրը լցրե՛ք և դրանց տիրեցե՛ք» (Ծննդոց Ա 22): Ընտանիք հասկացությունը իր մեջ շատ մեծ կարևորություն է պարունակում: Կարևոր է գիտակցումն այն մտքի, որ եկեղեցին ընտանիք է, և այդ ընտանիքում է, որ Աստված միացնում է նորապսակ զույգերին և Իր օրհնությունն ու աստվածային սերը առատապես տալիս: Յուրաքանչյուր հայ քրիստոնյայի ընտանիքում ծնված մանուկ, անպայման, պիտի կապված լինի եկեղեցուն Մկրտության խորհրդի միջոցով՝ վերստին ծնվելով Սուրբ Ավազանից: Մկրտության խորհրդի միջոցով է, որ հայը ստանում է քրիստոնյայի բարձր կոչումն ու պատիվը:

Ահավասիկ, ամեն ծնող խոր գիտակցում պիտի ունենա, որ իր զավակի հոգևոր կյանքն ավելին է, քան ֆիզիկական և նյութական կարիքները, և որևէ ջանք չպիտի խնայի իր զավակին հոգևոր ուղու մեջ մշտապես պահելու համար:

 

Քահանայի հոգևոր  զինակիցը

 

-Քահանայի ընտանիքը՝ երեցկինը և երեխաները,  օրինակ պիտի լինեն համայնքի համար: Երեցկնոջ դերն ու կարևորությունը շատ մեծ է: Մասնագիտությամբ խմբավար լինելով և հոգևոր կյանքի մեջ հաստատակամ լինելով՝ մշտապես աջակցում է և՛ ինձ, և՛ համայնքի հավատավոր զավակներին: Զավակներիս հետ մասնակցում է Սուրբ Պատարագներին: Երեցկինն ու ավագ դուստրս երգում են եկեղեցու երգչախմբում: Տղաս, որը դպիր է, խորան է բարձրանում: Մարիամս առհասարակ Աստծո կողմից ուղարկված համալրումն էր. Հովակիմ, Աննա և Մարիամ, խորհրդանշական իրողություն մեր ընտանիքում: Շատ կարևոր իրողություն է քահանայի ընտանիքի՝ եկեղեցում գտնվելը և համայնքային կյանքին ներգրավված լինելը:

 

Հայ ընտանիքը՝ ազգի գոյության անկյունաքար

 

-2019 թվականը  Վեհափառ Հայրապետի կողմից հռչակվեց ընտանիքի տարի, որը շատ կարևոր իրադարձություն էր հայ իրականության մեջ: Ընտանիքի դերն ու նշանակությունը առհասարակ միշտ առաջնային պիտի լինեն մեր իրականության մեջ, քանի որ ընտանիքներից են դուրս գալիս ապագա սերունդները, և ամեն ընտանիք այս երևույթին պետք է լրջորեն մոտենա: Այսօր շատ օտարամուտ երևույթներ փորձում են խարխլել ավանդական հայ ընտանիքների հիմքերը: Ամեն հայ ընտանիք ջանք և եռանդ չպիտի խնայի ավանդական ընտանիքի պահպանության սուրբ գործին լումա ներդնելու համար: Ընտանիքում մեծ տեղ պետք է հատկացվի աստվածպաշտությանը, եկեղեցասիրությանը և զավակների՝ քրիստոնեական ճշմարիտ ոգով դատիարակությանը:
 

-Տե՛ր հայր, հույն գրող Միցցոս Ալեքսանդրոպուլոսն ասում է. «Հայերի հիշողությունը մի տապան է՝ բնակեցված ցեղի սրբություններով»: Ո՞րն է հայ  քահանայի կոչումը՝ նոր հազարամյակի մարտահրավերներից պաշտպանելու ազգի հիշողության տապանի «բնակիչներին»՝ մշակույթը, պատմությունը, եկեղեցին, ընտանիքը …
 

-Նախ ասեմ, որ շատ ծանր լուծ է դրված քահանայի ուսերին: Բայց առավել քան վստահ եմ, որ Աստծո օգնականությամբ հաղթահարելի է ամեն դժվարություն: Հոգևորականների կարևորագույն խնդիրն է ոչ միայն պահպանել, այլև ամրացնել և ծաղկեցնել Հայ Առաքելական  Եկեղեցին, ընտանիքը, հայ մշակույթը և ազգային ավանդույթները: Աղոթքս է առ Բարձրյալն Աստված, որ ամուր պահի Հայաստան և Արցախ աշխարհի սահմանները, արիություն և քաջություն պարգևի հայ զինվորին, և հայ ընտանիքները մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Զորավոր Աջի հովանու ներքո լինեն:

 
 

Պատրաստեց Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2017-12-10
×