Սևակ Ղազարյան. «Երբ ասում եմ կինս, առաջին բանը, որ պատկերացնում եմ, սերն է»

Սևակ Ղազարյան. «Երբ ասում եմ կինս, առաջին բանը, որ պատկերացնում եմ, սերն է»

Ընտանիք, որտեղ ծնվել եմ
 

Ծնվել եմ Արմեն Ղազարյանի՝ Պարույր Սևակի միջնեկ որդու ընտանիքում: Արմատներով Արարատի մարզի Զանգակատուն գյուղից ենք: Պարույր Սևակը ևս ծնվել է այդ գյուղում, այնուհետև տեղափոխվել է Երևան:
 

Ծնողներս երկու զավակ են ունեցել՝ ինձ և եղբորս՝ Արտակին: Հայրս գրականագետ է, դասավանդում է ԵՊՀ- ում, մայրս մասնագիտությամբ լեզվաբան է, բայց արդեն երկար տարիներ աշխատում է որպես լրագրող «Ազատություն» ռադիոկայանում: Եղբայրս մասնագիտությամբ իրավաբան է:

 

Հիշողություններ Պարույր Սևակից
 

-Սևակի հետ կապված մի շատ հետաքրքիր պատմություն կա։ Երբ նա ծնվում է, հորեղբոր կինը, ով այդ ժամանակ երեխա չուներ, որոշում է, որ Սևակն իր երեխան է, և հայտարարում է, որ երեխային վերցնում է իր խնամքի տակ: 4-5 տարի նրանք են Սևակին պահում, այնուհետև ամուսինները բաժանվում են, բայց մինչ այդ պահը Սևակը կարծել է, որ հորեղբայրն ու նրա կինն  են իր իսկական ծնողները: Հետաքրքիրն այն է, որ մինչև 5 տարեկան նա իր իրական հորը ասել է «ամի»՝ հորեղբայր, իսկ մորը «ազի»՝ հորեղբոր կին: Հետագայում իր ողջ կյանքի ընթացքում նա շարունակել է ծնողներին նույն կերպ դիմել, չնայած որ անսահման շատ է սիրել նրանց:
 

Սևակն, ինչպես գիտեք, երկու անգամ է ամուսնացել: Առաջին կինը Մայա Ավագյան էր, իսկ երկրորդը՝ Նելլի Մենաղարաշվիլին՝ ազգությամբ վրացուհի։ Մայայից Սևակն ունեցել է մեկ որդի՝ Հրաչյան (ավագ հորեղբայրս), իսկ Նելլիից երկու որդի՝ Արմենը (հայրս) և Կորյունը (փոքր հորեղբայրս):
 

Ես…

 

Ես, ինչպես որ հայրս, ընտրել եմ գրականությունը, երկար տարիներ է, ինչ դասավանդում եմ ԵՊՀ-ում, միաժամանակ «Մագաղաթ» հրատարակչությունում աշխատում եմ որպես գլխավոր խմբագիր և ստանձնել եմ  Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնը: Կցանկանայի ավելի շատ խոսել Պարույր Սևակի թանգարանը տնօրինելու իմ գործունեության մասին։ Սա շատ կարևոր և պատասխանատու աշխատանք է ինձ համար: Ներկայումս թանգարանում ստեղծված է այնպիսի միջավայր, ուր կարելի է այցելել ընտանիքով, շրջել, Սևակի շունչը զգալ, վայելել այն հրաշք այգին, որը Սևակն իր ձեռքով է տնկել: Մայիսից մենք այցելուների առաջ բացել ենք նաև Սևակի հայրական տան դռները:  Այն արդեն 100 տարեկան տուն է՝ լրիվ նույնությամբ պահպանված ինչպես դրսից, այնպես էլ ներսից։ Սա բացառիկ հնարավորություն է, որպեսզի մարդիկ անմիջականորեն տեսնեն, թե ինչպես է ապրել հայ գյուղացին 100 տարի առաջ:

 

Սովորություններ, որ հատուկ են մեր ընտանիքին
 

-Ընտանիքում վաղուց ամրացած սովորություններ շատ ունենք, բայց թերևս նշեմ դրանցից միայն երկուսը: Ամեն տարի Պարույր Սևակի ծննդյան օրը՝ հունվարի 24-ին, և նրա մահվան օրը՝ հունիսի 17-ին, մենք պարտադիր հավաքվում ենք նրա տանը, մեկ գավաթ կոնյակի շուրջ հիշում նրան ու նրա հետ կապված վառ հիշողությունները։  Իհարկե, այդ օրերին միայն մենք չենք լինում այնտեղ, այլ նաև՝ մեր հարազատները, ընկերները և բազմաթիվ այլ սևակասերներ:

 

Ընտանիք կազմելու իմ որոշումը
 

-Ընտանիք կազմելու իմ որոշումը տեղի է ունեցել ճիշտ 12 տարի առաջ՝ 2007 թվականի հուլիսի 7-ին, երբ բառացիորեն մի քանի րոպեի ընթացքում հասկացա, որ սիրահարված եմ ու ոչ միայն սիրահարված եմ, այլև սիրում եմ: Այդ պահից արդեն որոշված էր՝ նա իմ ողջ կյանքի ուղեկիցն է լինելու: Եվ այդ պահից սկսած ես իմ մտքում արդեն ունեի մեր հետագա կյանքի ողջ տեսլականը:

 

Կինս…
 

-Նա մի մարդ է, ով ամբողջությամբ լի է սիրով ոչ միայն իմ հանդեպ, այլև՝ աշխարհի ու մարդկանց: Երբ ասում եմ կինս, առաջին բանը, որ պատկերացնում եմ՝ սերն է:

Եթե փորձեմ մի քանի բառով բնութագրել նրան, ապա պետք է ասեմ, որ չափից ավել բարի է, հոգատար, ազնիվ, աշխատասեր, անսահման նվիրված ինձ ու որդուս:

 

Զավակս…
 

-Որդուս ծնունդը շատ է փոխել կյանքս: Իրականում, երբ երեխա ես ունենում, չես պատկերացնում, թե տվյալ մարդն ինչ մեծ ներգործություն է ունենալու քեզ վրա: Այդ ամենի գիտակցումը ինձ մոտ եղավ որդուս ծնունդից մոտավորապես 2-3 ամիս հետո: Ես հասկացա, որ ոչ միայն նոր մարդ է մտել մեր կյանք, այլև կա մեկն, ում դու անչափ սիրում ես: Մինչ այդ ինձ թվում էր, թե սիրո ուժգնության այդ աստիճանը ես երբեք չեմ զգալու, որովհետև դա կարող ես զգալ միայն մի մարդու նկատմամբ, իսկ դա քո կողակիցն է: Հետագայում հասկացա, որ նույն ուժգնությամբ, սակայն այլ տեսակի սեր ես զգում նաև զավակիդ նկատմամբ:

 
 

Եթե գիրք գրեի…
 

-Գրքեր շատ թեմաներով կարելի է գրել, բայց ես առաջին հերթին կգրեի ընտանիքիս մասին: Ու եթե այդպիսի գիրք գրեի, ապա ամենամեծ հատվածը կհատկացնեի իմ ու կնոջս, հետո՝ մեր որդու հետ հարաբերություններին: Ես ու կինս շատ մեծ ճանապարհ ենք անցել, արդեն 12 տարի միասին ենք, իսկ վերջին 5 տարում մեզ է միացել նաև մեր որդին: Տարիների ընթացքում մեր հարաբերություններն ավելի խորն ու հետաքրքիր են դարձել:

Գրքի մեկ այլ հատվածում, հավանաբար, կխոսեի մեր կատարած աշխատանքի մասին, որովհետև մենք որպես անհատ կայանում ենք ոչ միայն մեր սիրելիների ու ընտանիքի շնորհիվ, այլև մեր արած գործի:

 

Օրինակելի ընտանիք ունենալու իմ բանաձևը
 

-Օրինակելի ընտանիք ունենալու առաջին պայմանը սիրելն է ու միմյանց նկատմամբ ազնիվ լինելը: Թվում է՝ շատ պարզ բան եմ ասում, բայց հավատացեք, բազմաթիվ ընտանիքներում բացակայում է սերը: Կա հոգատարություն, հարգանք, համակրանք կամ հանդուրժողականություն, բայց իմ հորդորն է բոլորին՝ առանց սիրելու երբեք մի՛ ամուսնացեք: Չի կարելի, պարզապես սիրահարված լինելով կամ տվյալ անձով տարված լինելով, գնալ ամուսնության: Ամուսնությունը  հսկայական փորձություն է, որին կարելի է դիմանալ սիրո առկայության դեպքում միայն: Ցանկացած այլ զգացմունք ժամանակի ընթացքում նահանջում է, և առաջ են գալիս լուրջ խնդիրներր: Երբ ասում են՝ քրիստոնեական ընտանիք, առաջինը պատկերացնում եմ սիրո գերակայությունը այդ ընտանիքում:

 

Խորհուրդներ, որ ես եմ տալիս
 

- Երբ իմ խորհրդի կարիքն են ունենում, միանշանակ փորձում եմ օգտակար լինել ու թերևս առաջին բանը, որ միշտ ասում եմ՝ լինել պատասխանատու ամեն ինչի նկատմամբ. առաջին հերթին՝ սեփական անձի, այնուհետև՝ ընտանիքիդ, երեխաներիդ, կատարածդ աշխատանքի, ապրածդ վայրի, երկրիդ համար: Ու այս շարքը կարելի է անվերջ շարունակել: Պետք է դադարենք միայն մեր մասին մտածել ու փորձենք մի փոքր էլ մտածել մերձավորների մասին, ի վերջո այն մարդկանց մասին, ովքեր շրջապատում են մեզ և իրենց ներկայությամբ փոխում են մեր կյանքը։

 

Զրուցեց Մարիետտա Խաչատրյանը

  • 2021-12-10
×