Տեր Թովմա Անդրեասյան.«Միայն լռության մեջ է մարդը սկսում իր հոգու տեղը զգալ»

Տեր Թովմա Անդրեասյան.«Միայն լռության մեջ է մարդը սկսում իր հոգու տեղը զգալ»

Ընտանիք, որտեղ ծնվել եմ…
 

-Ծնվել եմ բժիշկների ընտանիքում: Հայրս վիրաբույժ էր, մայրս՝ մանկաբույժ: Քույրերս, եղբայրս, եղբորս կինը, քեռիներս, մի խոսքով բոլորն այդ բնագավառի ներկայացուցիչներ են և ես, կարծես, սպիտակ ագռավն էի նրանց մեջ, քանի որ, ի տարբերություն նրանց, ինձ մոտ մեծ հակակրանք կար դեպի բժշկությունը: Երևի ամեն օր այդ միջավայրում լինելն էր հանգեցրել դրան: Ես դպրոցական տարիքից  ցանկանում էի դառնալ ռեժիսոր՝ կինոռեժիսոր, թատրոնի ռեժիսոր և այդ ասպարեզն ընտրեցի, որից հետո արդեն որոշեցի նաև քահանայական ծառայության անցնել:

 

Մանկությանս ամենավառ դրվագները…
 

-Մանկությանս սիրելի դրվագներից է ընկերներիս հետ ունեցած բակային խաղերը: Նոր Արեշը լուռ տեղ էր, անգամ՝ երթուղային տաքսիներ չկային: Ես լռությունն էի շատ սիրում, որովհետև այդ ձևով կարողանում էի ականջալուր լինել բնության ձայներին, որոնք այնքան հետաքրքիր են: Ամենատպավորիչը ձյան ձայնն է. այնքան ներդաշնակ է, երբ լռության մեջ լսում ես դրա թափվելն ու նստելը: Միայն լռության մեջ է մարդը սկսում իր հոգու  տեղը զգալ:

Թռչյունների ձայնին հաղորդակից լինելը ևս հաճելի էր. մեր տանը կից կար անտառ՝ Նորքից ձգվում էր Նոր Արեշ: Շատ լավ մանկություն եմ ունեցել, որը մինչ օրս չի մոռացվում:

 

Հատկանիշներ, որ հատուկ են Անդրեասյան ընտանիքին…
 

-Մեր ընտանիքին հատուկ էր ազնվությունը, մարդկայնությունը ու դիմացինից երբեք ինքներս մեզ վեր չդասելու իմաստությունը: Մեր ծնողները մանկուց դա են սերմանել մեր մեջ, ինչը ես իմ ընտանիքում եմ փորձում պահել:

 

Ընտանիք կազմելու իմ որոշումը…
 

-Ընտանիք կազմելը հրաշք է Աստծո կողմից, որ տրված է մարդուն: Այդ հրաշքն ինձ ուղեկցում է դեռևս ամուսնության օրվանից: Հայրս 1970-ական թվականններին կատարեց մի բարդ վիրահատություն և փրկեց մի տղայի կյանք, ում մայրը մոտեցել էր հորս և ասել, որ երբ մեզնից մեկը ամուսնանա, նրա տղան, ում հայրս երկրորդ կյանք պարգևեց, բոլորիս կուրախացնի այնպես, ինչպես հայրս այդ կնոջը: Դեպքից անցավ 17 տարի, մոռացվեց ամեն բան: Հարսանիքիս օրը, որն ի դեպ, շատ նեղ շրջանակով էր կազմակերպված, եկեղեցում հորս մոտենում է մի տղա և հայրս  առանց բացատրություն տալու նրան մեզ հետ վերցնում է խնջույքի: Ես ու կինս անգամ այդ պահին զարմացել էինք, որ մեր ընկերներն անգամ չկան, բայց անծանոթ երիտասարդի հայրս բերեց մեր խնջույքին: Ամբողջ հարսանիքի ժամանակ թամադայություն արեց, ուրախացրեց ու վերջում հորս ասաց, որ նա այն տղան է, ում կյանքը հայրս փրկել էր: Ահա այս գեղեցիկ պատմությամբ էլ ազդարարվել է ամուսնությանս օրը:

 

Կինս…
 

-Մարդը ձգտում է ընտանիք կազմել և հանդիպել նրան, ում ընկերակցությամբ էլ պատկերացնում է իր ապագան: Ես գտա Անահիտին, ինչի համար երջանիկ եմ: Մարդ պիտի ստեղծի ընտանիք, ունենա զավակներ և ուրախանա նրանցով:

Կնոջս առաջին բնութագրիչը, որ պետք է տամ խելացիությունն է: Կնոջս գաղտնապահությունն եմ սիրում, որը քչերին է բնորոշ: Նա անհատակ ջրհոր է. եթե մի բան վստահեցիր, կարող ես հանգիստ լինել, որ այն ջրի երես երբեք դուրս չի գա: Բարությամբ լեցուն անձնավորություն է կինս: Երեք մասնագիտության տեր մարդ է՝ երգչուհի, դաշնակահարուհի, դիրիժոր-խմբավար:

 

Զավակներս…
 

-Երկու աղջիկ ունեմ: Մեծս՝ Սոնան, ավարտել է կոնսերվատորիան: Երկուսն էլ իրենց կամքով ու ցանկությամբ ընտրել են մեր ճանապարհը և մենք դեմ չենք եղել:

 

Եթե ընտանիքիս մասին գիրք գրեի…
 

-Ես այդ գրքում իմ ընտանիքը կներկայացնեի այնպես, որ հայկական ավանդույթներն ու կոլորիտն ամբողջապես փոխանցվեր և օրինակ ծառայեր ընթերցողին:

 

Օրինակելի ընտանիք ունենալու իմ բանաձևը…
 

-Զույգերը պետք է սիրեն և վստահեն միմյանց. սա է ամուր ընտանիքի հիմքը: Անկեղծությունը միշտ պետք է գերիշխի ընտանիքում:

 

Պատգամներ/Խորհուրդներ Անդրեասյան ընտանիքից…
 

-Մի վախեցիր թշնամիներից. վատագույն դեպքում նրանք կարող են քեզ սպանել: Մի վախեցիր ընկերներից. վատագույն դեպքում նրանք կարող են քեզ դավաճանել: Վախեցիր անտարբերներից. նրանք չեն սպանում և չեն դավաճանում, բայց իրենց լուռ համաձայնությամբ են երկրի վրա ապրում դավաճանությունն ու սպանությունը:

Ով չարիքին նայում է առանց զզվանքի, նա շուտով նրա վրա կնայի հաճույքով:

Ես իսկապես լուրջ մտահոգված եմ այս երկու խնդրով: Ուզում եմ, որ երիտասարդներն օրինակ վերցնեն մեծերից: Այն ընտանիքներից օրինակ վերցնեն, որտեղ կա սեր և վստահություն: Ընտանիք, որտեղ տղամարդը տան գլուխն է, իսկ կինը՝ շարժիչ ուժը: Երեխաները հորից պետք է վերցնեն իմաստությունը, իսկ մորից՝ խոնարհությունը:

 

2019-ը՝ Ընտանիքի տարի…
 

-Իզուր չէ, որ Վեհափառն ընտանիքի խորհուրդը կարևորեց:  Սա նշան էր այն բանի, որ բոլորս պետք է պայքարենք մեր ընտանիքների, քրիստոնեական արժեհամակարգերի համար: Կա ընտանիք, ապա կա նաև Եկեղեցի ու հայրենիք:

 

Զրուցեց Լիլիանա Օսիպյանը

  • 2021-12-10
×