Տեր Կարապետ քահանա Կարապետյան.«Երբ նայում եմ իմ ընտանիքին...»

Տեր Կարապետ քահանա Կարապետյան.«Երբ նայում եմ իմ ընտանիքին...»

-Աստծո կամքը գործում է:
 

-Ինձ համար դեպի հավատք ճանապարհին իմ առաջին ուղեկիցը եղել է հայրական տատիկս: Ես եկեղեցում հայտնվել եմ տատիկիս ձեռքը բռնած: Հասուն, գիտակից երեխա էի, երբ ինձ մկրտեցին: Փոքր տարիքից նվագում էի, մի օր հորեղբայրս ինձ հարցրեց. «Որ մեծանաս ի՞նչ պիտի դառնաս»: Ես երաժշտությամբ էի զբաղվում և իմ ապագան տեսնում էի երաժշտության մեջ: Նա ինձ խորհուրդ տվեց գնալ ճեմարան և հոգևոր կրթություն ստանալ: Հորեղբայրս ուներ հոգևորական ընկերներ, ովքեր տատիկիս տանը հաճախ էին լինում: Հոգևոր աշխարհի հետ շփումը դեռևս փոքր տարիքից է եղել: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց: Եվ այս բարդ ճանապարհը անցնելուց հետո, Աստծո կամոք, օծվեցի քահանա, և արդեն 20 տարի է քահանայական ծառայության մեջ եմ:

 

-Հիշողություն, որ պահպանվել է :
 

-Ճեմարանում սովորելու տարիներն էին, ու հասունանում էր պահը, որ ես պետք է որոշում կայացնեի՝ գնալ կուսակրոնության, թե՞ դառնալ ամուսնացյալ քահանա: Տատանվում էի: Մի օր Վեհափառը շատ մտերմիկ զրույցի ժամանակ ասաց. «Ես կարծում եմ՝ ճիշտ կլինի ամուսնանալ ու ընտանիք կազմել»: Այս զրույցը շրջադարձային եղավ ինձ համար: Ճեմարանում սովորելու տարիներին մենք դեռ այնքան էլ հասուն չէինք ու շատ վճռական հարցերի ժամանակ շատ կարևոր էր, որ մեզ խորհուրդ տային ու օգնեին: Հիմա, երբ նայում եմ իմ հրաշք ընտանիքին, հասկանում եմ, որ շատ ճիշտ որոշում եմ կայացրել:

 

-Ամեն բան որոշված է:
 

-6-րդ կուրսում էի, երբ ծանոթացա ապագա կնոջս հետ, նա այդ ժամանակ աշխատում էր Մայր Աթոռի քարոզչական կենտրոնում: Ես արդեն ավարտելու փուլում էի: Բարեբախտություն էր, որ հանդիպեցի նրան ու սիրահարվեցի, սկսեցինք հանդիպել միմյանց լավ ճանաչելու համար ու կարճ ժամանակ անց ամուսնացանք: Երկու զավակ ունեմ: Առաջնեկս մասնագիտությամբ իրավաբան է: Ամուսնացել է ու մի քանի օր առաջ ինձ թոռնիկ է պարգևել: Փոքր աղջիկս դեռևս ուսման ընթացքի մեջ է, ապագա լեզվաբան է:

 

-Ավանդականը ժամանակակից է:
 

Ավանդականը երբեք հետամնացություն չի կարող լինել: Հայ ընտանիքի մոդելը ամենաթելադրող և օրինակելին է աշխարհի համար: Պատմությունից մեզ հայտնի է, որ մեր ազգը գոյատևել, պայքարել և դարերի թոհ ու բոհից եկել, հասել է մեր օրեր միայն ուժեղ և օրինակելի մեր ընտանիքների շնորհիվ: Եկեղեցին նույնպես ընտանիք է: Երբ տղամարդը հոգնած գալիս է տուն, նա միայն մի բան է ցանկանում՝ տեսնել ընտանեկան հանգստություն, խաղաղություն, կնոջ և երեխաների կողմից հոգատարություն և հոգսը կիսելու կարողություն: Ես իմ հանգիստը տեսնում եմ միայն ընտանիքում և մտածում եմ՝ այլ կերպ չի էլ կարող լինել:

 

-Հայ ընտանիքը ապահովում է վաղվա մեր օրը:
 

-Օրինակելի ընտանիք լինելու չափանիշը Սուրբ գիրքն է, որովհետև այդ բոլոր գրված-չգրված օրենքները բխում են Սուրբ գրքից: Ինչպես տունը կառուցելուց ենք սկզբից ամրացնում պատերը և տանիքը, այնպես էլ ընտանիք ստեղծելուց պետք է ամուր հիմքեր դնել: Ամբողջ մարդկային պատմության մեջ հետ վերադարձի խնդիր կա՝ դեպի այն դրախտը, որ մարդը հիշողությամբ Ադամի և Եվայի հետ է կապում և ցանկանում է ստեղծել իր ընտանիքը՝ որպես դրախտավայր:
 

Ընտանիքում փոխվստահությունը և համերաշխությունը շատ կարևոր պայմաններ են, որովհետև, եթե չկա վստահություն, ընտանիքում ամեն բան խարխլվելու է: Սրբություն, մաքրություն, հավատարմություն, վստահություն՝ սրանք այն արժեքներն են, որոնցով ստեղծվում և ապրում է ընտանիքը:

 

-Մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարենք:
 

-Վեհափառ հոր կողմից 2019 թվականը հռչակվեց ընտանիքի տարի: Սա շատ կարևոր էր մեզ համար: Մեր առջև բազում մարտահրավերներ են ծառացած, մինչև անգամ խոցելու աստիճան վտանգավոր: Չարը միշտ է գործում և նրա քայլերը միտված են մեր ընտանիքները կործանելուն, մեր սրբությունները պղծելուն: Նրանց նպատակը ընտանիքը և Եկեղեցին խոցելն է: Այս երկու կառույցների ձախողումը կնշանակի մեր ազգի կործանում, հետևաբար մեր գերխնդիրը պետք է լինի դրանց պահպանումը և ամրացումը:

 
 

Զրուցեց Մարիետտա Խաչատրյանը

  • 2021-12-10
×