Ալինա Օրդյան. «Մի մոռացեք հոգ տանել դիմացինի մասին, իսկ կյանքը ձեզ անպայման կփոխհատուցի մի օր ավելի մեծ սիրով»

  • Գլխավոր էջ     >
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ     >
  • Ալինա Օրդյան. «Մի մոռացեք հոգ տանել դիմացինի մասին, իսկ կյանքը ձեզ անպայման կփոխհատուցի մի օր ավելի մեծ սիրով»

Ալինա Օրդյան. «Մի մոռացեք հոգ տանել դիմացինի մասին, իսկ կյանքը ձեզ անպայման կփոխհատուցի մի օր ավելի մեծ սիրով»

Խորհրդային տարիներին ծնված Ալինա Օրդյանը, չնայած մութ ու ցուրտ տարիներին ունեցած դժվարությունների, սիրով է հիշում մանկության դրվագները. «Միշտ կարոտում եմ մանկությունս, շատ անհոգ ու հետաքրքիր մանկությունս.բակային խաղեր, երաժշտական կրթություն, նվագախումբ (նվագում էի հայկական ժողովրդական գործիք՝ քանոն. մայրիկիս սիրելի գործիքն էր), դպրոցն՝ իր բոլոր գույներով, իսկ ամառային արձակուրդներին, իհարկե, պարտադիր էր գյուղ գնալը: Բայց ամենից շատ տպավորվել են այն միջոցառումները, որ կազմակերպում էի մեր բակում տատիկ-պապիկների համար: Լրագրողական հատկությունները, փաստորեն, դեռ մանկուց էին ինձ բնորոշ, ինչը հետագայում պիտի ապրելակերպ դառնար: Մանկությանս ամենագեղեցիկ գույները, սակայն, կապված են մեր գյուղի՝ Այգեձորի հետ: Միշտ ասում եմ՝ այն երեխաները, որ գյուղ չեն տեսել, նրանք իրական  մանկություն չեն տեսել»,- պատմեց Ալինան և շարունակեց. «Խորհրդային դպրոցում սովորելու բախտ եմ ունեցել: Դպրոցն ավարտեցի արդեն անկախ Հայաստանում: Անկախության առաջին ուսանողներն էինք և ճաշակել ենք անցումային շրջանի բոլոր դառնություններն ու դժվարությունները: Սառնաշունչ լսարաններ, բայց ջերմ մթնոլորտ, իսկ մինչ այդ արդեն երկրաշարժ տեսած սերունդն էինք»:
 

Ստացած դաստիարակության, ընտանիքում ունեցած արժեքների, ստացած ամենակարևոր դասերի մասին խոսելիս, Ալինան առանց վարանելու նշեց երբեք չխաբելու գործոնը. «Ծնողներս մեր ընտանիքում միշտ փոխադարձ հարգանք ու սեր են սերմանել, կրթությունը շատ կարևոր նախապայման է եղել, անգամ երբ հետադարձ հայացք եմ նետում, անհավատալի է թվում, թե ինչ զրկանքների գնով են ծնողներս մեզ կրթության տվել: Դրանք ամենադժվարին մութ ու ցուրտ տարիներն էին:
 

Լավագույն դասը, որ ստացել եմ ծնողներիցս՝ երբեք չխաբել: Նրանք այն ծնողներից են, որոնք ինքնամոռաց նվիրվում են զավակներին, սակայն համոզված եմ, երբեք չէին ների այն որդուն կամ դստերը, ով կհամարձակվեր խաբել:  Նրանք միշտ օրինակ են եղել մեզ համար իրենց մարդկային հատկանիշներով»:
 

Ալինան կարևորում է նաև ընտանիքում ստացած հոգևոր դաստիարակությունը. «Հոգևոր կյանքիս վրա մեծապես ազդել է ընտանիքս, այն միջավայրը որտեղ ապրել ու մեծացել եմ: Պահպանում ենք ընտանիքում հայկական եկեղեցու ավանդույթները, բայց կարծում եմ, որ ամենից շատ հոգևոր կյանքի վրա ազդում են ոչ թե ծեսերը, այլ լուռ հավատը, որ յուրաքանչյուրս ունենք մեր մեջ և փոխանցում ենք մեկս մյուսին: Սուրբ Զորավոր եկեղեցի հաճախ եմ այցելում, իրոք, Զորավոր է: «Զորավորը» մի զորավոր ուժով ինձ միշտ այնտեղ է կանչում: Անգամ եթե քաղաքում եմ և ունեմ 5 րոպե ժամանակ, մտնում եմ, մոմ եմ վառում և տպավորություն է, թե մի կարևոր իրադարձություն է տեղի ունեցել»: Ալինան մեզ հետ զրույցում նշեց, որ լավ կլիներ, եթե այսօր Աստվածաշնչյան տողերը մեծ հնչեղություն ձեռք բերեին. «Աստվածաշնչից ինձ համար առանձնացնում եմ ուսուցանող առակները, և շատ սիրում եմ արտահայտությունը՝ «առակս ի՞նչ կցուցանե»: Դրանք բոլորը մեր կյանքի փիլիսոփայությունն են, յուրաքանչյուր առակ ուսուցանող է և լավ կլիներ, որ այսօր դրանք հաճախ բարձրաձայնվեին»: 
 

Ալինա Օրդյանը բավականին երկար ճանապարհ է անցել լրագրության ասպարեզում, ունեցել բազում հաջողություններ, բայց դրա հետ մեկտեղ վստահ է, որ կյանքում լավագույն ուսուցիչը կյանքն է.«Մեծագույն ուսուցիչս եղել է կյանքը: Թեև շատ արժանավոր անհատների հետ եմ ճանապարհ անցել մասնագիտական կյանքում, սակայն անհատներից վերցնում ես այն, ինչ նրանք տալիս են և ինչ կարող ես վերցնել, բայց կյանքը տալիս է այն, ինչը պարտավոր ես վերցնել ու սովորել՝ թեկուզ սխալվելու գնով: Կյանքն ինձ սովորեցրել է չկոտրվել, միշտ ուժեղ լինել և պայքարել: Սովորեցրել է «դարակներում ճիշտ դասավորել մարդկանց» և դարակները պարբերաբար մաքրել անպետքներից: Բայց դրա հետ մեկտեղ սովորեցրել է ավելի շատ սիրել մարդկանց, ստեղծել արժեքներ ու փայփայել դրանք»:  Ալինան անկեղծանում է, որ լրագրության շնորհիվ նա կա այնպիսին, ինչպիսին կա.«Լրագրությունն ինքնաարտահայտվելու շատ լայն հնարավորություններ է տալիս: Ես չեմ սիրում ձանձրանալ, իսկ ամենամեծ ցանկության դեպքում անգամ լրագրությունը դա քեզ թույլ չի տա: Ստեղծագործելու և, ընդհանրապես, գործելու մեծ դաշտ է սա: Օրինակ, լրագրողական ու խմբագրական երկարամյա աշխատանքս, եթե անգամ ձանձրացրել է, սկսել եմ սցենարներ գրել վավերագրական ֆիլմերի համար: Իսկ այժմ ևս մեկ հետաքրքիր զբաղմունք եմ գտել. ուժերս եմ փորձում լրագրողական ժամանակակից դպրոցը կայացնելու գործում: Ստեղծել եմ «Մուլտիմեդիոն լրագրության դպրոց», որը լրագրողներ է կրթում՝ ժամանակակից պահանջներին համապատասխան»: 
 

Ալինա Օրդյանին դժվարություններն ու անհաջողությունները ստիպում են կյանքին ավելի հանգիստ և փիլիսոփայորեն նայել. «Կյանքիս դժվարությունները հաղթահարելիս սովորում եմ ավելի շատ ժամանակ գտնել հարազատներիս համար, սովորում եմ լինել այն մարդկանց կողքին, ովքեր արժանի են: Դե իսկ ամենակարևորը, արդեն ասացի՝ չկոտրվել: Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ չեմ ափսոսում անգամ կյանքի ինչ-որ շրջանում սխալ մարդկանց հետ ընկերություն անելու համար, քանի որ նրանք ինձ սովորեցրել են տարբերակել իրական ընկերությունն ու ճանաչել մարդկանց»:
 

Կյանքի լիարժեքությունը Ալինայի համար պայմանավորված է մի շարք գործոններով.«Կյանքը լիարժեք է, երբ ունես սիրելի ընտանիք, սիրելի աշխատանք, լավ ընկերներ, ճամփորդելու հնարավորություն և ստեղծագործելու համար նպաստավոր պայմաններ:  Ինձ հիացնում է գեղեցիկը, բարությունը, մարդկային լավ վերաբերմունքն ու գեղեցիկ հարաբերությունները: Բնության գեղեցկությունն ու մարդու հոգու գեղեցկությունը բավարար են, որ շրջապատում ամեն ինչ գեղեցիկ լինի, քանզի մարդու միտքն է ի զորու այն գեղեցիկ տեսնել, իսկ եթե չկա գեղեցիկը տեսնելու ցանկություն, երբեք ոչինչ հիացմուք չի պատճառի»:
 

Զրույցի վերջում ցանկացանք Ալինայից լսել խորհուրդներ, որոնք, թերևս, օգտակար կլինեն բոլորի համար.«Մարդկությունն այսօր կարիք ունի սիրո, բարության, հանդուրժողականության, հոգևոր բավարարվածության և առողջության: Առակս ի՞նչ կցուցանե. սիրեք միմյանց, բարի եղեք, մի նախանձեք, քանի որ նախանձն ու չարությունը ունակ են խժռելու հենց ձեզ: Հիշեք՝ մարդը սկսում է մահանալ, երբ իր մասին մոռանում են, երբ կորցնում է իրականության զգացողությունը, երբ իրեն վեր է դասում բոլորից, երբ ծաղրում է չքավորին կամ գայթակղվում է ունեցվածքից: Մի մոռացեք հոգ տանել դիմացինի մասին, իսկ կյանքը սիրեք շաատ և այն ձեզ անպայման կփոխհատուցի մի օր ավելի մեծ սիրով: Ինքս այդ փիլիսոփայությամբ եմ փորձում առաջնորդվել»:

  

Լիլիանա Օսիպյան

  • 2021-12-10
×