Քրիստոնեության և տարբեր արվեստների միջև եղած աղերսների որոնման ճանապարհին մեր հաջորդ զրուցակիցը քանդակագործ Հարություն Համբարչյանն է: Զրուցել ենք քանդակագործության նրբություններից և հոգևոր արժեքներից:
-Ի՞նչ առանձնահատկություններով է քանդակագործությունը տարբերվում արվեստի այլ ճյուղերից:
-Քանդակագործությունն տեսանելի, գաղափարական, նաև ծավալատարածական խնդիրներ պարունակող ոլորտ է, որն իր մեջ ներառում է պատմություն, գրականություն, փիլիսոփայություն, գեղանկարչություն, ճարտարապետություն և այլն: Արվեստի այս տեսակը մտածելու մեծ հնարավորություն է ընձեռում և՛ քանդակագործին, և՛ դիտողին: Երբ քանդակագործը որևէ պատմական կերպար է ստեղծում, նա պետք է հստակ տեղեկություններ ունենա ընտրված կերպարի, տվյալ ժամանակաշրջանի յուրահատկությունների մասին՝ կերպարի անցած ճանապարհն ու ինքնադրսևորումը ամբողջական և տեսանելի ցույց տալու համար: Լավագույն արդյունքը լինում է այն դեպքում, երբ իմացությունն ու զգացողությունը ամբողջանում են: Իսկ պատմական քանդակները ազգային գաղափարներին զուգահեռ պետք է ունենան նաև համամարդկային դրսևորումներ: Այն պետք է ուղղորդող նշանակություն ունենա, դաստիարակի մարդուն, մոտեցնի գեղեցիկին, արդարին, վսեմին և ուժեղին:
-Ի՞նչ առանձնահատկություններ ունի հայկական քանդակագործությունը:
-Հայկական քանդակագործությունը մեծ դժվարություններով է ստեղծվել, քանի որ մշտապես լինելով պատերազմների թոհուբոհում՝ մեր մշակութային ժառանգությունը շատ վնասներ է կրել, հերթական հարձակման ժամանակ ավերվել ու քանդվել: Այդ առումով քանդակներն առավել խոցելի են, քան գրականության կամ գեղանկարչության նմուշները, չնայած մասսայական ոչնչացումներ եղել են նաև այդ բնագավառներում:
Այն ամենը, ինչ ստեղծվեց քանդակագործության ոլորտում Խորհրդային Միության տարիներին, ուղղակի անգնահատելի է: Մեր վարպետները կարծես վերածնեցին քանդակագործության հայկական պատկերը: Նրանք ուսումնասիրեցին պահպանված նմուշները թե՛ Հայաստանում, թե՛ դրա սահմաններից դուրս՝ իրենց առջև խնդիր դնելով նոր հնարավորություններով վերարտադրել հայկական քանդակագործությունը: Արդյունքում մեծ մաքառումներով արվեստի այս տեսակը կրկին կյանքի կոչվեց: Կառլեն Նուրիջանյանի, Արտաշես Հովսեփյանի, Ղուկաս Չուբարյանի, Արշամ Շահինյանի, Արա Սարգսյանի, Արա Հարությունյանի և այլոց գործերում ամփոփված են քանդակագործության մեր նվաճումները:
-Ինչպիսի՞ վերաբերմունք ունի այսօր մեր հասարակությունը քանդակագործության նկատմամբ: Ինչպիսի՞ն են մեր օրերում ստեղծված քանդակները:
-Այսօր մշակութային ոլորտի ամենաթողությունն անդրադառնում է նաև քանդակագործության վրա: Շատ քանդակներ ուղղակի ուսանողական դիպլոմային աշխատանքներ են հիշեցնում: Հաճախ դրանք զուրկ են իմաստից, երբեմն էլ լուծված են զուտ մի քանի տեխնիկական խնդիրներ՝ առանց գաղափարական ասելիքի: Այսօր հայկական քանդակագործությունն իր բնից կտրվել է և չի զարգացնում մեր վարպետների ձեռքբերումներն ու ավանդույթները: Ու որքան էլ երիտասարդ քանդակագործներս ազատ լինենք մեր ընտրության հարցում, պարտավոր ենք շարունակել նախորդների գործը՝ դառնալով նրանց մտածողության և վաստակի կրողը: Եթե ցանկանում ենք ազգային քանդակագործությունը տեղ ունենա համաշխարհային իրականության մեջ, այն պիտի պահպանի իր տեսակը: Եվ սա բնավ չի նշանակում, թե քանդակագործը չի կարող նոր լուծումներ և նոր արտահայտչամիջոցներ կիրառել: Պարզապես պետք է հավատարիմ մնալ ազգային ավանդույթներին և չկորցնել հարգանքը սեփականի նկատմամբ:
-Ի՞նչ նյութերով են հիմնականում սիրում աշխատել քանդակագործները:
-Նյութերը շատ են ու տարբեր: Նյութի ընտրությունը կախված է քանդակագործի նախասիրություններից. թե ո՞ր նյութով են նրանք ավելի ճիշտ գտնում արտահայտել իրենց մտքերը՝ բրոնզ, երկաթ, երկաթի ու քարի համադրություն, կամ հենց քարն իր տարբեր տեսակներով՝ մարմար, բազալտ, գրանիտ և այլն: Ստեղծագործության վերջնական տեսքը պայմանավորված է նյութի հոգեբանությամբ: Քանդակագործն ի սկզբանե գիտի, թե որ նյութն ավելի համահունչ կլինի իր ընտրած թեմային և ըստ դրա էլ լուծում է իր խնդիրը: Ես ինքս շատ եմ սիրում աշխատել բազալտի վրա:
-Ինչու՞ Հայ Առաքելական Եկեղեցում տարածված չեն կերպարային քանդակները:
-Քրիստոնեության ընդունումից հետո քանդակագործությունը որպես արվեստի ճյուղ մեծ զարգացում չի ապրել մեզ մոտ, չնայած որ քանդակագործության ամենագլխավոր նպատակը մարդուն Աստծուն մոտեցնելն է: Այս արվեստը հայտնվել է ավելի պասիվ դիրքերում, որովհետև Հայ Առաքելական Եկեղեցին չընդունեց բոլորաքանդակը, փոխարենը ունենք հարթաքանդակներ, զարդաքանդակներ: Հիսուսի ինչպիսին լինելը, այսինքն՝ երկնային տեսքը ոչ ոք չգիտի և չի կարող տեսնել: Դրա համար հայ մարդը Տիրոջը խաչյալ կամ երկրային կերպարանքով քիչ է պատկերել: Մենք Հիսուս Քրիստոսին մեծամասամբ ներկայացրել ենք խաչի տեսքով՝ այդպես պատկերացնելով Նրա կերպարը:
-Ինչպե՞ս կամփոփեք զրույցը:
-Քանդակը մեր մշակույթի, աշխարհընկալման, հավատքի դրսևորումների, պատմական անցյալի մասին պատմող յուրահատուկ միջոց է, տեղեկատվության հսկայական աղբյուր: Ես ցանկանում եմ, որ հայ հասարակությունը ճանաչի, սիրի ու գնահատի մեր վարպետներին, սրբորեն պահպանի նրանց հրաշագեղ ստեղծագործությունները:
Պատրաստեց Արփի ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ