«Ես դժվար բռնկվող մարդ եմ, շատ համբերատար եմ: Պատրաստ եմ առաջինը հանդուրժելու, զիջելու: Երբեք չեմ փնտրում վեճեր: Կարծում եմ՝ սա ինքս ինձ համար բացահայտած սիրո արդյունքն է հենց: Իհարկե, ես հեռու եմ կատարյալ մարդ լինելուց, բայց եթե ծառայում ես եկեղեցում, պիտի նշածս արժեքները կենցաղավարությանդ մասը լինեն: Չես կարող խոսել այդ ամենի մասին, բայց չկատարել, չանել դրանք: Դա ամենավատ բանն է»,- ասում է Հովհաննես սարկավագ Ներսեսյանը: Տասը տարեկանից եկեղեցում ծառայող սարկավագը նաև օպերային երգիչ է, ինչը եզակի երևույթ է մեր իրականությունում:
Հոգևորն ու աշխարհիկը ներդաշնակության մեջ պահելու, եկեղեցում ծառայելու և իր կյանքի մյուս կարևոր արժեքներից Հովհաննեսը խոսել է «Կենաց Ծառը» նախագծի շրջանակներում: Զրույցի լավագույն հատվածները կարդացեք ստորև.
Երբ ես ծնվեցի, խորհրդային ժամանակներն էին, այդքան հին եմ (ժպտում է,-հեղ.):
Եվ ամառ էր: Միշտ ուրախ եմ եղել, որ ամռան ծնունդ եմ: Սիրում եմ տաքն ու այն հարստությունը և բազմազանությունը, որը բնորոշ է ամառվան:
Ծնունդով Երևանից եմ: Մանկությունս Արաբկիր համայնքում է անցել: Հայրս նույնպես այստեղ է ծնվել: Նախնիներս Սիրիայից հայրենադարձվելուց հետո հենց այս շրջանում են հաստատվել: Բավականին հետաքրքիր և կոլորիտային թաղամաս է: Մեր ընտանիքն ապրում էր մորական տատիկիս հետ, նույն շենքում էին ապրում նաև հայրիկիս մայրը, հորեղբայրս: Այսպիսով, ես շատ մեծ ընտանիքում եմ հասակ առել: Ինձ ու քրոջս տատիկս է խնամել մինչև լուսահոգի դառնալը: Եվ հենց նրանից էլ քաղել եմ իմ կյանքի կարևորագույն դասերը:
Տատիկս անմնացորդ հավատացյալ էր, բայց ծայրահեղական չէր: Իր ընկերուհիների հետ հավատացյալ կանանց խումբ էր կազմել: Հզոր հավատք ունեին, մշտապես մասնակցում էին պատարագներին, երբեք որևէ հոգևորականի դեմ չէին ըմբոստանում, որևէ մեկին չէին նեղացնում: Ես սա եմ որպես օրինակ ինձ համար ունեցել: Հիմա, իհարկե, նման մշակույթ կա, բայց իրենց նմանը չկա, նման հավատք ունեցող չկա, միգուցե սխալվում եմ, բայց ինքս չեմ կարողանում գտնել, չեմ հանդիպել: Հաճախ էին ուխտագնացություններ կազմակերպում, մեզ էլ տանում իրենց հետ: Երբ նոր էր կառուցվել Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, մի անգամ այնտեղ պատարագի գնացինք: Հենց այնտեղ էլ ցանկություն առաջացավ եկեղեցում ծառայելու: Տասը տարեկան էի: Բնականաբար, տատիկս ծանոթ էր շատ հոգևորականների, և ծառայության անցնելս շատ արագ կազմակերպվեց:
Հոգևոր կյանքիս ձևավորման վրա շատ տարբեր մարդիկ են ազդել, մեծ մասը՝ հոգևորականներ: Բայց տատիկս է եղել ամենաազդեցիկը, նա է ինձ տարել հուգու ճանապարհով: Իհարկե, ես իմ սեփական ցանկությամբ եմ որոշել եկեղեցում ծառայել: Առանց տատիկիս էլ, կարծում եմ, կմասնակցեի եկեղեցական կյանքին, բայց, հավանաբար, ոչ խորանից:
Ծառայությանս հենց սկզբից նպատակ կար շարունակելու հոգևորականի ուղին: Այլ մասնագիտությունների մասին չէի էլ մտածում: Հենց այդ ժամանակվանից էլ եկեղեցում ծառայելը դարձավ իմ կյանքի ամենակարևոր մասնիկներից մեկը: Եկեղեցում երգելն էլ ինձ մղեց դեպի դասական երաժշտություն, օպերային արվեստ:
Դասական երաժշտությունը ծնունդ է առել հոգևորից: Այս է պատճառը, որ այն մեծ ուժ ունի իր մեջ և ունակ է մարդուն խաղաղեցնելու:
Եկեղեցում երգելը երկխոսություն է Աստծո հետ: Եվ եկեղեցիները դեռ շատ հնուց այնպես են նախագծվել, որ ամեն ինչ նպաստի աշխարհիկ կյանքից կտրվելուն, Աստծուն մոտենալուն ինչ-որ չափով:
Աստված բոլորիս Արարիչն էր, երբ մանուկ էի: Եվ հիմա էլ այդպես է ինձ համար: Որևէ էական բան չի փոխվել իմ ընկալումներում մանկությանս տարիներից ի վեր: Միայն աստվածաբանական գիտելիքներով եմ հարստացել և սկսել խորապես ընկալել այս իրողությունը: Աստված մեր ամենամեծ ծնողն է, մեր ամենաներող փրկիչը, մաքրիչը մեղքերից և ամենահոգատար էությունը՝ սիրուց է բխում: Ոչինչ և ոչ մի մարդ չի կարող փոխարինել Աստծուն:
Աղոթքիս պատասխանը ստանալը մշտապես հրաշք եմ համարել: Դեռ մանկուց տատիկս ինձ սովորեցնում էր, որ ամեն բանի համար պիտի աղոթել: Աղոթքի զորությունն ինձ համար հրաշք է մինչև հիմա: Եվ, ընդհանրապես, հրաշքներն ամենուր են: Աստծո արարչագործությունն ամենուր է:
Եկեղեցին, երաժշտությունը, հայրենիքը. ահա այն երեք երևույթները, որոնց վրա հիմնված է իմ կյանք: Արտերկիր տեղափոխվելու, այնտեղ ապրելու և աշխատելու առաջարկներ շատ եմ ունեցել, բայց միշտ էլ հրաժարվել եմ: Հայաստանում են հանգչում մեր պապերի աճյունները, և այդ հողից ենք մենք սնվում: Սա էական նշանակություն ունի: Այս հողում են կատարվել շատ կարևոր հոգևոր իրադարձություններ, որոնք նույնպես հզորացրել են Հայաստանը: Մեր երկիրն առանձնահատուկ են դարձնում նաև մարդիկ, լա՛վ մարդիկ (ժպտում է,-հեղ.):
Կյանքը լիարժեք է, երբ լավ ծնողներ ունես, լավ ընտանիք, լավ ընկերներ: Կյանքը լիարժեք է, երբ ապրում ես խաղաղության մեջ, խաղաղություն՝ բոլոր իմաստներով, և՛ աշխարհքաղաքական, և՛ ընտանեկան, և՛ հոգևոր:
Մարդն սկսում է մահանալ, երբ անհուսության մեջ է հայտնվում:
Հուսահատության պահերին զրուցում եմ Աստծո հետ: Աղոթում եմ: Պատասխանները հեշտ են տրվում, եթե անկեղծ ես շփվում: Իսկ թե կասկածելով ես շփվում՝ պատասխան չես ստանա: Ինքս թերահավատություն երբեք չեմ ունեցել, հավանաբար, տեսակովս է պայմանավորված. հակված եմ վստահության, Աստծուն՝ առավել ևս:
Կյանքիս մեծագույն դժվարությունը հաղթահարելիս ավելի ամրապնդվեց վստահությունս Աստծո հանդեպ: Սովորեցի, որ պիտի ուժեղ լինել և սիրել:
Աստծուն ամենաշատը մոտ եմ զգում, երբ ինչ-որ մեկին օգտակար եմ լինում: Բավականության մի այլ զգացում է դա, որը, փորձում եմ չդարձնել հպարտանալու առիթ:
Կամքն է պտտում Երկիր մոլորակը, Աստծո կամքը: Կամքով է Աստված ստեղծել աշխարհը, կամքով էլ պտտում է այն:
«Անել մի բան, որ հետո քո մասին խոսեն» սկզբունքով առաջնորդվող մարդը ոչ մի լավ բան չի կարող ստեղծել: Ուստի սա չպիտի լինի ինչ-որ բան արարելու և քո հետևից ինչ-որ բան թողնելու շարժառիթը: Մի լավ բան անելու նպատակը հենց դա է՝ ուղղակի անել անելու, փոփոխություն բերելու, լավը թողնելու համար:
Չկա հեշտ մասնագիտություն, նույնիսկ եթե այն քո սիրելին է: Ծառայության մեջ ամենադժվարը մարդկանց կրթելն է, ամենատարրական բաները սովորեցնելը: Մարդը պիտի գիտակցի՝ որտեղ է գտնվում և պահպանի կանոնները: Ամեն օր ունենք այդ խնդիրը՝ եկեղեցի եկող մարդկանց հիշեցնելու՝ ուր են եկել և ինչ պիտի չանեն այնտեղ:
Ներսես Մեծն ու Ներսես Շնորհալին. ահա այն մարդիկ, որոնց հետ զրուցելու հնարավորություն կուզեի ունենալ: Ներսես Մեծն է եղել առաջին մանկատների և ծերանոցների հիմնադիրը, իսկ Շնորհալին, հոգևորական լինելուց զատ, երաժիշտ է եղել նաև: Իրենց հետ զրուցելիս հիմնականում խորհուրդներ կխնդրեի՝ ազգային-եկեղեցական շահերի վերաբերյալ: Կհարցնեի՝ իրենք ինչպես են վարվել զանազան իրավիճակներում: Կխնդրեի իրենց փորձից խոսել:
Դրախտն իմ պատկերացմամբ լուսավոր ու բնությամբ հարուստ տարածք է, վայելիքի տարածք, ուր արհեստական որևէ բան չկա, ուր միայն արժանավորներն ու հաղթողներն են: Ուր միայն խաղաղություն է...
«Ինը երանիներն» ինձ համար առանձնահատուկ են՝ և՛ իրենց հոգևոր նշանակությամբ, և՛ գեղեցիկ ձևակերպումով: Երուսաղեմում ուսանելու տարիներիս եղել եմ այն լեռան վրա, որտեղից քարոզվել են դրանք: Այժմ այն «Երանիների լեռ» է կոչվում, հսկայական տաճար կա կառուցված վրան: Ինձ համար, բացի խրատից, երանիներում նաև շատ բարություն ու հույս կա: Երանի բառն էլ իր ազդեցությունն ունի (ժպտում է,-հեղ.):
Եթե Քրիստոս հիմա գար աշխարհ, հույս ունեմ գիտելիքներս ինձ թույլ կտային ճանաչել Նրան, ու չէի լինի Նրան չընդունողների մեջ: Ավետարանից ենք իմանում, որ աշխարհի չորս ծագերը լուսավորվելու են Նրա գալստյամբ, և նույնիսկ նկուղում եղող մարդն իմանալու է, որ Քրիստոս եկել է: Սա Սուրբ գրքում է ասվում, մարդկային մտքի թռիչք չէ այս: Իսկապես, Քրիստոս ճանաչելի է լույսով ու գիտելիքով:
Զրուցեց՝ Ա. Պողոսյանը