Երիտասարդ թեմականի օրագիր. Ատենապետ լինելն ինձ համար պատիվ է

Երիտասարդ թեմականի օրագիր. Ատենապետ լինելն ինձ համար պատիվ է

Ես Անուշիկ Ասլանյանն  եմ: Մոտ մեկ տարի է, ինչ Ներքին Դվինի Սբ. Հարություն եկեղեցու ատենապետն եմ: Երբ ատենապետ լինելու առաջարկություն ստացա, երկմտում էի՝ կկարողանա՞մ արդյոք նման պատասխանատվություն ստանձնել, քանի որ բավականաչափ գիտելիքներ չունեի քրիստոնեության և Հայ Եկեղեցու վարդապետության մասին:  Մտածում էի հրաժարվելու մասին, սակայն հետո հասկացա, որ սա ինձ համար շատ կարևոր և անհրաժեշտ ճանապարհ է՝ հավատի կյանքում առաջ գնալու համար: Թեմի ատենապետների առաջին ժողովի ժամանակ պարզվեց, որ ես ամենակրտսերն եմ: Դա ինձ համար մեծ պատասխանատվություն էր, միևնույն ժամանակ՝ մեծ պատիվ:

 

Հավատքի իմ ճանապարհը

 

Ես հավատքի կյանքում շատ փոքրիկ ճանապարհ եմ անցել: Հայ եկեղեցու պատմություն առարկայի ուսուցչուհին մի անգամ մեզ ասաց, որ Սբ. Հարություն եկեղեցուն կից գործում է «Հայորդի» Երիտասարդաց միությունը: Այնտեղ է «ծնվում» նաև համանուն թերթը, և որ մենք նույնպես կարող ենք մասնակցել թերթի ստեղծման աշխատանքներին: Ընկերուհիներով ոգևորված գնացինք եկեղեցի՝  չհասկանալով, որ կարճ ժամանակում շատ սերտ կապերով կկապվենք թե՛ Սբ. Հարություն եկեղեցու, թե՛ «Հայորդի» թերթի հետ:
 

Նախկինում ես եկեղեցի էի մտնում միայն մոմ վառելու համար: Հիմա ես  կարողանում եմ հոգեպես խաղաղվել և աղոթել՝ վստահ լինելով, որ Աստված լսում և ընդունում է իմ աղոթքները: Մի քանի տարի առաջ իմ քրիստոնեական կյանքը սահմանափակվում էր միայն մանկական Աստվածաշնչի ընթերցանությամբ, քնելուց և ճաշից առաջ «Հայր մեր»-ն ասելով: Տեր Եղիշեի հետ հանդիպումը շատ բան փոխեց իմ կյանքում: Ես սկսեցի մասնակցել Սուրբ Պատարագներին, կազմակերպել և անցկացնել եկեղեցական տոները:
 

Մկրտվել եմ ինը տարեկանում: Սկզբում չէի գիտակցում խորհրդի կարևորությունը, սակայն հետագայում հասկացա՝ մկրտությունը քրիստոնյայի համար երկրորդ ծնունդ է: Իհարկե, որպես մարդ ինձ խորթ չեն որոշակի մեղքեր, որոնք կամա թե ակամա ես գործում եմ իմ կյանքում: «Եթե ամեն տարի միայն մեկ մոլություն արմատախիլ անենք, շուտով կատարելության կհասնենք» (Թովմաս Գեմբացի):  Դրա համար պետք է հետևողական և համառ աշխատանք կատարենք մեր ներսում՝ Սուրբ Գիրք ընթերցենք, ծանոթանանք եկեղեցու հայրերի վարքին, աղոթենք, շատ աղոթենք, քանի որ աղոթքը մաքրում է հոգին:

 

Երիտասարդաց միությունն իմ կյանքում

 

Եկեղեցու Երիտասարդաց միության մի մասնիկը լինելը ինձ համար շատ կարևոր է: Այն յուրատեսակ միջոց է ամենուր տեսնելու ու զգալու Աստծո ներկայությունը: Երբ որևէ տոն ենք նշում, կամ Աստվածաշնչի ընթերցումներ կազմակերպում, մենք ինքներս մեզ ավելի մոտ ենք զգում Աստծուն: Ինչպես Քրիստոսի աշակերտներն էին պատգամում հետևել Նրա օրինակին, այդպես էլ մենք մեր փոքրիկ ծառայությամբ փորձում ենք մարդկանց մոտեցնել Աստծուն, Նրա խոսքը հասանելի դարձնել:  Իրականում այս հարցում մեծ դեր ունի նաև Հայ եկեղեցու պատմություն առարկան:  Այն գիտելիքները, որոնք ստանում ենք այս առակայի շրջանակում, հնարավոր չէ փոխարինել մեկ ուրիշով:
 

Թե՛ «Հայորդի» թերթի, թե՛ Երիտասարդաց միության միջոցով փորձում ենք մեր համայնքի կյանքը ավելի հետաքրքիր դարձնել՝ պահպանելով քրիստոնեական ոգին և ավանդույթները: Վերջերս մեծ շուքով նշեցինք Համբարձման տոնը. այցելում էինք մարդկանց բնակարաններ, ծաղիկներ, Աստվածաշնչից տպագրված հատվածներ ու աղոթքներ նվիրում՝ հիշեցնելով այս տոնի կարևորության և առանձնահատկության մասին: Երիտասարդաց միության ջանքերով Սբ. Հարություն եկեղեցում գործում է նաև կիրակնօրյա դպրոց, որը հնարավորություն է ընձեռում 10-14 տարեկան երեխաներին ծանոթանալ մանկական Աստվածաշնչի հետ: Հիսուս ասում է. «Թույլ տվեք և մի՛ արգելեք մանուկներին Ինձ մոտ գալ, քանզի այդպիսիներինն է երկնքի արքայությունը» (Մատթեոս ԺԹ 14): Եվ ուրեմն մեր պարտքն է մանկուց երեխաներին ուղղորդել Աստծո Ճշմարիտ Լույսը:

 

Սուրբ Հարություն եկեղեցին

 

Ներքին Դվինի Սբ. Հարություն եկեղեցին ինձ համար յուրահատուկ է, որովհետև մենք գրեթե «հասակակիցներ» ենք, որովհետև իր պարզության և համեստության մեջ յուրօրինակ շքեղություն կա, ջերմություն, սեր ու հավատք: Վերջերս նշեցինք եկեղեցու ուխտի օրը: Ես Աստծո ներկայությունը ավելի շատ եմ զգում Սուրբ Պատարագների ժամանակ: Երբ երգչախումբը շարականներ է երգում, իսկ դու ծնկած քո՝ աղոթքն ես հղում Տիրոջը, զգում ես՝ ինչպիսի խաղաղություն ու հանգստություն է տիրում քո հոգում: Երբ աղոթում եմ, վստահ եմ, որ Աստծված լսում է ինձ: Ինչպես Գրիգոր Տաթևացին էր ասում. «Աղոթքը հոգու կենդանության նշանն է, ուստի և պետք է միշտ եռանդուն լինել աղոթելու մեջ…»: Աղոթքը պետք է լինի անանձնական. «Տո՛ւր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ»  (Անտուան Դը Սենտ էքզյուպերի):

 

«Հայորդի» թերթը

 

«Հայորդի» թերթի պատրաստման աշխատանքերին մասնակցում են նաև Երիտասարդաց միության  մի շարք անդամներ: Ես հանդես եմ գալիս «Մեր ներկան և ապագան սկսվում է դպրոցից» և  «Վասն հայրենյաց» խորագրերով: Առաջին խորագրի շրջանակում ներկայացնում ենք Արարատի մարզի դպրոցները՝ իրենց ձեռքբերումներով, խնդիրներով հանդերձ՝ ցույց տալով եկեղեցու դերը ուսուցիչների և աշակերտների կյանքում: Համայնքի ազատամարտիկների և հերոսների մասին պատմում ենք «Վասն հայրենյաց» խորագիր ներքո: Մենք ունենք նաև «Հայորդի» հյուրասրահ, որտեղ հյուրընկալում ենք հոգևորականների, հասարակական, մշակութային տարբեր գործիչների, ովքեր պատմում են իրենց կյանքում հավատի և եկեղեցու դերի, իրենց անցած ուղու մասին, ինչպես նաև խորհուրդներ են տալիս մեզ:
 

Այս մեկ տարվա ընթացքում ես հասկացել եմ՝ յուրաքանչյուր երիտասարդի համար շատ կարևոր է հավատքի ճանապարհը սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ դառնալով:

 

Պատրաստեց Լուսինե ՕՀԱՆՅԱՆԸ

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2021-12-10
×