Անուշ Հակոբյանի «Կենաց Ծառը»

Անուշ Հակոբյանի «Կենաց Ծառը»

Երևանյան նեղլիկ փողոցներից մեկում մի գունավոր ու տաք տուն կա: Այդ տանն ապրում է արվեստաբան Անուշ Հակոբյանն իր ընտանիքի հետ: «Կենաց Ծառը» նախագծի շրջանակներում Անուշի հետ զրուցելու համար հյուրընկալվել էի հենց այդտեղ:
Անուշը տարիներ շարունակ իր վրա է վերցրել մի շատ կարևոր առաքելություն՝ կազմակերպել մարդկանց հանդիպումը մշակույթի ու արվեստի հետ՝ դասախոսությունների միջոցով: 
«Երբ նոր էի սկսել դասախոսություններ կարդալ, շրջապատումս կային մարդիկ, ովքեր արածիս լուրջ չէին վերաբերվում և չէին հավատում, որ այն իր տեղը կգտնի մեր հանրության մեջ, որ մարդիկ կգան ու կլսեն արվեստի մասին դասախոսություններ:
Այսօր պատկերն այլ է
»,-փաստում է Անուշ Հակոբյանը: Նա նաև նշում է, որ մշակութային դաշտում շատ բացեր հենց կրթության պակասից են գալիս: Այս և մի շարք այլ կարևոր երևույթների մասին Անուշի խոհերը կարդացեք ստորև.


Երբ ես ծնվեցի, որևէ արտառոց բան տեղի չունեցավ. աշխարհը շարունակեց մնալ նույնը (ժպտում է,-հեղ.), պարզապես մի երեխա լույս աշխարհ եկավ, որն անելիքներ ուներ և հետո պիտի ինքն իր համար պարզեր դրանք:
 

Տունն ու միջավայրն, ուր անցել է մանկությունս, իսկական հրաշք էին: Ծնվել և մեծացել եմ մի տանը, որտեղ ապրել է պապիկիս պապիկը, հնարավոր է նաև՝ նրա հայրը: Նրանք Պարստկաստանի Սալվաստ գավառից են գաղթել այդտեղ՝ ողջ գերդաստանով, որի յոթերորդ ճյուղն եմ ես: Մեր ամբողջ տոհմածառը ինքս եմ կազմել. արմատներից ու դրանց հիշողությունից կարևոր բան չկա: Հայրական տունս լի էր գաղտնիքներով, հին իրերով ու պատմություններով, որոնք ինձ վրա հսկայական ազդեցություն են թողել: Այդ տան բակում ընկուզենի կար, որը պապիկիս պապն իր ձեռքերով էր տնկել: Դրա տակ նստած եմ գրել առաջին բանաստեղծություններս: Եվ մի յուրահատուկ խնձորենի կար, որի ճյուղերն ուռենու ճյուղերի պես էին աճում ու թափվում հողին: Ես, արկածային գրքերից ներշնչված, հենց այս ծառի տակ էի կատարում տանից փախուստներից, նոր աշխարհի որոնումներս (ժպտում է,-հեղ.): Հայտնվելով դրա ճյուղերի հետևում՝ բոլորովին կորցնում էի արտաքին աշխարհի հետ կապը: Մեր տանն ու այգում մշտապես բացահայտելու բան կար, մի բան, որի մասին կարող է երազել ամեն երեխա ու դեռահաս: Այդ տարիների իմ կյանքն ահռելի լիցք է ինձ փոխանցել, որի մասին հասկացել եմ տարիներ հետո միայն:
 

Ծնողներս  շատ բնական զույգ էին, իրենց կռիվներն ու սերը, հարաբերություններն իրենք իրենց հետ և մեզ հետ շատ բնական ու ազնիվ են եղել միշտ: Մինչ օրս այդպես է. նրանք զերծ են քաղքենիությունից, անազնիվ նկրտումներից… մաքուր մարդիկ են: Ես սեր ու ազատություն եմ տեսել մեր ընտանիքում, որն էլ և ծնողներիս տված լավագույն դասն է ինձ:
 

Աստված բնությունն էր, երբ մանուկ էի, չնայած զուտ կրոնական պատկերացումներն էլ ինձ խորթ չէին: Հատկապես, որ այդ տարիներին եկեղեցին ազատվել էր խորհրդային իշխանության ճնշումներից և ակտիվ քարոզչություն էր իրականացնում. ազգային զարթոնքի ժամանակներ էին: Հիմա՝ նույնպես, Աստված բնությունն է, տիեզերական գիտակցությունը, որն ամենուր է, ամեն մի ծառի ու ծաղկի, քարի ու թփի մեջ:
 

Մայրիկիս ձեռքն  իմ մանկության հրաշքն էր: Շատ գեղեցիկ, ճերմակ ու միշտ խնամված ձեռքեր ուներ մայրս: Երբ պառկում էի քնելու, անպայման պիտի բռնեի ձեռքը: Մինչև հիմա, երբ տխրում ու նեղսրտում եմ, մայրիկիս ձեռքն եմ հիշում: Հիմա ծնողներս երկրում չեն, մայրիկիս ձեռքերի կարիքը երբեմն շատ ուժեղ եմ զգում (hուզված ժպտում է,-հեղ.):
 

Այսօր  հրաշք եմ համարում սերը:
 

Հոգևոր կյանքիս զարգացման վրա շատ տարբեր մարդիկ են ազդեցություն ունեցել. ուսուցիչներ, ավագ ընկերներ, ի վերջո, պապիկս, ծնողներս, ամուսինս… Ինձ հանդիպած ամեն մարդուց ես ստացել եմ ինչ-որ բան, ինչը տեսակիս ձևավորման գործում իր դերն է ունեցել:  Վաղուց եմ հանգել այն ճշմարտությանը, որ մեր կյանքում ոչ մի հանդիպում պատահական չի լինում: Հետդ կատարված ամեն ինչ քեզ տալու բան ունի. աչք է պետք դա նկատելու համար:
 

Այն, ինչ անում ես սիրով, մաքուր է: Այն, ինչ անում ես առանց սիրո, դատապարտված է փչանալու: Հավատարմությունն առանց սիրո ստրկություն է, խոնարհությունն առանց սիրո՝ ծառայություն՝ վատ իմաստով: Շարքը երկար կարելի է շարունակել: Բարեբախտաբար, ես սա շատ արագ հասկացա և Աստծուն եմ շնորհակալ, որ իմ մեջ դրել է այդ գիտակցությունը: Սերն է իմ կյանքի առաջին հիմքը: Երկրորդն երևույթն, ինչի վրա հիմնված է կյանքս, ի բարօրության գործելն է: Այս հարցում ես ու ամուսինս առավել քան համակարծիք ենք.մենք այդպես ապրում ենք: Եվ երրորդ երևույթն, իհարկե, ընտանիքն է, բայց լայն իմաստով: Ոչ թե միայն ես, ամուսինս, երեխաներս, այլ նաև մեր արմատները, յուրաքանչյուրիս ընտանիքի հիշողությունները, կապը մեր հողի հետ: Ինչքան հասունանում ենք, այնքան ավելի խորն ենք հասկանում արմատների արժեքը, որովհետև, ի վերջո, մենք դրա կրողն ու փոխանցողն ենք:
 

Հուսահատության մեջ հայտնվելիս   նախկինում փախուստի տեղեր էի փնտրում և մեղավորներ... Հիմա առաջ գնալու մոտիվներ եմ փնտրում: Սա շատ կայուն կերպով արմատացել է իմ ներսում՝ ամեն ինչում գտնել լավը, բարին, դրականը: Այդ է պատճառը, որ շատ դժվարությամբ եմ հուսահատվում. կարողանում եմ վատի մեջ լավը տեսնել ու ինքս ինձ հարց տալ՝ ինչու՞ է սա իմ կյանք եկել, ի՞նչ ունի այս իրավիճակն ինձ տալու: Երբ գտնում ես այս հարցերի պատասխանները, էլ չես կոտրվում, չես ջարդվում, իմաստնանում ես:
 

Կյանքիս մեծագույն դժվարությունը հաղթահարելիս սովորեցի, որ այդ դժվարությունը տրվում է քեզ ոչ միայն ինչ-որ մի բան սովորեցնելու, այլ նաև ինչ-որ բան իր հետևից բերելու համար, եթե, իհարկե, հաղթահարում ես փորձությունը: Իմ կյանքում շատ են եղել նման փորձություններ: Ինքս եմ գնում իմ դժվարությունների հետևից. եթե մետաղդ ազնիվ է, թրծված ու ամենայն ավելորդից ազատված դուրս ես գալիս դրանց միջից, եթե՝ ոչ՝ հալվում-խառնվում ես կրակին:
 

Մարդն սկսում է մահանալ, երբ  ատելություն, չարություն ու նախանձ ունի իր սրտի մեջ: Այնքան պատկերավոր եմ դա տեսնում՝ ինչպես են այս երևույթները ներսից ուտում ու քայքայում մարդուն, և ինչպես է թոշնում ու փշրվում մարդու ներսը:
 

Կյանքը լիարժեք է, երբ  սիրում ես ու ինքնաբավ ես: Մնացած ամեն բան դրանցից է բխում: Չպիտի կախված լինել այլ մեկից, սպասել, որ ուրիշը պիտի գա ու քեզ փրկի: Երբ ինքնաբավ ես, ինքդ քեզ հետ ապրած պահերից երջանկանում ես, այդ ժամանակ են ճիշտ մարդիկ գալիս քո կյանք: Պիտի այնքան չունենաս, մինչև ունենաս քոնը և բաց թողնես այն, ինչը քոնը չէ: Պիտի կորցնես այն, ինչ քոնը չէ: Չինական մի ասացվածք կա, ասում է՝ նախ պարտեզումդ ծաղիկներ ցանիր, թիթեռներն իրենք կգան (ժպտում է,-հեղ.):
 

Աստծուն ամենաշատը մոտ եմ զգում  մարդկանց կրթելիս, իմացությունս փոխանցելիս: Մարդկության շարժիչ ուժը, մարդկանց ավելի լավը դարձնողը կրթությունն է՝ լայն իմաստով: Նույնիսկ սիրել կարողանալը, անձը խոնարհեցնելը որոշակի մշակույթի ու մակարդակի հարց է, ինչը ևս իմացությունից է գալիս: Պիտի կարողանաս սիրտդ տեսնել, սիրտդ կարդալ. միգուցե սրտիդ մեջ ադամանդ դրված լինել, բայց դու տեղը չիմանաս: Դրա համար է իմացություն պետք:
 

Մի ժամանակ  մի ամբողջ ցուցակ էի կազմել, թե իմ մահվանից հետո ում եմ փնտրելու անդրաշխարհում (ծիծաղում է,-հեղ.), գտնելու և գրկելու: Այդ ցուցակում շատ տարբեր դեմքեր կային՝ Սարոյանը, Շեքսպիրը, Վան Գոգը… Սա շատ վաղուց էր, իհարկե: Հիմա կուզեի Գանդիին, Թագորին, Նարեկացուն ու Տաթևացուն հանդիպել: Տեսեք՝ ինչ անուններ են, թվում է՝ իրարից շատ հեռու, բայց նաև` շատ մոտ: Իրենց հետ չէի էլ համարձակվի զրուցել, պարզապես կնստեի ու կլսեի՝ ինչ են խոսում: Նրանք բոլորը մեծություններն են, ովքեր այնքան կարևոր բաներ են ներդրել իմ մեջ:
 

Իմ կյանքի սերն  արևն է (ժպտում է,-հեղ.):
 

Կյանքիս մեծագույն ձեռքբերումը  սրտի խաղաղությունն ու ինքնաբավությունն եմ համարում:
 

Քրիստոսից երկու հազար տարի անց, ես իմ մեջ իր սերն եմ կրում: Առնվազն՝ փորձում եմ դա անել:
 

Դրախտն իմ պատկերացմամբ  իմ ներսում է, արևի աշխարհը:
 

Անառակ որդու վերադարձը առակն եմ ինձ համար առանձնացնում Աստվածաշնչից:
Ինքնամաքրման լավագույն ճանապարհներից մեկն է՝ մութը տեսնել, որ լույսը գնահատես:
 

Եթե Քրիստոս հիմա գա աշխարհ՝  կուզեի այնքան իմացություն ունենալ, որ ճանաչեի Իրեն:
Դրանից  հետո՝ ինչ կանեի, կարծում եմ, ավելորդ է նույնիսկ ասելը (ժպտում է,-հեղ.):

 

Զրուցեց՝ Ա. Պողոսյանը

  • 2021-12-10
×