Դանիել Երաժիշտի «Կենաց Ծառը»

Դանիել Երաժիշտի «Կենաց Ծառը»

Մայիսյան առավոտ է, ու մայիսյան վարդերը բակերում ծաղկել են արդեն: Հանդիպել եմ Դանիել Երաժիշտին՝ զրուցելու կյանքից, բնությունից ու երաժշտությունից:
Միասին քայլում ենք վարդերով զարդարված, երևանյան նեղլիկ փողոցով. գնում ենք երաժշտի տուն: Այստեղ երկար զրուցում ենք: Դանիել Երաժիշտն իմ հարցերին պատասխանելիս հաճախ է տարբեր բանաստեղծների ասածները մտաբերում ու մեջբերում: Հարցնում եմ՝ պոեզիայի հանդեպ սերը շատ մեծ է, այո՞: Պատասխանում է՝ ուրիշ ինչպե՞ս, ախր երաժիշտ եմ: Եվ ժպտում է… Զրույցն ավարտելուց հետո նա ինձ ուղեկցում է իր աշխատասենյակ՝ ցույց տալու իր աշխարհը, իր գրքերը, իր համար թանկ նկարներն ու իրերը: Եվ ես, ներշնչվելով տեսածիցս, մտքումս արդեն ասեղնագործում եմ նրա «Կենաց Ծառը»:
Մեր զրույցի լավագույն հատվածները կարդացեք ստորև.


Երբ ես ծնվեցի, Երկրորդ աշխարհամարտն էր ավարտվել՝ մեր հաղթանակով: Հաղթանակի այդ ալիքի, այդ մթնոլորտում է եղել իմ սկիզբ: Սա, հավանաբար, նստվածք է թողել իմ մեջ, ու ես մշտապես ձգտել եմ հաղթանակի, նախ և առաջ` իմ հանդեպ: Մարդը երկրի ու երկնքի արանքում մշտական պայքարի մեջ է՝ ընտրել երկինքն ու ողջ էությամբ ձգտել դրան, թե մնալ հողին կպած: Հաղթանակը դեպի երկինք մղումն ու կատարելագործումն է: Յուրաքանչյուր դրական քայլ հաղթանակ է:

Ծնվել եմ Երևանում, ուշքի եմ եկել Կապանում (ժպտում է,-հեղ.): Մանկությունս հիշում եմ գրեթե չորս տարեկանից սկսած: Հիշում եմ Կապանում գտնվող մեր տունը: Այդ տարիներին Կապանը հանքափորների թշվառ քաղաք էր. թեև պատերազմի ալիքն անմիջապես քաղաքի վրայով չէր անցել, բայց դրա հետևանքով առաջացած ավերածություններն ամենուր էին: Ես սա ինձ վրա անմիջականորեն եմ զգացել՝ մրսելով: Մշտապես ջեռուցման խնդիր կար: Մանկությունս հիշելիս առաջին հերթին ցուրտն եմ մտաբերում… Կապանում նորաստեղծ երաժշտական դպրոցն ավարտելուց հետո մեզ տեղափոխեցին Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոց. այդպես ես անմիջապես հայտնվեցի դրախտում:

Աստված անընդգրկելի է, բանաձևելի չէ, բայց Նրա ներկայությունն զգացել եմ դեռ փոքրուց: Թեև մենք ապրում էինք աթեիզմի, անաստվածության հզոր քարոզչության մեջ, բայց ես զգում էի անհայտի ներկայությունը՝ թաքնված բնության հետևում: Մեր առաջին ուսուցիչը Խուստուփ լեռն էր, հողն ու ծառերն էին մեր ուսուցիչները: Մենք ապրում էինք սարի լանջին, նույն սարի քարերից սարքված տան մեջ: Այդտեղ լսում էի գետի խշխշոցը, զգում էի Խուստուփի առեղծվածային շունչը. ես այնքան փոքր էի, դրանք այնքան մեծ էին: Այսպես իմ մանկական երևակայության մեջ հրաշքի գիտակցություն էր ձևավորվում, որը հակադրվում էր հասարակական կյանքի թշվառությանը: Զգում էի, որ այդ ամենի հետևում կա մի ուժ, բայց չէի գիտակցում՝ ինչ կամ ով է դա: Այս ամենը շարունակվում է անբացատրելի մնալ, բայց Աստծո գոյությունն արդեն հստակ եմ տեսնում... ամենուր՝ ծաղիկների ու հատկապես երաժշտության մեջ:

Երաժշտությունը երկնքի լեզուն է, և դեռ մանկուց, նվագելով Բախ, Մոցարտ, Բրամս, Աստված ինձ հետ է եղել: Իհարկե, Նա միշտ է մեզ հետ, բայց երաժշտության մեջ այդ ներկայությունը շոշափելի է դառնում:

Մի ընկեր ունեի, բանաստեղծություններ էր գրում: Դրանք չէին տպագրվում, ինքն էր արտասանում ժամանակ առ ժամանակ: Ասում էր՝ վեհությունը սովորել եմ Արարատից, սերը սովորել եմ մորիցս, կամքը սովորել եմ հորիցս, իսկ ընկնել ցեխն ու չկեղտոտվել, սովորել եմ իմ ստվերից: Իսկ ես այս ամենը հենց ծնողներիցս եմ սովորել, նրանցից եմ սովորել նաև համբերությունը: Մեր կյանքը սկզբից մինչև վերջ համբերություն է:

Ես աշխարհի ամենահարուստն մարդն եմ, իմ հարստությունն իմ ուսուցիչներն են, բոլոր նրանք, ովքեր երբևէ ինձ են փոխանցել համամարդկային արժեքներ: Դա ինձ հարստացրել է, այնպես, ինչպես տարբեր վտակներ հորդացնում են գետը: Նա, ով ինձ առաջին անգամ երաժշտական դպրոց տարավ, ով առաջինը սովորեցրեց նոտաները… շնորհակալ եմ նրանց բոլորին: Հարստությունս նաև բնությունն է, միշտ կանգուն Արարատը: Մեր կյանքում, ուր կայունությունը գրեթե բացակայում է, Արարատն ամեն օր մեզ կայունություն է սովորեցնում:

Հույս, հավատ ու սեր. ահա այն երեք երևույթները, որոնց վրա հիմնված է իմ կյանքը:

Օրս սկսվում է երախտագիտությամբ: Հաճախ զարմանում եմ, որ այսքանից հետո Արարիչը դեռ համաձայն է, որ ես շարունակեմ կյանքս: Դրա համար եմ շնորհակալության զգացում ունենում, որ արթնացել եմ, որ այսօրն ունեմ: Բայց ինչի՞ համար է տրվել նոր օրը: Փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնն է տեղին նկատել՝ երկար կյանքը մի առավելություն ունի. դու հասցնում ես զգալ քո սխալները: Ես էլ ավելացնեմ՝ ժամանակ ես ունենում զղջալու և ուղղելու դրանք:
Ամեն առավոտ վեր եմ կենում, փորձում եմ նախ նախկին սխալներս ուղղել, ապա նոր սխալներ կատարել (ծիծաղում է,-հեղ.): Եվ այդպես միշտ չէ, որ օրս մաժորով է ավարտվում, հաճախ է մինոր լինում, և դա է ինձ ստիպում ավելի սթափ մտածել վաղվա օրվա մասին: Պիտի համբերություն ունենաս՝ լուսաբացին սպասելու համար: Լավատեսությամբ ու լուսաբացի ակնկալիքով եմ ավարտում օրս:

Ամենամեծ հրաշքը կյանքն է,  և դրա աստվածային դրսևորումը երաժշտությունն է:
 Տիեզերքի հիմքում երաժշտությունն է, տիեզերքը երգում է. ով ականջ ունի, թող լսի:

Հուսահատության պահերին հիշում եմ (ավելի ճիշտ երբեք չեմ մոռանում)`ինչ տանջանքներ է մեզ համար կրել Քրիստոս: Ծիծաղում եմ, որ այդ ամենի համեմատությամբ իմ անձնական շատ մանր խնդիրները կարող են ինձ վրա ներգործություն ունենալ: Այդ գիտակցությունն է օգնում է համբերել ու անել հաջորդ քայլը, շարունակել կյանքը:

Կյանքիս մեծագույն դժվարությունը հաղթահարելիս սովորեցի, որ,  Նիցշեի խոսքով ասած՝ այն, ինչն ինձ չի սպանում, զորացնում է: Մենք դժվարությունները հաղթահարելիս ենք զորանում: Ինձ հաճախ են ասում՝ գործիդ մեջ ինչու՞ առաջ չես գնում, պատասխանում եմ՝ ինչպե՞ս դա անեմ, երբ հոսանքին հակառակ եմ գնում: Բայց ի՞նչ օգուտ կա դրանից՝ նորից հարցնում են նրանք: Ասում եմ՝ տեսեք՝ ինչ մկաններ ունեմ (ժպտում է,-հեղ.): Մեզ հայտնի է, որ եթե ձուկը հոսանքի ուղղությամբ է գնում՝ գնում է մեռնելու…

Մարդը նույնպես սկսում է մահանալ, երբ  լողում է հոսանքի ուղղությամբ:

Կյանքը լիարժեք է, երբ  դու պետք ես ուրիշներին, երբ քո կարիքը կա. այդժամ դու զգում ես ավելորդ չլինելդ: Զգում ես, որ գրանցված ես այս աշխարհում, որ իրավունք ունես ապրելու: Այդպես ես զգում, երբ ուրիշին ես ծառայում:

Թե ծանր է քո ցավը, քեզ վրա վերցրու համայն մարդկության ցավը: Երբ ավելի ծանրն ես վերցնում, ավելի հեշտ է դառնում ցավը տանելը: Այդ է պատճառը, որ հայերն ասում են՝ ցավդ տանեմ: Սա մեծ խորհուրդ ունի՝ կարողանալ վեր կանգնել քո ցավից և տեսնել ու տանել դիմացինիդ ցավը:

Մարդիկ Աստծո ծաղիկներն են:

Աստծուն ամենաշատը մոտ եմ զգում աղոթելիս . փառաբանում ու գոհունակությունս եմ հայտնում, որ ինձ կրկին ապրեցնում է: Մի ամերիկացի պոետ ժամանակին նկատել է, որը հողը, որքան էլ մենք տրորում ու աղտոտում ենք այն, շարունակում է ծաղիկներ պարգևել մեզ: Հողը Աստծուց է սովորել այդպես անել: Որքան էլ մենք սխալական ու մեղավոր լինենք, Աստված շարունակում  է մեզ հնարավորություն տալ ավելի լավը դառնալու: Նա նոր դռներ է բացում մեզ համար՝ ճիշտ սիրող ծնողի պես:

Կյանքիս ամենամեծ ձեռքբերումն  իմ ուսանողներն են, նրանք, ովքեր երբևէ ինչ-որ բան են վերցրել ինձնից: Գիտելիքն այդպիսի հատկություն ունի, եթե ստացար՝ պարտադիր պիտի փոխանցես: Այն, ինչ ժառանգել եմ ուսուցիչներիցս, փոխանցել եմ իմ ուսանողներին և, անշուշտ, զավակներիս: Սա է իմ գլխավոր ձեռքբերումը կյանքում:

Ինձ համար զարմանալի է, որ Արարատը Հայաստանի սահմաններից դուրս է գտնվում:
Երբեք չեմ հաշտվել այս մտքի հետ ու այդպես չհաշտված էլ պիտի գնամ այս աշխարհից, որովհետև դա սխալ է, տիեզերական սխալ: Թուրքերին չի սազում Արարատ ունենալը: Իմ կյանքի մեծագույն կորուստն Արարատն է:

Նարեկացին  է այն մարդն, ում հետ հետ զրուցելու հնարավորություն կուզեի ունենալ:
Նրան իր անձի երկատվածության մասին, իր ներսում եղած հակասությունների, ուրախությունների ու ողբերգության մասին կհարցնեի… Կուզեի նաև Բախին հանդիպել ու խոսել երաժտության գաղտնիքներից: Նա ասում էր՝ ես ոչինչ չեմ անում, պարզապես ժամանակին սեղմում են ճիշտ ստեղնը, մնացածն անում է երգեհոնը: Կուզեի երաժշտության հրաշքից խոսել նրա հետ:

Սիրում եմ մեր բոլոր եկեղեցիները. դրանք բոլորն Աստծո բնակարաններն են… նույնիսկ նրանք, որոնք ավերվել են մեր կողմից, մեր պատճառով:

Քրիստոսից երկու հազար տարի անց,  զարմանալի է, որ ամբողջ մարդկությունը դեռ չի ընդունել քրիստոնեությունը: Մի՞թե այդքան հետամնաց են (ժպտում է,-հեղ.): Վատ աշակերտներ են, պատմությունից դասեր չեն քաղել: Քրիստոնեությունն ամենաշինարար, բարի, ծաղկավետ, ամենագեղեցիկ, տիեզերական կրոնն է, ինչպե՞ս չդավանել: Զարմանում եմ, որ մարդիկ լավը թողած՝ վատով են ապրում:

Դրախտն իմ պատկերացմամբ  Հայաստանն է՝ երկիր դրախտավայն իր Արարատով: Արարատը միայն աշխարհագրորեն է բաժանված մեզնից, միայն փշալարերով, բայց արվեստում ու մեր սրտում փշալարարեր չկան:

Եթե Քրիստոս հիմա գա աշխարհ՝  ինչքան ծաղիկ կա կհավաքեմ, կվազեմ Նրան ընդառաջ (ժպտում է,-հեղ.):

Զրուցեց՝ Ա.Պողոսյանը

  • 2021-12-10
×