«Հիշի՛ր քո Արարչին քո երիտասարդության օրերին» Ժողովող ԺԲ 1

«Հիշի՛ր քո Արարչին քո երիտասարդության օրերին» Ժողովող ԺԲ 1

Հավատքի իմ ճանապարհը

 

Ես Վահան Մարդյանն եմ, Արարատյան Հայրապետական Թեմի Երիտասարդաց հոգևոր խորհրդի, ինչպես նաև Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման (ՀԵՀԵՄ) ատենապետը:

Եթե ասեմ, որ հավատքի ճանապարհով  քայլել եմ ընտանիքիս կամ ընկերներիս հետևելով, սխալ կլինի: Իմ ընտանիքում միայն տատս էր հորդորում, որ քնելուց առաջ «Հայր մեր»-ը ասենք: Առաջին քրիստոնեական դասը ինձ տվել է մեծ եղբայրս մեր մկրտության օրը. «Գիտես չէ՞, սրանից հետո էլ չարություն պիտի չանենք»:  Երբ  տասնհինգ տարեկան էի, կառուցում էին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ես հաճախ էի մտնում մոմ վառելու:  Ժողովրդի մեջ տարածված այն միտքը՝ քանի դեռ մոմդ չի հանգել, եկեղեցուց  դուրս մի արի, ես այլ կերպ էի ընկալում: Այն ինձ համար խորհրդանշական ժամանակ էր. մինչև մոմի հանգելը պետք էր մնալ եկեղեցում՝ Աստծո հետ զրուցելու համար: 17 տարեկանում սկսեցի կարդալ և ուսումնասիրել Սուրբ Գիրքը: Հետո արդեն բանակում՝ ծառայության տարիներին, շփվեցի հավատացյալ  տղաների հետ: Բանակից հետո սկսեցի ավելի շատ կապվել եկեղեցու հետ, գնում էի ժամերգությունների, Էջմիածինում պտտվում հինգ եկեղեցիներով՝ Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանեն, Սբ. Շողակաթը, Սբ. Մարիամ Աստվածածին, հետո գնում էի Մայր Տաճար, ապա նոր միայն վերադառնում Երևան:

Սուրբ Հռիփսիմե եկեղեցում առաջին անգամ հաղորդություն ստացա: Այդ օրը նաև խորհրդանշական մի բան էլ եղավ. ամեն  Սուրբ Պատարագից հետո չէ, որ քահանան ասում է հաջորդ Պատարագի ժամը. այդ մասին բոլորը գիտեն: Այդ օրը կարծես հենց ինձ համար ասաց. «Հաջորդ կիրակի ժամը 11-ին կգաք Սուրբ Պատարագի»:

 

Հետո իմ հավատի կյանքում ես փոքրիկ քայլերով առաջ գնացի: Հաճախ եմ ասում, որ Աստված տարբեր ձևերով խոսում է ինձ հետ: Ինձ Աստվածաշունչ նվիրեցին, լսեցի Սուրբ Հոգուն նվիրված քարոզը՝ Հոգեգալստյան տոնին, Սբ. Գայանե եկեղեցում, ծանոթացա տեր Խորենի հետ, և նա ինձ հարցրեց՝ կցանկանա՞մ Սուրբ Պատարագի ժամանակ բարձրանալ Սուրբ Խորան: Ես ասացի, որ ոչինչ չգիտեմ, իսկ նա վստահ պատասխանեց՝ կսովորես:

Իմ հոգևոր կյանքում շատ կարևոր դերակատարում ունեցող հոգևորականներ կան: Ամեն մեկից մի բան եմ սովորել՝ կազմակերպվածություն, հարցերին հստակ լուծում տալու և սրտերի հետ խոսելու ունակություն: Նրանց շնորհիվ ես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգ ու կանոնի հանդեպ ակնածանք եմ տածում:

 

Ծառայությունը հոգևոր պահանջ

 

Մարդը իր կյանքում պետք է որոշակի պարտականություններ ունենա: Ես երկու երեխաների հայր եմ. դա ծառայություն է, պարտականություն և մեծ լուծ, որը քաղցրությամբ եմ կատարում, և որը իմաստավորում է իմ կյանքը: Վոլտերն ասում էր. «Իմաստավոր չէ այն կյանքը, որը չես ապրում ուրիշների համար»: Քրիստոնեական հավատի մեջ էլ մարդը պետք է ունենա իր իրավունքներն ու պարտականությունները: Աստծո հանդեպ ունեցած պարտականությունները դրանք պարտականություններ են մարդկանց հանդեպ: Ինչպես Հովհաննես առաքյալն է գրում. «Եթե մեկն ասի, թե սիրում է Աստծուն և ատի իր եղբորը, սուտ է խոսում» (Ա Հովհաննես Դ 20):

Եկեղեցու մեջ լինելը այն տաքուկ վիճակն է, որն օգնում է «չհիվանդանալ», պաշտպանվել դրսի «ախտերից»:  Մենք, որքան մարմին ենք, այնքան էլ հոգի ենք և միտք: Դրա համար էլ Երիտասարդաց միության մեջ լինելը ինձ համար կենսական պահանջ է, յուրօրինակ ծառայություն:  Այն իմ կյանքում առանձնահատուկ տեղ ունի: Ես ունեմ հրաշալի շրջապատ՝ սիրո մթնոլորտով, և աճելու ու հոգևոր կյանքում հասունանալու հնարավորություն: Մեր միության կարգախոսներից է աստվածաշնչյան այս պատգամը. «Հիշի՛ր քո Արարչին քո երիտասարդության օրերին» (Ժողովող ԺԲ 1): Հենց այս կարգախոսով էլ անցնում ենք աստվածճանաչողության ճանապարհը:

 

Հոգևորի և աշխարհիկի բալանսը

 

«Կայսրինը կայսեր տվե՛ք, Աստծունը՝ Աստծուն» (Մատթեոս ԻԲ 21): Ես սիրում եմ կյանքը և  փորձում եմ  իմ ազատությամբ և կենսասիրությամբ չանցնեմ այն սահմանը,  որը տանում է մեղանչելուն: Մարմինը դեմ չէ հոգուն, հոգին՝ մարմնին, եթե դու Քրիստոսին քեզ օրինակ ունես: Պողոս առաքյալը հռոմեացիներին ուղղված  թղթի 7-րդ գլխում խոսում է իր հոգևոր և մարմնավոր պատերազմի մասին. «Գիտենք, որ օրենքը հոգևոր է. իսկ ես մարմնավոր եմ՝ մեղքին վաճառված, քանի որ չեմ իմանում, ինչ-որ գործում եմ. ոչ թե այն եմ անում, ինչ-որ ուզում եմ, այլ գործում եմ այն, ինչ-որ ատում եմ, ապա եթե անում եմ այն, ինչ-որ չեմ կամենում, դրանով իսկ վկայում եմ, թե օրենքը բարի է: Իսկ արդ, ե՛ս չէ, որ գործում եմ այն, այլ՝ իմ մեջ բնակվող մեղքը» (Հռոմեացիներ Է 14-19):  8-րդ գլխում արդեն ազատագրում հոգու միջոցով՝ մարմնի մեջ Քրիստոս հաղթեց մեղքին: Այս օրինակով, եթե ուզում ենք հասկանալ մարմի՞նն է կարևոր, թե՞ հոգին, մենք մոլորության մեջ ենք: Որովհետև մենք աշխարհում ապրում ենք այս մարմնով, այս աշխարհի մի մասնիկն ենք: Ես հաճախ եմ ասում, եթե հավատք չունենայի, երևի ամենամեղավոր մարդկանցից մեկը կլինեի, որովհետև հավատքի մեջ լինելը քեզ ստիպում է անդրադառնալ այն ամենին, ինչը հոգուն շահ է բերում:

 

Սկզբունքներ և հավատ

 

Հովհաննես Մկրտչի գլխատման պատմության մեջ թագավորից իր խոստման դիմաց մի բան պահանջեցին, որն ինքը չէր ուզում անել և գիտեր, որ սխալ է: Սակայն իր թագավորական խոսքը պահելու համար նա գլխատեց Հովհաննես Մկրտչին: Սկզբունքայնությունը հրաշալի գիծ է, եթե չես հատում  արդարության և անիրավության սահմանը: Հավատի կյանքում էլ այն իր տեղն ունի: Եթե հավատում ես, պիտի հավատաս առանց երկմտելու: Հակոբոսի թղթում ասվում է. «Ով երկմտի, նման է ծովի հողմակոծ և տարուբերվող ալիքներին» (Հակոբոս Ա 6):

Կարծում եմ՝ կյանքը ձևական ապրելը ամենամեծ մեղքն է: Կյանքը «շնչել» է պետք: Ասում են՝ կյանքը տարիներով չեն չափում, այլ ապրած վայրկյաններով: Հենց այդ վայրկյաններն են Աստծո ներկայությունը: Տեսնել ու գտնել Աստծուն ամենուր. սա է իմ կյանքի հիմնակետը:

 

Պատրաստեց Լուսինե Օհանյանը

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2021-12-10
×