Ապրիլյան այն օրերին, երբ ամեն մեկս զբաղված էինք մեր առօրյայով ու աշխատանքով, շտապում էի հասնել «Տերակոտա» ստուդիա՝ զրուցելու վերջինիս հիմնադիր-ղեկավար Նանա Մանուչարյանի հետ: Ստուդիան բաց է բոլոր նրանց առաջ, ովքեր սիրում ու գնահատում են ձեռագործ աշխատանքն ու արարման մթնոլորտը, ցանկանում են հաղորդակցվել կավին ու ստեղծագործել դրանով: Զրույցի ընթացքում Նանան պատմեց, թե ինչից և ինչպես է սկսել ու ինչով է պայմանավորված ստուդիայի հաջողությունը. «Տարիներ առաջ փոքր տարածք վարձակալեցի ու սկսեցի այնտեղ աշխատել՝ առանց թիմի, մեն-մենակ. վեց աշակերտ ունեի: Դա շատ սիրելի աշխատանք էր ինձ համար: Ես դա չէի անում, որպեսզի ապրելու միջոց ունենամ: Որովհետև զուտ գումար աշխատելու համար ես շատ այլ տարբերակներ ունեի: Հետագայում աշխատանքիս ծավալները մեծացան ու թիմ հավաքվեց: Երբ աշխատանքիդ հիմքում ոչ թե գումար աշխատելու ձգտումն է, այլ սերը՝ գիտելիքդ փոխանցելու, ստեղծագործելու, երեխաներին, մեծերին համախմբելու նկատմամբ, այդ ժամանակ դու ճիշտ ու առողջ վիճակում ես: Իմ թիմի բոլոր անդամներն էլ այս համոզմանն են, և սա է մեր ստուդիայի հաջողության գրավականը»:
«Կենաց Ծառը» նախագծի շրջանակներում Նանա Մանուչարյանը խոսել է նաև այլ՝ իր համար կարևոր նշանակություն ունեցող դիպվածներից, երևույթներից:
Լավագույն հատվածները կարդացեք ստորև.
Երբ ես ծնվեցի, արդեն փլուզվել էին խորհրդային կարգերն, ու ապրելը դժվար էր և՛ ընտանիքիս, և՛ ամբողջ ժողովրդի համար: Բայց մանկությանս վերաբերող հիշողությունները լավն են. այդ տարիներին մենք շատ մոտ էինք բնությանը, հողին, և իմ դեպքում հենց դա էլ հետագայում դեր խաղաց, որպեսզի աշխատանքս կավի, քարերի հետ լինի:
Հինգ քույր ենք. մեր տանը միշտ ուրախ մթնոլորտ է եղել: Մեր ծնողները մեզ շատ ազատ են մեծացրել: Մայրս մեզ շատ տարբեր նյութեր էր տալիս, որպեսզի դրանցով զբաղվենք, ստեղծագործենք. մշտապես նպաստում էր, որ բոլորս ձեռքի աշխատանքով զբաղվենք: Տանն ինչ կար, կարելի էր օգտագործել: Հիշում եմ՝ մոտ հինգ տարեկան էի, երբ համոզեցի մայրիկիս ինչ-որ պատառոտված բան կարել. մինչև այդ մայրս թույլ չէր տալիս ասեղի հետ աշխատել, բայց երբ տեսավ, որ կարողանում եմ ասեղը ճիշտ օգտագործել, ինձ վստահվեցին տան բոլոր մկրատներն ու ասեղները (ծիծաղում է,-հեղ.):
Առանց ընտանիքի մեծացած մարդը լիարժեքության խնդիր ունի, դա մի բաց է, որը շատ դժվարությամբ է լրացվում հետագայում: Ես մեծացել եմ համախմբված ու շատ լիարժեք ընտանիքում: Քույրերով շատ մտերիմ ենք եղել միշտ, և քանի որ մեզնից պակաս կոնֆլիկտայինը ես եմ, միշտ փորձել եմ օղակ ստեղծել մյուսների միջև (ժպտում է,-հեղ.): Մեր ընտանիքում ծնողներիս կողմից շատ հստակ էր դրված կարգապահության, ճշտապահության հարցը, ինչն էլ հետագայում ինձ շատ է օգնել իմ աշխատանքի մեջ: Առանց այս արժեքների չէի հասցնի անել այն ամենը, ինչ հիմա հասցնում եմ անել:
Կավի հետ ծանոթացել եմ 11 տարեկանում: Սկզբում դա արհեստական կավ էր, որը նոր էին ներմուծել Հայաստան. երազում էի դրանից ունենալ: Թեև այն օդի հետ հարաբերվելիս արագ փչանում էր ու որևէ լուրջ բան հնարավոր չէր դրանից պատրաստել, երբ ծննդյանս առթիվ նվեր ստացա, շատ երջանիկ էի և մոտ մեկ տարի աշխատեցի դրանով: Հետո պատահմամբ հայտնվեցի իսկական արվեստանոցում, ծանոթացա իսկական կավի հետ ու դրանից հետո էլ երբեք չբաժանվեցի դրանից (ժպտում է,-հեղ.):
Աստծո հետ իմ կապը շատ հստակ է եղել դեռ մանկուց, թեև մինչև այսօր չեմ կարողանում այդ մեծությունը պատկերացնել կամ խոսքով բացատրել: Բայց որքան ինձ հիշում եմ, զգացել եմ, որ մենակ չեմ, երբեք մենակ չեմ: Երբ երեխա էի, ցանկացած դժվարության մեջ հայտնվելիս հասկանում էի, որ հույսս պիտի Աստծո վրա դնեմ: Հիմա գիտակցորեն խուսափում եմ Աստծուն հիշել միայն դժվար օրերիս կամ ինչ-որ բանի պետք ունենալիս:
Հոգևորությանս հիմքերը մայրս է դրել: Օրվա մեծ մասը նա իր գործերով էր զբաղված լինում, բայց երեկոյան, քնելուց առաջ ավանդույթ ունեինք, մեզ համբուրելուց, ինձ համբուրելուց հետո ասում էր՝ չվախենաս, Աստված քեզ հետ է…
Աշխարհը չափազանց մեծ է թվում, երբ փոքր ես: Մեր տան պատուհաններից լեռնային տեսարան էր բացվում. Արա լեռն ու Արագածը երևում էին միշտ: Դրանք ինձ համար անվերջանալի հրաշք էին: Մենք հաճախ էինք ընտանիքով արշավների գնում. մի օր հայրս ասաց՝ գնում ենք արշավի՝ Արա լեռ: Հենց այդպես, տնից սկսեցինք քայլել դեպի Արա լեռ ու բարձրացանք այն: Եղանք Ծաղկեվանքում: Մանկությանս հրաշքը դա էր՝ տնից հայտնվել սարի գագաթին… Այսօր հրաշք եմ համարում առավոտյան արթնանալն ու պարզելը, որ առողջ ես, որ մտերիմներդ ևս առողջ են արթնացել: Հրաշք եմ համարում քնած բալիկիս նայելը: Հրաշք է հասկանալը, որ շարունակություն ունես…
Իմ ներսում անսպառ էներգիայի աղբյուր կա, որն անընդհատ փորձում է դուրս գալ ստեղծագործության տեսքով: Հենց այդ նույն էներգիան, կարծում եմ, պտտում է նաև Երկիր մոլորակը:
Երբեք չեմ մրցակցում այն մարդկանց հետ, ովքեր ինձ հետ նույն ոլորտում են աշխատում: Ես գնում եմ տարբեր ստուդիաներ, շատ ոգևորվում եմ մյուսների աշխատանքից: Տարբեր արվեստանոցների ու կենտրոնների հետ նաև համագործակցում եմ, որպեսզի միասնական ուժերով կարողանանք ավելին ստեղծել:
Ինձ ամեն ինչ է ներշնչում:
Որպեսզի հաջողես աշխատանքումդ, պիտի շատ այլ մոտիվներ ունենաս, քան պարզապես աշխատելն է: Աշխատանքիդ մեջ սեր պիտի լինի: Երբ որևէ օր ֆիզիկապես ինչ-որ բան չեմ ստեղծում, այդ օրը չեմ կարողանում համարել լիարժեքորեն ապրած:
Կյանքս ամբողջական չէր լինի առանց իմ մտերիմների:
Ինձ համար կարևոր է, որ ես իմ երկրում եմ ապրում: Դա շատ հստակ է ինձ համար. բազմիցս ունեցել եմ Հայաստանը լքելու հնարավորություն և հիմա էլ ունեմ, բայց չեմ կարծում, որ կյանքս լիարժեք կլինի այստեղից դուրս: Նույնիսկ ճամփորդել ամենաշատը տասը օր եմ կարողանում: Իսկ երբ այստեղ եմ, օր չկա, որ չնայեմ Արարատին. Արարատի վրա գցած մի հայացքը բավական է զգալու, որ դու տանն ես (ժպտում է,-հեղ.):
Հուսահատության պահերին փորձում եմ ստեղծված իրավիճակին կողքից նայել, ամփոփել այն ու քննել տարբեր տեսանկյուններից: Փորձում եմ դրանում ինչ-որ լավ բան գտնել՝ հասկանալով, որ որևէ բան պատահական չէ:
Կյանքիս մեծագույն դժվարությունը հաղթահարելիս սովորեցի, որ պետք չէ հուսահատվել, հանձնվել: Միշտ չէ, որ դու հաղթում ես, ու միշտ չէ, որ չհանձնվելդ միայն հաղթելու համար է:
Բայց երբ ունես քո ուղին ու անելիքը, անկախ ամեն ինչից, պիտի անես դա, պիտի առաջ գնաս: Դա է հաղթանակը:
Կյանքի լիարժեք է հիմա, այսօր (ժպտում է,-հեղ.):
Մարդը սկսում է մահանալ, երբ ինքն իրեն չի գտնում, երբ ծուլանում է, երբ ազնիվ չէ ինքն իր հետ և շրջապատող աշխարհի հետ… Մահից չեմ վախենում, հավանաբար, տարիքիցս ելնելով: Բայց փորձում եմ գնահատել կյանքիս յուրաքանչյուր պահը՝ գիտակցելով, որ որևէ վայրկյան չի կրկնվելու այլևս, և իմ ունեցած պահն ամեն մեկին տրված չէ:
Ամեն կորուստ ինձ համար ձեռքբերում է եղել:
Աստծուն ամենաշատը մոտ եմ զգում բնության մեջ: Կարծում եմ՝ դա նույնպես իմ մանկությամբ և բնությանը շատ մոտ լինելով է պայմանավորված:
Աստված քեզ մոտ է, երբ մենակ ես բնության մեջ. դու ես ու քո մի ուսապարկը:
Այդ ժամանակ է մարդը կարողանում հարմոնիկ լինել, խաղաղություն գտնել, ինքն իրեն զգալ: Իսկ երբ ինքդ քեզ զգում ես, զգում ես նաև Աստծուն. Նա քո մեջ է:
Սիրածս եկեղեցին Հաղարծինի վանքն է: Վերջինիս հետ շատ թանկ հիշողություններ ունեմ: Հայրս հերթական ընտանեկան արշավն էր կազմակերպել իմ ու ավագ քրոջս հետ: Մեր վերջին կանգառը Հաղարծինն էր: Մինչ դրան հասնելը քայլել ենք անտառներով, սարերով, գետի հունով... Չեմ հիշում՝ քանի օր այդպես քայլեցինք, բայց մի օր առավոտյան հասանք Հաղարծին: Այդ ժամանակ դեռ վերանորոգված էլ չէր, բայց հիշում եմ զգացողություններս ու տպավորություններս շատ վառ էին:
Դրախտն իմ պատկերացմամբ հենց այն տարածքն է, որով մենք քայլեցին մինչև Հաղարծին հասնելը: Բացարձակ անմարդաբնակ տարածք, չտեսնված գեղեցկություն, չքնաղ անտառներ: Այդ օրվա գեղեցկությունն ու մաքրությունն ունի դրախտը:
Զրուցեց՝ Ա. Պողոսյանը